Հանոյում տեղի ունեցավ Հայ-վիետնամական միջկառավարական հանձնաժողովի անդրանիկ նիստը

g_image

Մարտի 17-ին Հանոյում կայացավ Տնտեսական, գիտական և տեխնիկական համագործակցության հարցերով հայ-վիետնամական միջկառավարական հանձնաժողովի առաջին նիստը:

Հայաստանի պատվիրակությունը ղեկավարում էր ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Հովհաննես Ազիզյանը, իսկ վիետնամական կողմից` Վիետնամի արդյունաբերության և առևտրի նախարարի տեղակալ` Հոանգ Քուոկ Վուոնգը, ովքեր նաև հանձնաժողովի համանախագահներն են։

Նիստի ընթացքում քննարկվեցին երկու երկրների միջև առևտրատնտեսական, գյուղատնտեսության, տրանսպորտի, մշակույթի, զբոսաշրջության, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ:

Քննարկումների արդյունքում ստորագրվեց նիստի արձանագրությունը, որում ըստ ոլորտների սահմանվեցին առկա համագործակցության զարգացման ուղղությամբ անհրաժեշտ հետագա քայլերը:

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Հովհաննես Ազիզյանը և ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Ներսես Տեր-Վարդանյանն այցի ընթացքում նաև հանդիպումներ ունեցան Վիետնամի իրենց պաշտոնակիցների հետ։

Հովհաննես Ազիզյանը Վիետնամի արդյունաբերության և առևտրի նախարարի տեղակալ Հոանգ Քուոկ Վուոնգի հետ ունեցած հանդիպման ընթացքում քննարկեց հայկական ապրանքատեսակների արտահանման հնարավորությունները և ԵԱՏՄ-Վիետնամ Ազատ առևտրի համաձայնագրին առնչվող հարցեր։

Ներսես Տեր-Վարդանյանի և Վիետնամի մշակույթի, սպորտի և զբոսաշրջության նախարարի տեղակալ Վուոնգ Դույ Բիենի հանդիպման ընթացքում քննարկվեցին երկու երկրների դիվանագիտական հարաբերությունների 25-ամյակին նվիրված մշակութային միջոցառումների և փոխադարձ մշակութային օրերի անցկացման ծրագրեր:

Միջկառավարական հանձնաժողովի հաջորդ նիստը կկայանա 2019 թվականին Երևանում: