Շառլ Ազնավուրը ողջունել է «Դու ի՞նչ ես անում Արցախի համար» շարժումը

14

Աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրը, չնայած բազմազբաղությանը, Չիլիում կայացած համերգից առաջ չի մերժել արգենտինաբնակ երաժիշտ, ՀԲԸՄ-ի Արգենտինայի մասնաճյուղի պատվավոր անդամ Գագիկ Գասպարյանի հետ Բուենոս Այրեսում  հանդիպելու խնդրանքը:

Ինչպես «Հայերն այսօր»-ի թղթակցին հայտնում է Գագիկ Գասպարյանը, մոտ մեկ ժամ տևած հանդիպումն անցել է շատ ջերմ, անկաշկանդ մթնոլորտում: Շառլ Ազնավուրը բարեկամաբար, բարձր տրամադրությամբ խոսել է երաժշտի հետ՝ պատասխանելով վերջինիս բոլոր հարցերին:

«Տեղեկանալով, որ Շառլ Ազնավուրը Լատինական Ամերիկայում է գտնվում, խիստ նպատակային համարեցի հանդիպել նրան՝ իբրև մեծանուն հայի, Հայաստանի ապագայի համար մտահոգ մարդու, միաժամանակ տեղեկացնելու, թե Հայաստանի ու Արցախի հիմնախնդիրների լուծման ուղղությամբ ինչպիսի քայլեր են ձեռնարկվում Սփյուռքում և լսելու նրա անչափ թանկ խորհուրդները»,-ասաց Գագիկ Գասպարյանը և հավելեց, որ Շառլ Ազնավուրին մասնավորապես հանգամանորեն ներկայացրել է ՀՀ սփյուռքի նախարարության կողմից իրականացվող «Դու ի՞նչ ես անում Արցախի համար» համահայկական շարժումը: Շանսոնյեն, ծանոթանալով շարժման առաքելությանը և գաղափարին, այն ողջունելի քայլ է որակել՝ ընդգծելով. «Շնորհավորում եմ, որ Արցախին օգնելու համար այսպիսի շարժում է սկսվել, նմանօրինակ նախաձեռնությունները պետք է շատ լինեն»:

Հանդիպման ընթացքում ֆրանսաբնակ լեգենդար երաժիշտը պատմել է նաև Հայոց ցեղասպանության ականատես, կոտորածից մազապուրծ նախնիների պատմությունը: