Հա՛յ զինվոր, թույլ տուր այսուհետ իմ հարազատների շարքին դասել քեզ. օդեսահայ աշակերտներ

%d5%a2%d5%a1%d5%b6%d5%a1%d5%af13

«Հայերն այսօր»-ը ներկայացնում է Ուկրաինայի Օդեսա քաղաքի Մեսրոպ Մաշտոցի անվան կիրակնօրյա դպրոցի աշակերտների նամակները՝ ուղղված հայ զինվորին:

***

Բարև՛, հայոց բանակի քաջարի՛ զինվոր։
Գրում եմ տողերս հեռավոր Օդեսայից։
Նամակիս միջոցով սիրով քեզ եմ փոխանցում հոգուս խորքում կուտակված զգացմունքները։
Հա՛յ զինվոր, թույլ տուր այսուհետ իմ հարազատների շարքին դասել քեզ…

Ի՛մ հարազատ, երախտապարտ եմ քեզ իմ, հայրենակիցներիս ու հայրենիքիս անդորրը պահպանելու համար։ Գիտեմ՝ թշնանին անզոր է հատել մեր հայրենիքի սահմաններն ու անարգել մեր սուրբ հողը, քանզի նա չունի այն, ինչը քեզ է փոխանցված պապենական գեներով ու արյան ավիշներով՝ հայի անպարտ ոգին ու հանուն հայրենյաց անձնազոհության պատրաստ լինելը ։
Այս տողերը գրելիս հպարտության զգացումն է համակել հոգիս։ Դու հաղթանակների զինվոր ես, և քո հաղթական ոգու ու փառքի հավերժական վկաներն են՝ մեր անկախ Հայաստանն ու անպարտ Արցախը։

Հավատում եմ քեզ, քա՛ջ զինվոր։ Գիտցի՛ր, մենք՝ հայ երիտասարդներս միշտ քեզ հետ ենք՝ պատրաստ քեզ հերթափոխելու։
Ծառայի՛ր արժանավայել, ծառայիր խաղաղությա՛մբ և տուն դարձիր բարով, մորդ աչքը քո ճանապարհին է…
Դու միշտ իմ մտքերում ու աղոթքներում ես, հարազա՛տս, Աստվա՜ծ քեզ պահապան։

Արևիկ Արմենակյան

***
Ողջու՜ յն, ի՛մ զինվոր եղբայր։

Մենք անձամբ ծանոթ չենք, բայց հոգուս պարտքն է՝ գոնե նամակիս միջոցով քեզ հղել երախտագիտության ջերմ խոսքեր օդեսահայ հասակակիցներիս անունից։
Ընդունիր մեր շնորհավորանքը փառավոր տոնիդ առթիվ, բարի՛ եղբայր։
Գիտենք՝ հեշտ չէ զինվոր լինելը, ավելին՝ այն սուրբ առաքելություն է, որը դու պատվով ես ի կատար ածում։ Քո սխրանքով դու կանգուն ես պահում Հայոց բանակն ու Հայոց աշխարհը։
Իմացի՛ր, հոգով ու սրտով քեզ հետ ենք՝ սիրելիներդ, ընկերներդ, բոլորս։
Քեզ հետ են մեր սերն ու համակրանքը, խոնարհումն ու հարգանքը, սիրելի՛ զինվոր։
Կրկին շնորհավոր տոնդ։
Մենք եղել ենք…Կանք…ՈՒ կշատանանք՝ նաև քեզանով…
Քեզ մի՜շտ բարի վերադարձ հայրենի տուն։

Ժաննա Մաղաքյան

***
Կարոտում եմ քեզ, հա՛յ զինվոր,
Խոր աշնան թանձր մառախուղի նման կարոտն իջնում է հոգուս։ Եվ ինչպես մառախուղն է ի վերջո դառնում ջրի կաթիլ, այդպես էլ կարոտս է լուծվում հոգուս մեջ ու դառնում արցունքի կաթիլ աչքերումս։ (Թեպետ ասում են՝ գնացողին արցունքներով չեն ճանապարհում, հետևից ջուր են շաղ տալիս)։
Սիրելի՛ զինվոր, քո գործն արդար էր, քո հաղթանակը՝ անխուսափելի։ Քո ազգի նման դու դարձար հավերժի ճամփորդ՝ հավաստելով «Մահ իմացեալ անմահություն է» ուխտը Վարդանանց։ Կյանքիդ գնով դու փրկեցիր բազում կյանքեր…Դու գնացիր, որ թշնամին չմոտենա, չտիրանա մեր տանը: Դու գնացիր, որ հայ մանուկը խաղաղ քնի, որ հայ մոր սիրտը խաղաղ լինի, որ խաղաղ բացվեն հայոց առավոտները․․․

Աստվա՛ծ իմ, թո՛ղ խաղաղությունը տիրի աշխարհում, իսկ հայ մայրերի աչքերում շողան միայն ուրախության արտասուքի կաթիլները․․․

Սյուզի Զաքարյան