Հայաստանը մասնակցեց Հռոմում անցկացվող Ֆրանկոֆոնիայի ֆիլմերի փառատոնին

g_image

Այս տարի Հայաստանն առաջին անգամ մասնակցեց Հռոմում անցկացվող Ֆրանկոֆոնիայի ֆիլմերի 8-րդ փառատոնին՝ ռեժիսոր Արամ Շահբազյանի «Մոսկվիչ, իմ սեր» գեղարվեստական ֆիլմով:

Ֆիլմի ցուցադրման հետ կապված կազմակերպչական աշխատանքներին իր աջակցությունն էր բերել Իտալիայում Հայաստանի դեսպանությունը՝ ՀՀ մշակույթի նախարարության հետ համագործակցությամբ:

Մարտի 16-ին Հռոմի «Ֆրանսիական ինստիտուտ-Սեն Լուիզ կենտրոնի» սրահում ունեցած միջոցառման ընթացքում ողջույնի խոսքով հանդես եկան Ինստիտուտի տնօրեն Օլիվիե Ժակոն և Իտալիայում Հայաստանի դեսպան Վիկտորիա Բաղդասարյանը:

Օլիվիե Ժակոն, ողջունելով ներկաներին, իր ուրախությունը հայտնեց փառատոնին առաջին անգամ Հայաստանի մասնակցության համար՝ մաղթելով շարունակականություն:

Դեսպան Բաղդասարյանն էլ իր հերթին բարձր գնահատեց Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության դերը միջմշակութային երկխոսության և համամարդկային արժեքների ամրապնդման գործում:

Հայաստանի դեսպանը ներկաներին տեղեկացրեց Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 2018թ. գագաթաժողովը Հայաստանում անցկացնելու մասին:

Դեսպան Վիկտորիա Բաղդասարյանը նաև խոսեց Հայաստանից ներկայացված ֆիլմի մաիսն՝ այն բնութագրելով որպես մարդկային երազանքների ու իրականության, անցյալի ու ներկայի բախում: