Հայոց քաջարի բանակի 25-ամյա հոբելյանին նվիրված միջոցառում Օդեսայում. լուսանկարներ

%d5%a2%d5%a1%d5%b6%d5%a1%d5%af2

«Ժողովուրդ մը, որ կհարգե ու կգնահատե յուր հերոսներուն, երբեք չի մեռնի։ Այսպիսի ժողովրդի ապագան պայծառ է»։
Անդրանիկ Օզանյան

Այդ տոնական օրը մարդաշատ էր Օդեսայի հայ հսմայնքի մշակույթի տան մեծ սրահը…

Տերունական «Հայր մեր»-ից հետո հնչեց Հայաստանի օրհներգը և հանդիսավորությամբ ներս բերվեցին հպարտություն պարգևող եռագույնն ու Հայոց բանակի մարտական դրոշը, որոնց վրա ամեն արշալույսին հայ զինվորը ուխտ է տալիս։ Այնուհետև, ինչպես զինվորական շքերթի ժամանակ, շարասյան հրամանատար Վահան Պողոսյանը, գլխավոր հրամանատարին՝ համայնքի նախագահ Սամվել Տիգրանյանին զեկույց կայացնելուց հետո ազդարարեց տոնահանդեսի բացումը։
Եվ մեր փառավոր Հայրենիքին ու նրա փառապանծ բանակին հղված շնորհավորանքի ու բարեմաղթանքի խոսքերով հանդես եկավ պարոն նախագահը, ընդգծելով, որ մեր բանակը մեր անկախ հայրենիքի հենասյունն է։
Այնուհետև հաղորդավարուհիներ Արևիկ Արմենակյանն ու Վերոնիկա Վանյանը սահուն ու վարժ հայերենով ներկայացրին Հայոց բանակի դժվարին, միաժամանակ հաղթանակներով առլեցուն քառորդդարյա ուղին նկարագրող դրվագներ։
Մեծ ոգևորությամբ ասմունքողների շուրթերից վարար աղբյուրի պես հորդեցին քերթվածքներ, երախտագիտության, քաջալերման ու գովասանքի խոսքեր՝ ձոնված մեր հերոսներին , ովքեր հանց կորյուններ, անվախորեն հսկում են մեր հայրենիքի սահմանները, պաշտպանում մեր պապենական հողերը։
Այդ մասին էին պատմում նաև մեծ էկրանի վրա ցուցադրվող կադրերը։
Բեմականացվեց զինվոր որդուն բանակ ճանապարհելու հուզաշաղախ տեարանը։ Դերակատարներ Ազգանուշ Վարդանյանն ու Վահան Պողոսյանը իրենց բնական խաղով հուզիչ պահեր պարգևեցին հանդիսականներին…Մայրը հպարտ է, որ ունի որդի անվախ, որ՝
Բանակը մեր անպարտ է,
Իսկ երկիրը մեր՝ անկախ։
Արևիկ Արմենակյանն ու Ժաննա Մաղաքյանն ընթերցեցին հայ զինվորին գրած սիրո ու կարոտի տողեր՝ նամակներ։
Սակայն մենք քաջ գիտենք հաղթանակի ու խաղաղության գինը ։
Անչափ տպավորիչ էր հաջորդ տեսարանը. գիթառի նվագակցությամբ հնչեց աղջկա սրտամաշ,աղիողորմ երգը՝ ուղղված զոհված ընկերոջը․
Վե՛ր կաց, եղբա՛յր իմ, զանգերը դեռ չեն լռել.
Վառված մոմերով բեմ ելան մասնակիցները և գլխահակ ծնկի եկան՝ հարգանքի տուրք մատուցելու նրանց անթառամ հիշատակի առջև, ում թափած արյամբ ավելի սրբագործվեց մեր հայրենիքը։ Մոմերը ներկայացված էին եռագույն դրոշի տեսքով, հավաստիքը նրա, որ ազգովի խոնարհվում ենք նրանց սխրագործության առջև.
-Անմա՛հ է սխրանքը քո, հայրենիքի՛ զինվոր։
– Հայը ծնկում է իր հողի առաջ,
Նահատակների իր հուշի առաջ։
Հայը ծնկում է իր Խաչի առաջ,
Հավերժող ազգի Արարչի առաջ։
Այս «հավերժող ազգի» ծլարձակող սերնդի շուրթերին գեղգեղաց երգը.
Ես մի ծիլն եմ քո արտի,
Ես մի թերթն եմ քո վարդի…
Եվ թռավ երգը՝ դարձած երազ ու կարոտ, և նրա ելևէջները կարոտավառ հայերին մտովի տարան դեպի՝
Հայրենի երկիր
Հա-յաս-տան…
Հայաստան…
Տոնական տրամադրություն բոցավառվեց, երբ հնչեց հայկական պարեղանակ և բեմ բարձրացավ «Բարեկամություն» համույթը։ Հանց փողփողացող դրոշ, ալիքվեց պարողների շարքը, հետո ծփաց սասունցիների « Յարխուշտան» և մեր սիգապանծ, երկնասլաց լեռների նման խրոխտ պարի թափից դահլիճը թնդաց։ Թվում էր՝ հայոց լեռներն էին ոտքի ելել այս կրակոտ պարով ցույց տալու հայկական բնավորություն։
Ներկաների սրտերն ու հոգիները լցվել էին հպարտությամբ և գոհունակությամբ. բուռն ծափահարությունները եղան դրա վկայությունը։
Այս գեղեցիկ միջոցառումը կազմակերպել էր « Սուրբ Գրիգոր Լուսավորչի թոռներ» գրական-ազգագրական ստուդիայի գեղարվեստական ղեկավար, Մեսրոպ Մաշտոցի անվան կիրակնօրյա կրթօջախի տնօրեն Էլեն Պողոսյանը։ Նրանում ընդգրկված էին ստուդիան, որն իր հոյակապ ելույթներով շարունակում է հաճելի պահեր պարգևել հանդիսատեսին, բազմաթիվ մրցույթների դափնեկիր «Բարեկամություն» պարային համույթը՝ Խաչատուր Աբաջյանի ղեկավարությամբ և «Լեռնցի» նորաստեղծ պարախումբը (գեղ. ղեկավար՝Մարի Բալյանց), որն իր գեղեցիկ կատարումներով առիթներ ունեցել է արժանանալու հանդիսատեսի սիրուն ու համակրանքին։

