Բժիշկական համալսարանի ուսանողները պրակտիկա անցնելու հնարավորություն ունեն շուրջ 25 երկրներում

%d5%a2%d5%aa%d5%ab%d5%b7%d5%af

ՀՀ երեք պատվիրակներ Մոնտենեգրոյի Բուդվա քաղաքում մասնակցեցին Բժիշկ ուսանողների ասոցիացիաների համաշխարհային ֆեդերացիայի ամենամյա մարտյան համագումարին:

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի և Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի (ԵՊԲՀ) ուսանողական խորհրդարանի հետ համատեղ իրականացվող ծրագրի շրջանակներում հայաստանյան պատվիրակները պայմանավորվածություններ են ձեռք բերել 25 երկրների հետ, որպեսզի բժիշկ ուսանողների պրակտիկան կազմակերպվի այդ երկրներում:

ԵՊԲՀ ուսանողական խորհրդարանի նախագահ Ալեքս Հովհաննիսյանը տեղեկացրեց. «Պայմանագրեր ենք կնքել շուրջ 25 երկրների հետ, որ ամառային պրակտիկան մեր ուսանողներն անցնեն արտերկրում: Մինչ այժմ 17-18 երկրների հետ պայմանագրեր ունեինք, այժմ ընդլայնվել է երկրների շրջանակը»:

Անդրադառնալով համագումարի աշխատանքներին՝ Ալեքս Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ հիմնական քննարկվող հարցերը ուսանողական շարժերն ու ամառային պրակտիկաներն էին: Համագումարի արդյունքների մասին Ալեքս Հովհաննիսյանը փոխանցեց հետևյալը. «Ակնկալվում է բժիշկ ուսանողների համար փոխանակումների նոր հարթակ ստեղծել, ինչը կնպասատի մեր երկրի վարկանիշի բարձրացմանը, նոր համագործակցությունների հարթակներ կստեղծվեն հետագա ծրագրերի՝ որակապես նոր մակարդակով իրականացման համար»։