Տեղի ունեցավ տեսաժողով Պորտուգալիայի հայկական համայնքի հետ

img_9507

Մարտի 20-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում տեղի ունեցավ տեսաժողով Պորտուգալիայի հայկական համայնքի հայ և պորտուգալացի ներկայացուցիչների հետ:

Օրակարգում էին ՀՀ սփյուռքի նախարարության 2017թ. ծրագրերի ներկայացման, սեպտեմբերի 24-29-ը կայանալիք «Երգում ենք Կոմիտաս» համահայկական փառատոնին Պորտուգալիայի հայկական «Կոնսոնանսիա» նվագախմբի մասնակցության հարցերը:

Համայնքի ներկայացուցիչներին ողջունեց ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Նա մասնավորապես նշեց. «Ուրախ եմ, որ Պորտուգալիայի փոքրաթիվ հայությունը համախմբվեց և 2016թ. ստեղծեց «ՊորտուգալիաՀայաստան բարեկամության միություն»-ը, որը փորձում է իր շուրջ համախմբել տեղի հայությանը: Լիսաբոնում գործում է նաև «Գալուստ Գյուլբենկան» հիմնարկության հայկական բաժինը: Հայ մեծանուն բարերար Գալուստ Գյուլբենկյանի անունն արդեն իսկ մեզ ճանաչելի է դարձնում ամբողջ աշխարհում: Մենք պետք է միջոցներ ձեռնարկենք ուծացած հայերին իրենց արմատներին վերադարձնելու ուղղությամբ: Առաջին միջոցը հայ մշակույթի տարածումն է և Հայրենիք այցելությունները»:

ՀՀ սփյուռքի նախարարը «Պորտուգալիա-Հայաստան բարեկամության միությանը» առաջարկեց համագործակցել «Գալուստ Գյուլբենկյան» հիմնարկության, ինչպես նաև եվրոպական այլ երկրների հայ համայնքների հետ՝ հայապահպան համատեղ ծրագրեր իրականացնելու նպատակով:

Նախարար Հրանուշ Հակոբյանն անդրադարձավ նաև Հայաստանում հայ և պորտուգալացի գործարարների կողմից ներդրումներ կատարելու հնարավոր ուղիներին:

Երկուստեք կարևորվեց պորտուգալացի գործարարներին Հայաստանը ճանաչելի դարձնելու հանգամանքը:

Համահայկական ծրագրերի վարչության պետ Գագիկ Գյանջումյանը ներկայացրեց 2017թ. Սփյուռքի նախարարության ծրագրերը:

«Պորտուգալիա-Հայաստան բարեկամության միության» ղեկավար Վահե Մխիթարյանը խոսեց պորտուգալական «Կոնսոնանսիա» նվագախմբի մասին և կարևորեց Հայաստանում այն ճանաչելի դարձնելու հարցը:

«Պորտուգալիա-Հայաստան բարեկամության միության» ղեկավարի տեղակալ Նարինե Դելլալյանը նշեց, որ կառույցը և 1995թ. գործող «Դելալյան տրիո» երաժշտական խումբը զբաղվում են հայկական երաժշտության հանրահռչակմամբ:

«Մեր ընկերակցության հովանու ներքո գործում է «Կոնսոնանսիա» պրոֆեսիոնալ նվագախումբը՝ բաղկացած 12 երաժիշտներից, որոնց մեջ կան թե՛ հայեր և թե՛ պորտուգալացիներ: Ուրախ ենք փաստել, որ 2017թ. «Կոնսոնանսիա» նվագախումբը կմասնակցի Սփյուռքի նախարարության «Երգում ենք Կոմիտաս» համահայկական փառատոնին», – հավելեց Նարինե Դելլալյանը: