Հայուհին Վալենսիայի սիրելի տոնի թագուհի

%d5%af%d5%a5%d5%af%d5%a5%d5%ac1

Ըստ կաթոլիկ օրացույցի՝ մարտի 19-ը նշվում է որպես Սուրբ Իոսիֆի (San José) օր: Իսպանացի ատաղձագործները համարում են նրան իրենց հովանավորը և յուրահատուկ կերպով նշում այս տոնը: Բացի այդ, Սան Խոսեն նաև համարվում է հայրերի օր և բավականին հայտնի է ամբողջ երկրում: Բայց այն վայրը, որտեղ անհամբերությամբ են սպասում տոնին և առանձնակի պատրաստությամբ մոտենում նրա մեկնարկին, իհարկե, Վալենսիան է: Այստեղ շտապում են մարդիկ Իսպանիայի բոլոր ծայրերից, իսկ վերջին տարիներին ժամանում են նաև մեծաթիվ օտարերկրացիներ: Միջոցառումները, ըստ էության, սկսվում են գարնան առաջին օրվանից, և սա այն դեպքում, երբ պատրաստությունները ընթանում են ամբողջ տարվա կտրվածքով:

Սա 19-րդ դարում ապրող մի անհայտ հյուսնի ոչնչով աչքի չընկնող պատմությունն է, որի բովանդակությունը շատ նման է Պապա Կառլոյի հանրահայտ հեքիաթին, երբ անպիտան մի փայտակտորից ստեղծվեց բոլորի կողմից սիրված Բուրատինոն: Եվ ահա, ինչպես պատմում է տեղի լեգենդը, 12 ամսվա ընթացքում հավաքված փայտի թափոններին նայելիս, ինչն ընդունված էր այրել մարտի 19-ի լույս 20-ի գիշերը, վալենսիական վարպետներից մեկի հայացքը կանգ առավ մի ծղանի վրա, որը նրան ինչ-որ բան հիշեցրեց, և հետևելով սեփական երևակայության ձայնին՝ նա դրանից չափազանց զվարճալի կերպար ստացավ և այնուհետ այն իր իսկ բակում ցուցադրեց բոլորին:

Այցելուների և պատահական անցորդների մոտ ստացված կերպարը աներկբա ժպիտ է առաջացրել, որը շատ դեպքերում վերածվել է բարձր քրքիջի: Ատաղձագործները ուրախ մարդիկ են: Նրանցից մեկը գտել է ինչ-որ ցնցոտի, հագցրել իր նինոտին (նինոտ վալենսիացիները ասում են տիկնիկին) և անզսպելի ուրախություն ապրել իր փոքրիկով: Բոլորը, ովքեր կարող էին, մարտի 19-ին հավաքվում էին իրենց համաքաղաքացու բակում, որպեսզի ականատես լինեին, թե ինչպես է կրակներին հանձնվում փայտե ծիծաղելի մարդուկը:

Ենթադրվում է, որ հենց այդ ժամանակներից սկսվեց տարեց տարի շարունակական բնույթ կրող և մեր ժամանակներ հասածավանդույթը՝ Fallas-ը, որը տեղի բնակիչների մեկնությամբ թարգմանվում է որպես ջահ: Ծիծաղելի մարդուկին փոխարինելու եկան փոքր, մեծ և պարզապես հսկայական չափերի հասնող կոմպոզիցիաներ, որոնք տոնակատարության ընթացքում առկա են լինում քաղաքի յուրաքանչյուր փողոցում: Այստեղ ցանկացած բնակելի շենք ունի Ֆայայի տունը իրեն հատուկ ներկայացուցչությամբ, միջոցառման անցկացման պատասխանատուներով և կազմակերպիչներով, որոնց թվում նաև այն հարևաններն են, ովքեր տարվա ընթացքում իրենց ուժերի ներածին չափով նյութական օգնություն են ցուցաբերում: Նրանց միասնական ջանքերով 20 օրվա ընթացքում Վալենսիան վերածվում է մի կախարդական վայրի, որտեղ անհայտ է ինչպես և որտեղից, կարծես սնկերը անձրևից հետո, հանկարծ մեկ գիշերվա ընթացքում կառուցվում են ամենատարբեր և հնարավոր գույների և չափերի մոնումենտներ: Ուր էլ հայացքդ ընկնի, աչք են ծակում մի քանի մետր երկարությամբ հսկայական ֆիգուրները, նրանց կողքին նաև այլ, դպրոցական հասակի փայտաշեն մարդուկներ: Նրանց միջև՝ հենց փողոցի մեջտեղում, բացվում են վրանները: Պետք է միայն պատկերացնել մոտավոր 250 վրանները, որպեսզի հասկանալ, թե ինչպես է քաղաքի 250 մասերում պրակտիկորեն պարալիզացվում տրանսպորտային երթևեկությունը, և սա իր հերթին ստեղծում է որոշ դժվարություններ վարորդների համար: Նմանատիպ իրադրությունում նույնիսկ ամենամոլի ավտոսիրողնորը կամա թե ակամա ստիպված են օգտվել մետրոյից, որը կայարանից կայարան հասնում է 10-15 րոպեում և այդ օրերին լինում է լեփ-լեցուն: Ի դեպ՝ այս հանգամանքը այդքան էլ չի վախեցնում վալենսիացիներին: Մի շարք հարցեր, օրինակ, ավելի էական բնույթ են կրում բնապահպանների համար, ինչպես օրինակ շատ հզոր լուսավորման խնդիրը կամ ուժեղ աղմուկը, որը ամենօրյա բնույթ է կրում հրավառային տեխնիկայի պատճառով:

Արդեն ինքնին գիշերային Վալենսիան հազարավոր վառվռուն կրակներով մի հիասքանչ ներկայացում է: Այս ամենին գումարվում են նաև հավելյալ քանակությամբ և ավելի մեծ հզորությամբ լամպերը, իսկ արդյունքում ստացվում է մի աներևակայելի շքեղ հրաշք, որը պետք է տեսնել գեթ մեկ անգամ: Եվ ահա հենց այսպիսի լուսավորության պարագայում այդ նույն հեքիաթային-կատակերգական կերպարները, որոնց մասին խոսք գնաց վերևում, ներկայանում են միանգամայն այլ ձևով, քան կլինեին ցերեկային լույսի ներքո: Հենց այդ իսկ պատճառով մարդիկ նախընտրում են նրանց տեսնելու գնալ մթնշաղը պատելուն պես:

Ու՞մ կամ ի՞նչ են պատկերում վարպետները իրենց կոմպոզիցիաներում: Ի դեմս նինոտների՝ իրենց աշխատանքների միջոցով նրանք ջանում են փոխանցել նշանակալի այն իրադարձությունների պատկերները, որոնք տեղի են ունեցել նախորդ տարվա ընթացքում: Եվ դրանք կարող են լինել ինչպես հեքիաթային հերոսները ժամանակակից մեկնաբանությամբ, այնպես էլ սեփական երևակայության պտուղները, որոնք ստանում են որոշակի ձև և կերպար՝ համեմված հումորի անմանացորդ չափաբաժնով: Թեմաները կարող են վերաբերել ամենին՝ սկսած տեղակական ինքնակառավարման մարմինների ընտրություններից, վերջացրած երկրագնդի տարբեր անկյուններում ընթացող պատերազմներով, տնտեսական ճգնաժամից մինչև նորագույն տեխնոլոգիաներ: Այդ իմաստով ամենահայտնի ֆիգուրներից մեկը համարվում է Վալենսիայի քաղաքապետ Ռիտա Բարբերան, ով ողջ Իսպանիայում բացառիկ ռեկորդակիր է՝ 5 անգամ անընդմեջ վերընտրվելով իր պաշտոինին: Այսպես հերթական ընտրությունից առաջ նա ինքն է դուրս եկել հրապարակ և առանց ավելորդ բարդույթների ներկաներին բաժանել փոքրիկ թաշկինակներ իր իսկ ծաղրանկարով: Ինքնագովա՞զդ: Ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչները ևս ձեռքները ծալած չէին նստել. պատրաստել էին բազմաթիվ բուտերբրոդներ, փոխադրել էին իրենց վրաններ անսահմանափակ քանակությամբ գարեջուր… Զվարճանալ, ուրեմն զվարճանալ… Ամբողջ ժողովրդին, որպեսզի տոնը իսկապես տոն լինի:

Այս ամենը պատմելով՝ մենք ոչինչ ասած չէինք լինի, եթե լռեինք գեղեցիկ սեռի ներկայացուցիչների մասին, առանց որոնց Ֆայայի միջոցառումը իմաստ չէր կրի: Ըստ էության՝ հենց նրանք են համարվում գլխավոր դեմքերը այն ամենի, ինչ կատարվում է շուրջբոլորը մարտյան այս օրերին: Հպարտ բարձրացրած գլխով և անփոփոխ ժպիտով, ազգային տարազները հագած՝ գալիս են նրանք՝ Վալենսիայի փողոցներում համապատախան տպավորություն գործելով մարդկանց վրա: Ի դեպ՝ այդ հագուստները կրելը թանկ հաճույք է, քանի որ նրանց վրա առկա յուրաքանչյուր դետալ ձեռագործ է: Զգեստը հատուկ փայլ է ստանում ժանյակների, տարբեր գույների և երանգներինախշերի, վերից վար գնացող ոսկյա կարերի, կեղծամների և կոշիկների շնորհիվ: Իրոք, տեսնելու շատ բան կա: Ինչ-որ մեկը իր իր կարծիքն է հայտնում տեղի ավանդույթների գիտակներից մեկին՝ ասելով, որ Սան Խոսեի տոնախմբությունը, ինչպես հայտնի է, նշվում է որպես հայրերի օր, սակայն կարծես թե՝ գլխավոր դերում, միևնույն է, դարձյալ կանայք են: «Ինչպե՞ս սա հասկանալ»: «Այդպես մի՛ ասա,-նկատում է զրուցակիցը,- Այս դեպքում առաջինը եղել և մնում են տղամարդիկ: Ամբողջակական համոզչականության համար մեկ փաստ բերեմ. այս ավանդույթի ստեղծման օրից մինչ հիմա չի արձանագրվել գեթ մի դեպք, որ հանձնաժողովի նախագահը կին լինի: Միայն տղամարդիկ»: «Այդ դեպքու՞մ»: «Դժվար հասկանալի ոչինչ չկա. մենք ինքներս ենք հպարտությամբ առաջ մղում մեր կանանց: Նայեք և հիացեք, ահա նրանք՝ մեր վալենսիուհիները, մեր գեղեցկուհիները, հրաշքները: Իսկ մենք ծափահարում ենք: Մեզ հետ միասին, տեսնելով մեր վերաբերմունքը՝ հիանում են նաև միանգամայն օտար մարդիկ: Սակայն այդ կանանց թիկունքում մենք ենք, գնում ենք նրանց հետևից: Եվ մյուսները չպետք է մոռանան այդ մասին»:

Իսկ ահա տպավորություն է… որ Վալենսիան, ամեն դեպքում, կանանց քաղաք է: Սրա հետ կապված հիշվող էր մեր առաջին այցը Վալենսիա, և այդ ժամանակ դեռ փոքրիկ Նարեկի հարցը.«Իսկ Վալենսիայի մազերը երկա՞ր են, թե՞ կարճ»: Քաղաքի անվանումը երեխայի մոտ նույնացվել էր ինչ-որ կնոջ անվան հետ: Երկար են Վալենսիայի մազերը՝ խնամքով հյուսված:

Եթե բոլոր տարաբնույթ կոմպոզիցիաները ստեղծում են ոսկե քաղաքի տպավորություն, ապա կանայք այդ ֆոնին իսկապես նմանվում են իրական թագուհիների իրենց շքախմբով՝ ընդգծելով ինչ-որ ցնորքային աշխարհում գտնվելու զգացողությունը: Քանի՞ կին է այստեղ: Ութ հարյու՞ր: Միանգամայն հավանական է կամ մի փոքր ավելի: Նրանց ուղիղ կեսի 14 տարին դեռ չի բոլորել, իսկ մյուսներն արդեն չափահաս տարիքի են: Եվ… ինչպես թե, արքայադուստրեր առանց արքայազների՞: Այսպես, նրանք նույնպես ներկա են: Մեր օրերում նրանց բերում են կենտրոնական հրապարակ շքեղ մեքենաներով, որպեսզի մի քանի րոպե անց նրանք հայտվեն «իրենց ուղեկցող դեմքեր հետ» քաղաքապետարանի մոտ հավաքված ժողովրդի առջև: Պատշգամբում իրական արքան է, վալենսիական համայնքի նախագահը և իշխանության այլ ներկայացուցիչներ: Սակայն նրանցից ոչ մեկը, բացի ամենագլխավոր ֆայերից, իրավունք չունի կարգադրումներ անել պլանավորված այցերի, ամենօրյա հրավառության և մնացած այլ միջոցառումների վերաբերյալ:

2005 թվականին տոնի ողջ պատմության մեջ առաջին անգամ տոնի ամենագլխավոր ֆայերա դարձավ ազգությամբ ոչ իսպանացի մի աղջիկ: Դա համընդհանուր ցնծություն էր Իսպանիայում ապրող մեր ազգակիցների համար, երբ պաշտոնապես հայտարարեցին նրա անունը՝ Գեգել (Կեկել) Մազմանյան: Քաղաքում հայտնի բժիշկ-մաշկաբան Անդրանիկ Մազմանյանի աղջիկը, հայուհի, երիտասարդ գեղեցկուհի Կեկելն այդ ժամանակ իրավաբանական ֆակուլտետի ուսանողուհի էր: Մենք հպարտությամբ էինք նայում նրան այդժամյա արքա Ֆլիպ չորրորդի, նախկին վարչապետ Ռախոյայի և այլոց կողքին: Նրան տվեցինք Հայաստանին առնչվող հարցեր, և նա ասաց, որ դեռ չի հասցրել լինել իր նախնիների հայրենիքում, սակայն պլանավորում է դա անել: Երբ մամուլի միջազգային ակումբը որոշեց հետմահու մրցանակ հանձնել Հրանտ Դինքին, հենց Կ. Մազմանյանին հանձնարարվեց այդ փաստաթուղթը փոխանցել լրագրողի այրի Ռաքել Դինքին: Իսկ մրցանակը հանձնեցին այնժամյա փոխվարչապետ Մարիս Թերեզա դե լա Վեգան և բանաստեղծուհի Ալիսա Կիրակոսյանը:

Հետագայում սենսացիա դարձավ վալենսիացիներից մեկի աշխատանքը՝ նինոտ՝ Կեկելի դեմքով (այդ ժամանակ նա արդեն գլխավոր Ֆայերա չէր), ինչը չէր եղել տոնի ողջ պատմության մեջ: Ի պատասխան հարցին՝ ինչը նրան դրդեց այդ քայլին, նկարիչն ասաց. «Նրա անսովոր ժպիտը»:

Վերադառնալով հրավառությանն և ֆայերվերկներին (գերմ.՝ Feuer՝ կրակ և  Werk՝ գործ, աշխատանք)՝ պետք է նկատել, որ դրանք իրենց գույներով և ձևերով այդքան անզուգական գեղեցիկ են գիշերային երկնքի տակ, իսկ ահա նրանց գոյությունը ցերեկվա ժամը 2-ին բոլորովին անիմաստ է թվում: Որքան էլ զարմանալի է, ցերեկային հրավառությունը տեղի է ունենում մարտի 1-19-ը ընկած ժամանակահատվածում ամեն օր: Պետք է գոնե մեկ անգամ տեսնել, թե ինչպիսի հուզմունքով, նույնիսկ սրճարաններում նստած՝ այցելուները վազում են փողոց՝ շրջվելով այն ուղղությամբ, որտեղ կատարվում է հրավառությունը: Իսպանացիներին հատուկ հուզականությամբ՝ բոլորը ուժգին ծափահարում են: Կտավի ամբողջականության համար «ա-լյա իսպանյոլա» ոճով չի բավականացնում միայն սովորական «օլեն»: Սրան փոխարինում է այլ ժեստ: Հրապարակում գտնվողները շտապում են անձամբ սեղմել տեխնիկական գծով գլխավոր մասնագետի ձեռքը՝ ի նշան երախտագիտության և հավանության: Վերադառնալով մեր հարցին՝ հետաքրքիր է իմանալ՝ ինչ է նրանց տալիս ցերեկային հրավառությունը:  Եթե իմի բերենք վալենսիացիների մեկնաբանությունները, ապա ստացվում է հետևյալը. նրանց համար  ցերեկային հրավառությունը նշանակալի է նախևառաջ… հոտով, ծխի ամպով, որը պատում է ողջ հրապարակը, և այսպիսի աղմուկով: Թվում է՝ ահա-ահա կպայթեն թմբկաթաղանթները: Ժամանակի ընթացքում բնակիչների մի մասը սկսեցին բողոքել, սակայն ավանդույթի դեմ չես պայքարի, մանավանդ որ այն բերում է ոչ փոքր շահույթ:

Ուրեմն նշանակում է՝ ֆայերվերկները շարունակվում են նույն ոգով և առանց սահմանափակման: Առաջվա նման գետի նման հոսում են գարեջուրն ու գինին: Ուղիղ փողոցի մեջտեղում հսկայական կրակն է, որի վրա պատրաստվում է վալենսիական հանրահայտ պաելյան:

Եվ մինչ պատրաստվում է պաելյան, հանդիսավոր և դանդաղ բոլորը ուղղություն են վերցնում դեպի Մայր տաճար: Ինչ-որ աներևակայելի բան է կատարվում շուրջբոլորը: Աներևակայելի, քանզի սկզբում մեկի, ապա երկրորդի, երրորդի և այսպես մյուսների աչքերին արցունքներ են հայտնվում: Տաճարի բակում յուրաքանչյուր մասնակցի բերած ծաղիկներից հենց հանդիսատեսի աչքի առաջ ծաղկահյուսվում է Սուրբ Աստվածածնի զգեստը:

Վերջնական ակորդը տրվում է մարտի 19-ի կեսգիշերին, երբ կրակի ճիրաններին է հանձնվում այն ամենը, ինչ ստեղծվել էր այդչափ դժվարությամբ, երևակայությամբ և սիրով: Վառվում են բոլոր մոնումոնտնորը, բացառությամբ այն մեկի, որը լավագույնն է համարվել հանձնաժողովի կողմից: Այն տեղափոխում են մի քանի տարի առաջ կառուցված Ֆայայի թանգարան՝ նախօրոք ենթարկվելովապամոնտաժման, քանի որ կոմպոզիցիաները ամբողջ հասակով հնարավոր չէ մտցնլ թանգարան: Ի դեպ՝ էականը դա չէ, այլ հոգու այն դատարկությունը, որը գիտակցում են բոլոր հավաքվածները. արդեն առավոտյան կախարդական մթնոլորտին դարձյալ փոխարինելու կգա սովորական առօրյան: Ինչը, ըստ էության, բացի տխրությունից ոչինչ չի առաջացնում:

Արթուր Ղուկասյան

Ռուսերենից թարգմանեց՝ Ամալյա Կարապետյանը

%d5%af%d5%a5%d5%af%d5%a5%d5%ac4%d5%af%d5%a5%d5%af%d5%a5%d5%ac %d5%af%d5%a5%d5%af%d5%a5%d5%ac5%d5%af%d5%a5%d5%af%d5%a5%d5%ac2fallas2