ՀՀ սփյուռքի նախարարը շնորհավորել է Արամ Ա Կաթողիկոսի ծննդյան տարեդարձը

1

Վեհափա՛ռ Տեր,

Ի սրտե և խոր ակնածանքով շնորհավորում եմ Ձեզ, Ձեր ծննդյան հոբելյանական տարեդարձի ուրախ առիթով:

Անկասկած, լուսավոր այս ծնունդը նախ լույս սփռեց հայկական օջախում, որ դարձավ սնուցող աղբյուրը հայրենանվեր զավակի։ Դուք Ձեր անսահման նվիրումով, բեղուն գործունեությամբ և ստեղծագործ մտքի շնորհիվ դարձաք բազմահազար հայերի շենշող փարոսը:

Վեհափա՛ռ Տեր,

Մարտահրավերներով հեղեղված պատմության այս դարաշրջանում Դուք դարձաք ոգեղեն առաջնորդ, հանուն ազգի ու հայրենիքի պայքարող Հայրապետ և Ձեր ազգանվեր ու հոգևոր գործունեությամբ բռնեցիք սրբացման ճանապարհը։

Կարծես մեծն Համաստեղը Ձեր օրինակելի կերպարին է նվիրել այս տողերը։

«Եթէ նայիք ձեր հոգւոյն մէջ,

Պիտի գտնէք մեր պապերէն բազմութին մը.

Պիտի գտնէք սաղաւարտեայ բանակ մը հին.

Պիտի գտնէք իմաստութիւնն ու ճրագը մեր վանքերուն:

Ձեր հոգւոյն մէջ պիտի գտնէք

Ձեր լեռներուն ու ժայռերուն մէջ թաքնուած,

Արձագանգի պէս թաքնուած,

Հայու ոգին»:

Վեհափա՛ռ Տեր,

Բնությունը Ձեզ օժտել է մեծ տաղանդով ու բազում արժանիքներով, ուստի մաղթում եմ, որ Երկնային Տերը Ձեզ պարգևի նաև քաջառողջություն, երկար տարիների կյանք և Տիրոջ զորակցությամբ բազմապատկվեն Ձեր ուժերը` ի նպաստ հայապահպանության և ի փառս Հայոց Եկեղեցու:

Թող նորանոր հաջողությունները ուղեկից դառնան Ձեր նախաձեռնած և համազգային նշանակություն ունեցող բոլոր ծրագրերի իրականացման գործում և շարունակեք Ձեր բարոյախրատական պատվիրաններով և քարոզներով ոգևորել ու հոգևոր նոր լիցքեր հաղորդել հայ ժողովրդին:

ՄԱՏՉԻՄ Ի ՀԱՄԲՈՅՐ ՍՈՒՐԲ ԱՋՈՅԴ

ԽՈՐԻՆ ԵՐԿԻՒՂԱԾՈՒԹՅԵԱՄԲ`

 ՀՐԱՆՈՒՇ ՀԱԿՈԲՅԱՆ