Հայկական գինիները կներկայացվեն PROWEIN 2017 հեղինակավոր ցուցահանդեսին

vva

Հայաստանի խաղողագործության  և գինեգործության հիմնադրամի աջակցությամբ 2017 թվականի մարտի 19-21-ը հայկական 14  գինեգործական ընկերություններ մեկ միասնական տաղավարով կմասնակցեն Գերմանիայի Դաշնային Հանրապետության Դուսելդորֆ քաղաքում անցկացվող ամենամյա «PROWEIN 2017»-ին, որը համարվում է աշխարհի  ամենամեծ ու հեղինակավոր գինու մասնագիտացված  ցուցահանդեսը:

Ինչպես հայտնում են ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, ցուցահանդեսին մասնակցության հիմնական նպատակն է արտերկրյա գնորդին ներկայացնել հայկական գինին և ընդլայնել սպառման շուկաները:

«PROWEIN 2017»-ը մեկ հարկի տակ է հյուրընկալում արտադրողներին, խոշոր և մանրածախ գնորդներին, վերամշակման համար անհրաժեշտ հումք և սարքավորումներ արտադրողներին, ինչը հնարավորություն է ընձեռում հիմնել նոր գործարար կապեր, ինչպես նաև ծանոթանալ վերամշակման նորագույն տեխնոլոգիաներին և գլոբալ շուկանների հիմնական միտումներին: