«13 սնդուկների հիշողությունը». ֆիլմ Ցեղասպանությունից փրկված հայկական ժառանգության մասին

%d6%86%d5%ab%d5%ac%d5%b4

Փետրվարի 27-ին Պլովդիվում տեղի է ունեցել «13 սնդուկների հիշողությունը» պատմական-վավերագրական ֆիլմի առաջնախաղը, որը նկարահանվել է Հայկական մշակութային և տեղեկատվական կենտրոնի աջակցությամբ: Առաջնախաղին ներկա են եղել Պլովդիվում ՀՀ պատվավոր հյուպատոս Եղիազար Ուզունյանը, համայնքի անդամներ, բազմաթիվ հյուրեր:

«Ֆիլմը պատմում է այն հայերի մասին, որոնք Ցեղասպանությունից հետո կարողացան ողջ մնալ և Մարմարա ծովի ափին թողնելով իրենց ծննդավայրը՝ 1922 թվականին հաստատվեցին Բուլղարիայում: Նրանք Ռոդոսթո քաղաքից իրենց հետ բերեցին ո´չ թե իրենց անձնական իրերն ու հարստությունը, այլ կարողացան մոռացումից ու ոչնչացումից փրկել եկեղեցական սրբությունները: Ռոդոսթո քաղաքի Սուրբ Թագավոր եկեղեցում պահվող իրենց նախնիների պատրաստած ամենագեղեցիկ և ամենաթանկ սրբությունները կարողացան 13 սունդուկներով տեղափոխել Պլովդիվ, որոնք այսօր պահպանվում են քաղաքի Սուրբ Գևորգ եկեղեցու թանգարանում»,- «Հայերն այսօր»-ի հետ զրույցում ասաց Պլովդիվում Հայաստանի պատվավոր հյուպատոսի մշակութային հարցերով խորհրդական Աղավնի Գևորգյանը և հավելեց, որ ֆիլմը պատմություն է՝ Բուլղարիայում բնակություն հաստատած իրենց նախնիների, Հայոց ցեղասպանության, 100 և ավելի տարիներ ձգվող ցավի մասին:

«Ֆիլմի նկարահանումներին մասնակցած մարդիկ սիրով համաձայնեցին իրենց սրտերը բացել և պատմել մեր պատմության մի էջը փաստող դեպքեր, իրադարձություններ, որոնք մենք կկարողանանք փոխանցել մեր սերունդներին: Ֆիլմը նաև յուրատեսակ պատգամ է այն մասին, որ հայերը կան ու կլինեն ո´չ միայն, որ շատ իմաստուն են, տաղանդավոր, այլ նաև նրա համար, որ խորունկ արմատներ ունեն հողի մեջ ձգված, հազարամյա արմատներ, որոնք իրար փաթաթված՝ մխրճվել են երկրագնդի սրտի մեջ»,- նշեց Աղավնի Գևորգյանը:

Պլովդիվում Հայաստանի պատվավոր հյուպատոսի մշակութային հարցերով խորհրդականն իր խոսքում ընդգծեց, որ պլովդիվահայ համայնքն իր խորին շնորհակալությունն է հայտնում ֆիլմի ռեժիսոր և սցենարիստ Ցվետան Սիմեոնովին, բուլղարացի, որը կարողացավ տեսնել հայի սրտի ցավն ու հպարտությունը, կարողացավ անկեղծորեն խոսել Հայոց ցեղասպանության, մեր վշտի, մեր հպարտության մասին:

Ֆիլմը ցուցադրվելու է Բուլղարիայի տարբեր քաղաքների հայկական համայնքներում:

«Սա Պլովդիվի հայկական համայնքի նկարահանած 3-րդ ֆիլմն է: 2016 մայիսին Բուլղարիայի հանրային հեռուստատեսությամբ ցուցադրված ֆիլմի ընթացքում մենք պատմել ենք համայնքի երաժիշտների, դերասանների, արվեստագետների մասին, որոնցով մենք շատ հպարտանում ենք: Երկրորդ ֆիլմը հայկական ավանդական ուտեստների մասին էր: Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին նվիրված ֆիլմը՝ «13 սնդուկների հիշողությունը», նվիրում ենք մեր համայնքին և մեր ազգին: Իսկ մեզ մնում է՝ հիշել և չմոռանալ մեր պատմությունը»,-նշեց Աղավնի Գևորգյանը:

%d6%86%d5%ab%d5%ac%d5%b42%d6%86%d5%ab%d5%ac%d5%b43%d6%86%d5%ab%d5%ac%d5%b44%d6%86%d5%ab%d5%ac%d5%b45 %d6%86%d5%ab%d5%ac%d5%b46%d6%86%d5%ab%d5%ac%d5%b41