«Ուզում եմ՝ երեխաներս հոգու պոռթկումով հայրենասեր լինեն». հայրենադարձ ընտանիք

%d5%b0%d5%a1%d5%b5%d6%80%d5%a5%d5%b6%d5%a1%d5%a4%d5%a1%d6%80%d5%b1

Ղազախստանում բնակվող գործարար Վահան Ավետիսյանը յոթ երեխաներին և ազգությամբ ռուս կնոջը հայրենադարձելն իր կյանքում կայացրած կարևոր որոշումներից է համարում: Երկար տարիներ ապրելով օտար միջավայրում՝ միշտ մտահոգ է եղել երեխաների ինքնության պահպանման խնդրով և ուղիներ է որոնել նրանց Հայաստան տեղափոխել՝այդպիսով պայքարելով ուծացման վտանգի դեմ:

Վահան Ավետիսյանը «Հայերն այսօր»-ի խմբագրություն էր հյուրընկալվել ավագ դստեր՝ տասնհինգամյա Նաիրայի հետ, ով զրույցի ընթացքում հիացրեց հայրենասիրական անկեղծ կեցվածքով ու հավասարակշռված,խելացի մտքերով:

-Պարո՛ն Ավետիսյան, փոքր-ինչ ակունքներ գնանք: Ե՞րբ եք հաստատվել Ղազախստանում և ի՞նչը շարժառիթ դարձավ, որ Հայաստան բերող ճանապարհը բռնեք:

-1987 թվականին Երևանից գնալով Ղազախստան՝ տարբեր աշխատանքներ եմ կատարել. համայնքային կյանքում եմ ներգրավված եղել, ճանապարհաշինությամբ եմ զբաղվել: Իսկ հիմա Դոմինիկյան Հանրապետությունում կակաո աճեցնելով եմ զբաղվում:

Կինս` Եկատերինան, ազգությամբ ռուս է, բայց իրեն հոգով հայ է զգում: Յոթ երեխա ունենք՝ 5 աղջիկ, 2 տղա: Չնայած մայրական կողմից հրեական ծագմանը՝ ինձ լիարժեք հայ եմ համարում և երեխաներիս էլ ուզում եմ իբրև հայ մեծացնել:

Ցանկանալով երեխաներիս և կնոջս ծանոթացնել հայկական ավանդույթներին, տեսարժան վայրերին՝ նրանց 2016 թվականին Հայաստան բերեցի: Կարճ ժամանակով էինք եկել, որը ճակատագրական դարձավ մեզ համար. երեխաներս այնքա՜ն սիրեցին իրենց Հայրենիքը, որ վճռականորեն որոշեցին այստեղ մնալ: Նրանք, բացի մեծ աղջկանիցս, ցավոք, հայերեն չեն խոսում, ինչն ինձ համար մտահոգիչ է: Ամեն կերպ հետամուտ եմ լինելու, որ սովորեն Մայրենին: Այժմ ռուսական թեքումով դպրոց են գնում՝ մինչև հայերեն գրել-կարդալուն վարժ կտիրապետեն:

Մեծ աղջիկս` Նաիրան, սովորելու մեծ ունակությունների շնորհիվ՝ մեկ տարվա ընթացքում սկսեց հայերեն խոսել: Նաիրան նաև անգլերեն, ռուսերեն և ղազախերեն լեզուներին է տիրապետում և ուրախ եմ, որ դրանց շարքում հայոց լեզուն սերտեց: Նա հիմա Բժշկական ուսումնարանում է սովորում:

Տեղափոխվելուց հետո մտադրվել ենք ՀՀ քաղաքացի դառնալ, որի ուղղությամբ աշխատանքներ ենք տանում: Ես ուզում եմ, որ երեխաներս հոգու պոռթկումով հայրենասեր լինեն:

11

-Նաիրա՛, մինչև հայրենադարձվելը Ղազախստանում կարողացե՞լ ես շուրջդ հայկական միջավայր ստեղծել:

-Հայաստանը միշտ իմ Հայրենիքն եմ համարել: Դպրոցում սովորելու տարիներին միջազգային հարաբերություններին նվիրված միջոցառումների ժամանակ հպարտորեն խոսել եմ Հայաստանի ու հայ ժողովրդի մասին:

Այդ է պատճառը, որ հոգուս կանչին հետևելով՝ որոշեցի մնալ Հայաստանում. ուզում եմ ամբողջ կյանքս այստեղ ապրել:

Այս հարցում մեծ նշանակություն ունի հայրիկիս աջակցությունը: Նա մեզ դեռ փոքր հասակից պատմում էր հայերի՝ բարի, հյուրասեր ու տաղանդավոր մարդիկ լինելու մասին:

Գալուց հետո հույսերս, իրոք, արդարացան. Հայաստանն ինձ համար աշխարհի ամենալավ երկիրը դարձավ, ամեն ինչ հոգեհարազատ է: Առաջինը տպավորվեցի հայկական լեռնաշխարհի բնությամբ, ապա՝ սկսեցի Հայոց պատմությունը ուսումնասիրել, քանի որ կարևոր էր իմանալ հայ ժողովրդի անցյալը: Տարբեր գրքեր եմ կարդացել Հայոց ցեղասպանության մասին և խոր ցավ ապրել:

