«Ամեն ինչի հիմքում սերն է, և սիրով արված ամեն ինչ կատարյալ է». Սոֆի Դևոյան

%d5%bd%d5%b8%d6%86%d5%ab-%d5%a4%d6%87%d5%b8%d5%b5%d5%a1%d5%b6

Հավերժ կանացի ու հավերժ երիտասարդ, սիրված պարուհի ու պարուսույց Սոֆի Դևոյանի անունն արդեն քանի տասնամյակ կատարելության, նորարարության, բարձրարվեստ մշակույթի խորհրդանիշ է: Նա չի դադարում զարմացնել ու հիացնել: Եվ ինչով էլ զբաղվի, ներդնում է արվեստ ու ճաշակ:

Զարմանալի չէ, որ ՀՀ վաստակավոր արտիստուհի, «Պարի և հոգու թատրոն»-ի հիմնադիր Սոֆի Դևոյանը, ով պարարվեստի դպրոցներ է հիմնել Հայաստանի տարբեր քաղաքներում, նկարահանվում է հեռուստատեսային սերիալներում, նաև  հաջողված գործարար է: Նա այս անգամ ներկայացնում է հատուկ մշակված հնդկաձավարի նոր ապրանքատեսակ, ինչը Սոֆի Դևոյանի հավաստմամբ՝ կանացի գեղեցկությունն ու նրբագեղությունը պահպանելու հրաշալի միջոց է:  Նոր արտադրանքը ստեղծվել է ընտանիքի միասնական ջանքերով և մասնագետների երկարատև ուսումնասիրությունների ու ջանքերի արդյունք է: Ինչպես ինքը՝ տիկին Սոֆին է հավաստիացնում, սիրո արդյունք է. «Ինչպես կյանքում ամեն բան, որ սիրով է արված, կատարյալ է»:

Կանանց նվիրված միամսյակի առիթով «Հայերն այսօր»-ը հյուրընկալել է պարուհի, պարուսույց, դերասանուհի, հաղորդավարուհի, ՀՀ վաստակավոր արտիստուհի Սոֆի Դևոյանին՝ նուրբ, գեղանի, հավերժ երիտասարդ ու հմայիչ հայկական «կարապին»:

-Տիկի´ն Սոֆի, հայ հասարակությանն առաջին անգամ ներկայացաք ու գերեցիք որպես պարուհի. ի՞նչը Ձեզ տարավ պարարվեստի աշխարհ:

– Պարուհի դառնալով՝ իրականացրի սիրելի մայրիկիս չիրականացած երազանքը: Ընդունվեցի Պարարվեստի ուսումնարան` դասական բալետի բաժինը, չնայած երազում էի դերասանուհի դառնալ: Շուրջ քառորդ դար Հայաստանի պարի պետական անսամբլի մենապարուհին էի: Ե՛վ այն ժամանակ, և՛ առավել ևս հիմա՝ կարևորում եմ Պարի պետական անսամբլի անգնահատելի դերն իմ կյանքում: Երջանիկ եմ, որ բախտ վիճակվեց 25 տարի պարել Վանուշ Խանամիրյանի կողքին: Շատ բան եմ սովորել նրանից, հրաշալի բեմերում եմ ելույթ ունեցել, ինչի համար ևս շնորհակալ եմ բախտին:

-Դուք նաև նորարարությունների մեծ սիրահար եք: Անընդհատ զարմացնում ու հիացնում եք Ձեր նոր մտահղացումներով:

– Դեռ այն ժամանակ Վանուշ Խանամիրյանը ո´չ միայն չէր խանգարում, այլև խրախուսում էր պարարվեստում կատարած իմ նորագույն մոտեցումները: Սիրում էի ամեն ինչ փոփոխել, հարմարեցնել իմ պատկերացումներին, փորձում էի նոր խոսք ասել իմ պարերով, պարային զգեստներով, յուրօրինակ մտահղացումներով:

Հենց այդ ժամանակ էլ մտածեցի ստեղծել սեփական պարի թատրոնը: Այն դարձավ իմ հոգու կարևոր մասնիկը, և այդպես էլ կոչեցի՝ «Պարի և հոգու թատրոն»:  Այսօր ես կարող եմ հպարտությամբ ասել, որ, թերևս, միակն եմ արվեստագետներից, որն ունի սեփական պարի թատրոն:

-Ինչպե՞ս սկսեցիք գործարարությամբ զբաղվել:

