Մայրենիի և Բարեկենդանի տոները Մինսկի Հայորդյաց մեկօրյա կրթօջախում

3

Փետրվարի 26-ին Մինսկի Հայորդյաց մեկօրյա կրթօջախի ուսուցիչները պատեհ առիթը բաց չեն թողել մեծարելու մեր լեզուն, մշակույթը, կոմիտասյան երաժշտությունը, հայ եկեղեցու ավանդույթները:

Ինչպես «Հայերն այսօր»-ին հայտնում են կրթօջախից, բացման խոսքով հանդես է եկել տիկին Գայանեն, որը ներկայացրել է Մայրենիի անզուգական գեղեցկությունը, նրա անբավ հարստությունը։

Երեկոն հուզառատ է եղել, երբ ռուսախոս երեխաներն են արտասանել հայերեն: Առավել սրտառուչ էր կրթօջախի փոքրիկների ելույթը. նրանք ցուցադրել են «Մայրենիի դաս» բեմականացումը։

Աննա Հակոբյանն ասմունքել է իր հոր՝գրող Անդրանիկ Հակոբյանի «Որդան կարմիր»բանաստեղծությունը։

Միջոցառման երկրորդ մասը նվիրված էր Բարեկենդանին: Տոնի խորհուրդը ներկաներին ներկայացրել է տիկին Զարուհին: Այնուհետև երեխաները ցուցադրել են Բարեկենդանին նվիրված խաղեր, երգեր, հանդիսատեսին առաջադրել հանելուկներ։

Ողջ երեկոյի ընթացքում զգացվում էր թումանյանական շունչը։ Տպավորիչ էր երեխաների բեմադրած «Բարեկենդան» հեքիաթը։ Ավարտին վերջիններս պարել են հայկական ավանդական պարեր՝ Քերծի, Փափուռի:

Վերջում բոլորին սպասում էր հայկական ավանդական կերակրատեսակներով հարուստ տոնական սեղանը:

12 3 4

5