Հայ դիզայներները նվաճել են Փարիզը

teqstil

Հայաստանի տեքստիլ ձեռնարկությունները արդիականացնում են աշխատանքը և ընդլայնում սպառման շուկաները։ Երկրում մեկնարկել է թեթև արդյունաբերության մրցունակության բարձրացման ծրագրի երկրորդ փուլը։

Ինչպես նշվում է, զգեստները կարվում են տեքստիլի գործարանում` Վալենտին Յուդաշկինի պատվերով։ Նրան պատկանող Նորաձևության տանը բոլորը տպավորված են հայ դիզայներների զգեստներով։ Այդ հավաքածուն ցուցադրվել է նաև Ֆրանսիայում։

«150 այլ աշխատանքներից Փարիզում ընտրեցին հենց մեր զգեստները։ Ընտրության վրա ազդեց մեր կարի որակը։ Յուրաքանչյուր երկրի համար մենք կարում ենք իրենց ստանդարտներին համապատասխան զգեստներ։ Օրինակ`Ռուսաստան արտահանելու համար կարում ենք կոստյումներ բարձրահասակ տղամարդկանց համար», —  նշել է տեքստիլ արտադրության տնօրեն Լիդա Սարգսյանը։ Ռուսական շուկան հայ արտադրողների համար ամենագրավիչներից է։

Տեքստիլի ձեռնարկություններում վերջին տարիներին տեխնոլոգիական առաջընթաց է գրանցվել։ Աշխատանքների մի մասն ավտոմատացվել է։ Օրինակ` նախկինում լեկալը ձեռքով էին նկարում, հիմա օգնության են եկել համակարգիչները։ Հրաժարվեցին նաև հին պիտակներից։ Հագուստի չափսերն այժմ տպվում են գործվածքի վրա։ «Արդի տեխնոլոգիաները խնայում են մեր ժամանակը, մենք միշտ հետևում ենք համաշխարհային շուկայի տեխնոլոգիական միտումներին։ Դա օգնում է բարձր պահել նշաձողը որակի հարցում և լինել ժամանակին համահունչ», — armeniasputnik.am-ի փոխանցմամբ՝ ՄԻՐ հեռուստաալիքի ռեպորտաժում պատմել է տեքստիլի արտադրության մենեջեր Անի Ավետիսյանը։ Վերջին տարիների ընթացքում երկրում բացվեց թեթև արդյունաբերության հինգ ձեռնարկություն։ Հայաստանում մինչև տարեվերջ կբացվի ևս երկու գործարան` մանածագործարան և կարի։ Արտադրողները խոստանում են ամենաքիչը երկու անգամ մեծացնել պատրաստի արտադրանքի ծավալները։ Նախատեսվում է նաև արտադրանքը Եվրոպա արտահանել։