Երբ 1992թ. ստեղծեցի «Պարի և հոգու թատրոնը», որն այն ժամանակ Հայաստանում առաջին սեփական թատրոնն էր, հասկացա, որ պետք է ինչ-որ բան ստեղծել, որից ստացված եկամուտից կկարողանայինք աշխատավարձ վճարել: Այդ ժամանակ էլ ստեղծվեցին քաղցրահամ «Սոֆիները», հետո արդեն գույնզգույն փոփկորնը (բոհրած կորեկ): Իսկ այսօր թողարկում ենք առողջարար ու դիետիկ հնդկաձավարը՝ «Յոգա» ապրանքանիշով՝ կանանց համար:

– Տիկի´ն Սոֆի, ժամանակի պահանջով մշակութային գործչի կազմակերպչական ջիղը գործի դրեցիք ո´չ միայն արվեստում, այլև գործարարության մեջ ու հաջողեցիք: Ինչո՞ւմն է գաղտնիքը:

– Ես երջանիկ կին եմ, որ կարողացել եմ կյանքի կոչել իմ բոլոր մտահղացումները, իրականացնել երազանքներս: Երջանիկ եմ, որ շրջապատված եմ սիրով ու հոգատարությամբ, ինչն օգնում է ինձ ապրել ու ստեղծագործել:

Պարարվեստի դպրոցներ ենք բացել Երևանում, Էջմիածնում, Աբովյանում: Շուտով դպրոցներ կբացվեն Մալաթիայի, Նոր Նորքի, Շենգավիթի համայնքներում:

Տարեկան մի քանի համերգ ենք տալիս, որոնց մասնակցում են բոլոր երեխաները: Պատրաստվում ենք գալա համերգին, որը կկայանա հունիսին: Նոր պարային ներկայացում ենք պատրաստում, որի անունը դեռևս գաղտնիք է: Միայն ասեմ, որ անսովոր ներկայացում պետք է լինի՝ անսովոր են և՛ գաղափարը, և՛ զգեստները:

Միշտ լի եք նոր գաղափարներով ու հետաքրքիր գործերով, կարողանում եք միշտ հմայիչ ու կանացի մնալ: Խիստ զբաղվածությունը  արդյոք չի՞ խանգարում ամեն ինչ հասցնել ու պատշաճ ձևով կատարել:

-Աշխատանքն է ստիպում, որ միշտ պատշաճ տեսք ունենամ: Շփվում եմ փոքրիկ պարողների հետ, որոնց համար պետք է օրինակ ծառայեմ: Նրանք ոչ միայն պարել են սովորում, այլև կրթվում, դաստիարակվում, հղկվում են մեր դպրոցում, արվեստի, թատրոնի պատմություն են սովորում:

Լավ արվեստագետ լինելու համար շատ կարևոր է նաև հոգու լույսը, որը պետք է ճառագի նրանց աչքերից: Ես շատ եմ սիրում երեխաներին, սիրում եմ նրանց հետ աշխատել: Նրանց պետք է ազատություն տալ, որպեսզի ինքնադրսևորվեն, կայանան կյանքում և արվեստում: Աշխատում եմ խուլ ու համր, ինչպես նաև աուտիզմով տառապող երեխաների հետ: Նրանք պարում են և մյուս երեխաների հետ մասնակցում համերգների: Արդեն 6 տարի է՝ մեր պարերն ու ներկայացումները բեմադրում ենք «Զարուհի Բաբայան» երգի ստուդիայի հետ:

Իմ գաղտնիքը սերն է: Ամեն ինչ սիրով է արվում: Կինը պետք սովորի երջանիկ լինել, սիրել այն ամենը, ինչը շրջապատում է իրեն: Շրջապատը պետք է դրական լիցքեր հաղորդի, դա ստեղծագործելու կարևորագույն պայմանն է: Կինը պետք է լույս ու բարություն ճառագի, իր ժպիտով լուսավորի շրջապատը:

– Մեր զրույցի վերջում ի˚նչ կմաղթեք հայ կանանց և աղջիկներին:

– Ցանկանում եմ, որ հայուհիներն ապրեն սիրո և երջանկության մեջ, լինեն շատ կանացի: Երջանկություն է, երբ մարդ զբաղվում է սիրած գործով: Կարևոր է, որ կանայք իրենց գործը սիրով անեն: Ամեն ինչի մեջ պետք է սեր լինի:

Կարինե Բաբաջանյան

img_8987