Հավարտ տոնահանդեսի, տիկին Պողոսյանին, Լուսավորչի թոռնիկներին, մյուս կազմակերպիչներին գովեստի ջերմ խոսքեր արտահայտեց համայնքի նախագահ Սամվել Տիգրանյանը, իսկ օդեսահայերի հոգևոր հովիվ Տեր Աբգար քահանա Գըլըճյանը, հորդորեց, որ միշտ աղոթենք մեր երկրի ու նրա պաշտպանների համար, որպեսզի պակասեն հայ մայրերի արցունքները։ Քահանան սրտի տրոփյունով հիշեց այն տարիները, երբ բանակի կազմավորման տարիների առաջին զինվորներից մեկն էր ինքը և շարունակեց. «Մենք Աստծո ընտրյալ ժողովուրդ ենք, քանզի ոչ ոք չկարողացավ մեզ ծնկի բերել։ Բազում դարեր Խաչով ու Սրով պաշտպանել ենք մեր հողը։ Այսօր էլ, Աստված ո՛չ արասցե, հարկ եղած դեպքում, մենք կգնանք ու միասին կպաշտպանենք մեր հողը՝ մեր սուրբ հայրենին… Մեր բանակի հզորությունը մեր հայրենասեր զինվորների աննկուն ոգու և հավատքով ծառայության մեջ է»։
Սրահի բարձր կամարների տակ միահամուռ զրնգացին մասնակիցների ձայները.
Փա՜ ռք քաջեր ծնող հայոց այրերին ու սիրասուն մայրերին։
Փա՜ ռք մեր 25-ամյա անպարտ, զորեղ բանակին։
Հավե՜ րժ փառք Մայր Հայաստանին։

Նարինե Մուրադյան
ք.Օդեսա, «Հայերն այսօր»-ի արտահաստիքային թղթակից

%d5%a2%d5%a1%d5%b6%d5%a1%d5%af10%d5%a2%d5%a1%d5%b6%d5%a1%d5%af11%d5%a2%d5%a1%d5%b6%d5%a1%d5%af12%d5%a2%d5%a1%d5%b6%d5%a1%d5%af13%d5%a2%d5%a1%d5%b6%d5%a1%d5%af%d5%a2%d5%a1%d5%b6%d5%a1%d5%af1%d5%a2%d5%a1%d5%b6%d5%a1%d5%af3%d5%a2%d5%a1%d5%b6%d5%a1%d5%af4%d5%a2%d5%a1%d5%b6%d5%a1%d5%af5%d5%a2%d5%a1%d5%b6%d5%a1%d5%af6%d5%a2%d5%a1%d5%b6%d5%a1%d5%af8%d5%a2%d5%a1%d5%b6%d5%a1%d5%af9