Շվեդահայ համայնքը Հայաստանում շարունակում է բարեգործական ծրագրեր իրականացնել

%d5%b7%d5%be%d5%a5%d5%a4%d5%ab%d5%a1

Շվեդիայում 2016 թվականից գործող «Շտապ օգնություն, Հայաստա՛ն» բարեգործական կազմակերպության ատենապետ Լորանս Շառոյանն ու փոխատենապետ Կարեն Հարությունյանը կրկին Հայաստանում են՝ Շվեդիայի հայ համայնքի կողմից հավաքված գումարով տարատեսակ օգնություն ցուցաբերելու Հայաստանի և Արցախի գյուղերում բնակվող սոցիալապես անապահով ընտանիքներին: Նրանց է միացել նաև կազմակերպության խորհրդի անդամ Ջուել Հովհաննիսյանը:

Ծրագիրը մեկնարկել է նախորդ տարվա գարնանը: Լորանս Շառոյանն ու Կարեն Հարությունյանը գնացել են Արարատի, Գեղարքունիքի, Շիրակի մարզեր և սննդամթերք, հագուստ, առաջին անհրաժեշտության կենցաղային ապրանքներ, մանկական խաղալիքներ, դեղորայք, կով գնել նախապես ընտրված 24 ընտանիքների համար: Մեկ անգամ էլ նույն նախաձեռնությամբ 2016 թվականի ձմռանն են Հայաստան եկել:

Դրանից հետո կազմակերպությունը շահել է շվեդահայերի, և ո´չ միայն, վստահությունը, քանի որ նրանք հասկացել են՝ փոխանցված գումարները չեն կորչում, այլև՝ մինչև վերջին լուման նպատակին են ծառայում:

Քաջալերելով Լորանս Շառոյանի և Կարեն Հարությունյանի ազգանվեր գործունեությունը՝ համայնքը 2017 թվականի ծրագրերի իրականացման համար զգալիորեն ավելի մեծ գումար է հանգանակել՝ շատ ընտանիքների աջակցելու և համապարփակ աշխատանքներ կատարելու համար:

Հարկ է նշել, որ հանձնախմբի կատարած աշխատանքների կողքով անտարբեր չեն անցնում շվեդները և Շվեդիայում գործող ոչ հայկական կազմակերպությունները.համացանցով տարածված տեղեկատվական հոլովակներից իրազեկվելով նախաձեռնության մասին՝ ոգևորվում են և իբրև մարդասիրական քայլ՝ պարբերաբար գումար փոխանցում:

Հանձնախումբը, հետագա անելիքները դյուրացնելու համար, տարվա ընթացքում ազգային, եկեղեցական և պետական տոներին նվիրված միջոցառումներ է կազմակերպում, որն էլ գումար ձեռք բերելու լավ միջոց է հանդիսանում: Վերջին միջոցառումը տեղի է ունեցել մարտի 8-ին՝ Կանանց միջազգային տոնի կապակցությամբ:

«Այս տարի որոշել ենք առարկայական օգնություն ցուցաբերել, որպեսզի տվյալ ընտանիքը կարողանա տևական ժամանակով օգտվել այդ ամենից.ինչպես օրինակ՝ ընտանիքներից մեկին կարի մեքենա, մյուսին՝ հորթ, իսկ մի խուլ երեխայի համար՝ բժշկական հետազոտություն անցնելուց հետո լսողական սարք գնեցինք»,-«Հայերն այսօր»-ի հետ զրույցում ասաց Կարեն Հարությունյանը:

Հանձնախումբն այս տարի նաև Արցախի հիմնախնդիրների լուծմանն օժանդակելու համար Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղ է գնացել: Ինչպես նշում է Լորանս Շառոյանը, այցելության նպատակը Ապրիլյան քառօրյա պատերազմից հետո ամբողջությամբ դատարկված Թալիշ գյուղում առկա իրավիճակը տեսնելն էր, որպեսզի կողմնորոշվեին, թե հետագայում  ինչ տեսակի օգնություն կազմակերպել:

«Հանդիպելով Արցախի ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանին, Թալիշի գյուղապետ Վիլեն Պետրոսյանին՝ քննարկման արդյունքում հասկացանք, որ Թալիշում անհրաժեշտ է աջակցել շինարարական աշխատանքներին, այս հարցով այնտեղ աշխատող շինարարները նույնպես դիմեցին մեզ: Բոլոր առաջարկները գրանցել ենք, որպեսզի Շվեդիա հասնելուց հետո հայ համայնքին ներկայացնենք ու փորձենք համախմբված օժանդակություն կազմակերպել»,-նշեց Լորանս Շառոյանը՝ հավելելով, որ առհասարակ, Հայաստանն ու Արցախը երբեք չեն առանձնացնում. իրենք այնտեղ ենք, որտեղ իրենց հայրենակիցները օգնության կարիք ունեն:

Լորանս Շառոյանն ու Կարեն Հարությունյանը զրույցի վերջում տեղեկացրեցին, որ հանձնախումբն արդեն գործունեությունն օրինականացրել է և բարեգործական կազմակերպություն ճանաչվել: Նրանք նպատակադրվել են աշխատանքային գործունեությունը չսահամանափակել միայն Ստոկհոլմ և Սյոդերթելյե քաղաքներում.շատ հնարավոր է «Շտապ օգնություն, Հայաստա՛ն» բարեգործական կազմակերպության մասնաճյուղեր բացեն ինչպես Շվեդիայի մյուս հայկական, այնպես էլ՝ Վիեննայի, Դանիայի համայնքներում:

Կատարված աշխատանքները լայնորեն լուսաբանելու, հանրությանն իրազեկելու նպատակով՝ անգլերեն և շվեդերեն լեզուներով պաշտոնական՝ www.akuthjalp.nu («Շտապ օգնություն») կայքն են բացել: Նախատեսվում է կայքում շուտով հայերեն լեզվով նյութեր ևս զետեղել:

Գևորգ Չիչյան

 

1 122

12412311