-Վարժ ու գեղեցիկ հայերենով ես խոսում: Մի՞թե սովորելու ընթացքն այդքան հեշտ է ստացվել:

-Հայաստանի հանդեպ իմ սիրուց էր, որ շատ հեշտությամբ կարողացա սովորել հայերենը: Սովորելու ամբողջ ընթացքում զգացողություններս անբացատրելի են եղել, հոգեհարազատ դարձած բառեր էլ ունեմ՝ Հայրենիք, հայ:

Հիմա արդեն օգնում եմ քույրերիս ու եղբայրներիս, որ դասերը պատրաստեն: Մայրիկս նույնպես ցանկանում է հիմնովին հայերեն սովորել. ազատ ժամանակ ունենալու դեպքում՝ ռուսերեն թարգմանությամբ հայկական պատմավեպեր է կարդում: Նա նաև հայկական խոհանոցին հրաշալի ծանոթ լինելով՝ թփով տոլմա, գաթա և այլ ուտեստներ է մեզ համար պատրաստում:

1512

Նաիրա´, արդեն ինտեգրվե՞լ ես հայաստանյան կյանքին: Ինչպե՞ս հաղթահարեցիր հոգեբանական այդ անցումը:

-Դժվարությունների չեմ հանդիպել, քանի որ դասարանում արտերկրից եկած այլ աշակերտներ էլ կային, իսկ ուսուցիչների ու դասընկերների կողմից մարդկային անկեղծ վերաբերմունքի արժանացա:

Ուսանողական կյանքն էլ լավ է անցնում, հասակակիցներիս հետ ջերմ հարաբերություններ ունեմ: Զրույցների ընթացքում նրանք հետաքրքրվում են, թե Ղազախստանում ինչ առօրյա եմ ունեցել և ինչպես եմ կարողացել Հայաստանից հեռու գտնվելով՝ պահպանել հայի իմ տեսակը:

Որոշել եմ երկու քույրերիս հետ այս տարի մասնակցել ՀՀ սփյուռքի նախարարության «Արի տուն» հայրենաճանաչության ծրագրին`վստահ լինելով, որ կկարողանամ նոր ընկերներ ձեռք բերել և նորովի բացահայտել Հայաստանը:

Ծրագրի մասին մանրամասն պատկերացում կազմելու համար նախապես համացանցի միջոցով ուսումնասիրել եմ բոլոր պայմանները: Մեծ անհամբերությամբ եմ սպասում Հայաստանի տեսարժան, պատմամշակութային վայրերով շրջելուն:

-Նաիրա´, հանրօգուտ կարևոր նախաձեռնությամբ ես հանդես գալիս՝ իրականացնելով «Մաքուր Հայաստան՝ հայրենադարձների նախաձեռնությամբ» արշավը: Մանրամասնի՛ր, խնդրեմ, շարժման նշանակության մասին:

-Երբ Երևանի փողոցներով քայլելիս աղբակույտեր էի տեսնում, նեղսրտում էի: Այդ ժամանակ մտածում էի, որ մենք պարտավոր ենք մաքուր պահել այն հողը, որը քաջաբար պաշտպանում են մեր հերոս զինվորները: Ուստի որոշեցի իմ ներդրումն ունենալ այս ուղղությամբ՝ սկիզբ դնելով «Մաքուր Հայաստան՝ հայրենադարձների նախաձեռնությամբ» արշավին:

Առայժմ քույրերիս ու եղբայրներիս հետ եմ իրականացնում այս նախաձեռնությունը: Սկզբից ընտրում ենք այն վայրը, որը պետք է մաքրենք կեղտից, հետո միայն՝ սկսում մաքրման աշխատանքները: Հուսամ՝ ժամանակի ընթացքում շարժումը լայն տարածում կգտնի մարդկանց մոտ, մասնակիցների թիվը  կավելանա, որի արդյունքում կկարողանանք ավելի շատ տարածք մաքրել: Այդ նպատակով «ВКонта́кте» և «Facebook» սոցիալական ցանցերով արշավին նվիրված էջեր եմ բացել:

 131416

-Երբևէ՞ մտածել ես, թե բժշկի մասնագիտությամբ ինչքանո՞վ կարող ես նպաստել Հայաստանի զարգացմանը:

-Առաջին հերթին ուզում եմ մարդկանց օգտակար լինել: Սակայն ընտրության հարցում հաշվի եմ առել այն կարևոր պայմանը, որ մասնագիտական բարձր որակներ ունենալուց հետո Հայոց բանակ, մասնավորապես՝ սահմանային գոտի աշխատելու կարող եմ գնալ՝ մեր զինվորների կողքին գտնվելու և նրանց անհրաժեշտության դեպքում բժշկական օգնություն ցուցաբերելու համար:

-Նաիրա´, զրույցն ավարտենք քեզ պես լուսավոր ու լավատեսական նոտայով.ո՞րն է քո երազանքների Հայաստանը:

-Ես ուզում եմ իսկապես անկախ Հայաստան տեսնել, ուզում եմ, որ հայերը բարեկեցիկ ապրեն ու հույսը միայն իրենց ուժերի վրա դնեն: Հայաստանի նոր սերունդը պետք է նոր ու հզոր Հայրենիք կերտի և հպարտանա, որ հայ է:

Զրուցեց Գևորգ Չիչյանը