«Կուզենայի Ձեզ շատ ուժ և ուրախություն մաղթել. մեր հայրենակիցները Ձեզ հավատում են». Ալբերտ Սևինց

img_9092

Մարտի 16-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց գերմանահայ ճարտարապետ Ալբերտ Սևինցին, ով Գերմանիայի Րուրի ավազանում զբաղվում է ճարտարապետությամբ, շինարարությամբ, կառուցապատմամբ: Հայաստան է եկել բարեգործական նպատակներով, իր «Ալբերտ Սևինց» հիմնադրամի միջոցով այստեղ նույնպես իրականացնում է կառուցապատման աշխատանքներ:

Ողջունելով հյուրին՝ նախարարը կարևորեց նրա հայանպաստ, ազգասիրական գործունեությունը Հայրենիքում, մասնավորապես անդրադարձավ նրա նոր ծրագրերին: Նա նշեց, որ Սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ գումարվել է ճարտարապետների համահայկական 3 համաժողով, ստեղծվել է Ճարտարապետների համահայկական ասոցացիա, որը իրար է կապել տարբեր երկրների հայ ճարտարապետներին: Նախարարն առաջարկեց ճարտարապետների ընկերակցություն ստեղծել նաև Գերմանիյում, կապվել համահայկական ցանցի հետ: «Շատ լավ կլիներ, որ դուք ձեր գիտելիքները, փորձը, կապերը, հնարավորությունները փոխանցեիք հայաստանցի ձեր գործընկերներին: Ձեր առաջարկները, խորհուրդները կարևոր են մեզ համար», – հավելեց նախարարը:

Ալբերտ Սևինցը շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար, հետաքրքրվեց նախարարության գործունեությամբ, կառուցվածքով, առաջիկա ծրագրերով: Ոգևորությամբ տեղեկացավ «Դու ինչ ես արել Արցախի համար» շարժման մասին, պատրաստակամություն հայտնեց միանալ շարժմանը: Նա նշեց, որ Ստեփանակերտը շատ գեղեցիկ քաղաք է, ով տեսնում է, ոգևորության զգացում է ունենում: Եվ վերջում անդրադառնալով նախարարության գործունեությանը՝ պարոն Սևինցը հավելեց. «Կուզենայի Ձեզ շատ ուժ և ուրախություն մաղթել: Մեր հայրենակիցները Ձեզ հավատում են»:

1