Նիդերլանդների դատարանը «Ղարաբաղը լինելու է հայերի գերեզմանը» արտահայտության հեղինակի համար խիստ պատիժ է սահմանել  

rechtbankalmelo

Մարտի 17-ին հրապարակվեց Հոլանդիայում հայերի նկատմամբ զանգվածային բռնությունների կոչ արած և «Ղարաբաղը լինելու է հայերի գերեզմանը» արտահայտության հեղինակ, Հաագայի թուրք-ադրբեջանական մշակութային միության նախագահ Իլհամ Աշկինի դատավճիռը:

Ինչպես «Հայերն այսօր»-ի հետ զրույցում նշեց ՀՅԴ Նիդերլանդների Հայ դատի հանձնախմբի նախագահ Մասիս Աբրահամյանը, դատարանը Իլհամ Աշկինին դատապարտել է 120 ժամ հարկադիր աշխատանքի և մեկ ամիս բանտարկության՝ երկու տարի պայմանական ժամկետով, ինչը նշանակում է, որ եթե վերջինս այդ ուղղությամբ կրկին սխալ թույլ տա, ապա անպայման պատիժը կկրի:

«Դատարանը ավելի խիստ պատիժ սահմանեց, քան պահանջում էր դատախազությունը՝ հարկադիր աշխատանքային 80 ժամ և պայմանական երկու շաբաթ բանտարկություն: Սա ավելին է, քան մենք կարող էինք սպասել: Դատարանը հաշվի է առել, հավանաբար, նաև այն հանգամանքը, որ դատավարության ընթացքում Աշկինը մի քանի անգամ հայտարարեց, որ չի զղջում իր արարքի համար»,- «Հայերն այսօր»-ի հետ զրույցում ասաց Մասիս Աբրահամյանը և հավելեց, որ Նիդերլանդներում դատարանի վճիռը օրենքի ուժ է ստանում, և այսուհետ եթե որևէ մեկը նմանօրինակ արտահայտություն անի՝ կարող է բանտարկվել:

«Այս դատավճիռը կարող է օրինակ ծառայել բոլոր այն երկրներում ապրող հայերի համար, որտեղ օրենքի գերակայություն կա: Նրանք կարող են հետամուտ լինել, որպեսզի նմանօրինակ կոչերի ու արտահայտությունների հեղինակներն անպատիժ չմնան ու անպայման կանգնեն դատարանի առաջ: Նմանօրինակ հաղթանակներով մենք  կարող ենք հասնել մեր մեծ նպատակին՝ Հայոց ցեղասպանության ճանաչում և դատապարտում, Արցախի Հանրապետության ճանաչում: Այս ամենը փաստում են, որ Հայ դատի պայքարը առօրյա, ամենօրյա աշխատանք է»,- ասաց Մասիս Աբրահամյանը:

Նշենք նաև, որ դատավճռի հրապարակմանը ներկա են եղել Նիդերլանդների Հայ դատի հանձնախմբից Մասիս Պողոսյանը և Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիայի  (FAON) նախագահ Մաթո Հախվերդյանը:

Հավելենք, որ  2014 թվականի հունիսի 1-ին Ալմելոյում տեղի էր ունեցել Ալմելոյի Հայ առաքելական եկեղեցու տարածքում տեղադրված Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրի դեմ ուղղված հանրահավաք, որին հիմնականում մասնակցել են թուրքեր։ Հանրահավաքի ժամանակ Հաագայի թուրքադրբեջանական մշակութային միության նախագահ Իլհամ Աշկինը հայտարարել էր, որ «Ղարաբաղը լինելու է հայերի գերեզմանը»:

Հոլանդահայ կազմակերպությունները, մասնավորապես՝ Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիան (FAON) և Հոլանդիայի Հայ դատի հանձնախումբը, բողոք էին ներկայացրել հանրահավաքի ընթացքում կատարված հակահայ հայտարարությունների դեմ:

Մարտի 3-ին Հոլանդիայի Ալմելո քաղաքում տեղի էր ունեցել Հաագայի թուրքադրբեջանական մշակութային միության նախագահ Իլհամ Աշկինի դատավարությունը։

%d5%b6%d5%af%d5%a1%d6%80

Ձախից՝ Մաթո Հախվերդյան, աջից՝ հայկական կողմի փաստաբան Ռիչարդ Կորվեր, աջից երկրորդը՝ Մասիս Աբրահամյան

dacjd-abrahamian-1024x678