Ստամբուլի նահանգապետարանը նպատակահարմար չի համարել նոր պատրիարքի ընտրությունները

%d5%a3%d5%a1%d6%80%d5%a5%d5%a3%d5%ab%d5%b6

Մտահոգիչ զարգացումներ են տեղի ունենում Հայ առաքելական Եկեղեցու կարեւորագույն կառույցներից մեկի՝ Պոլսո Հայոց Պատրիարքության շուրջ։ Այսօր երեկոյան Ստամբուլի նահանգապետարանը տարածված պաշտոնական հաղորդագրությամբ նպատակահարմար չի համարել նոր պատրիարքի ընտրությունները, որի մասին դեռ մեկ ամիս առաջ հայ համայնքի կողմից դիմում էր հղվել թուրքական իշխանություններին։

Համաձայն այդ հաղորդագրության, Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը շարունակում է մնալ Պարտրիարքական ընդհանուր փոխանորդ։ Փաստորեն թուրքական իշխանությունների պաշտոնական ներկայացուցիչ կառույցը անվավեր է ճանաչել դեռ նախօրեին Գարեգին արքեպիսկոպոս Բեկչյանին պատրիարքության տեղապահ ընտրելու համայնքային որոշումը։

Մայր աթոռ սուրբ Էջմիածնում Գարեգին վեհափառի հետ կայացած խորհրդակցություններից հետո, տեղապահի ընտրություն կազմակերպելու որոշումից կարճ ժամանակ անց, առնվազն երկու թեկնածուների ինքնաբացարկից հետո փակ գաղտնի քվեարկություն կատարվել էր երկու բարձրաստիճան հոգեւորականների՝ Բեքչյան եւ Աթեշյան արքեպիսկոպոսների միջեւ։ Առավելագույն ձայներ ստացածն էլ դարձել էր տեղապահ, ով ղեկավարելու էր նոր պատրիարքի ընտրության կազմակերպման գործընթացը, ինչպես նաեւ լինելու է պատրիարքարանի փաստացի ղեկավարը մինչեւ նոր պատրիարքի ընտրվելը:

Տեղապահի ընտրությունից հետո Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը թողնելու էր փոխանորդի իր պաշտոնը: Սակայն Ստամբուլի նահանգապետարանի որոշումով Արամ Աթեշյանը շարունակելու է մնալ նույն պաշտոնին եւ անհայտ է, թե երբ կլինեն պատրիարքի նոր ընտրույթուններ։ Այս որոշումը դեռ մեծ աղմուկ կբարձրացնի, թեեւ բողոքի առաջին ձայններն արդեն լսվել են փաստաթղթի հրապարկումից անմիջապես հետո։ Հայ համայնքի մի շարք երեւելիներ, փաստաբաններ հայտարարել են, որ Ստամբուլի նահանգապետարանի որոշումն իրավական չէ։

«Նահանգապետարանի այս գրությունը ծայրից ծայր իրավունքից դուրս է», «Ագօս» թերթին ասել է փաստաբան Սեպուհ Ասլան-գիլը։