Ոսկեձեռիկ սիրիահայերի աշխատանքների ցուցահանդես- տոնավաճառը

%d6%81%d5%b8%d6%82%d6%81%d5%a1%d5%b0%d5%a1%d5%b6%d5%a4%d5%a5%d5%bd

ՀՀ սփյուռքի նախարարությունը և «Սիրիահայերի խնդիրները համակարգող կենտրոն» ՀԿ- ն Կանանց միջազգային օրվան նվիրված՝ ԵՊՀ-ի բանասիրական ֆակուլտետի նախասրահում կազմակերպել են «Սիրիահայ մշակույթի շունչը Երևանում» բարեգործական ցուցահանդես-տոնավաճառը, որի բացումը տեղի ունեցավ մարտի 6-ին: Ցուցահանդեսին մասնակցող շնորհաշատ սիրիահայերի ձեռքի աշխատանքները, կերակրատեսակները, համեմունքները տեղացիներիս համար դարձել են շատ սիրված ու ցանկալի: Որքան էլ այդ ամենը տարիների ընթացքում մեզ համար արդեն սովորական է դարձել, այնուամենայնիվ, սիրիահայ մեր հայրենակիցների ձեռքի շնորհքը միշտ էլ հիացնում ու զարմացնում է մեզ: Արդեն որերորդ ցուցահանդեսն է, որի առիթով հանդիպում եմ մեր հայրենակիցներին և, իսկապես, վայելում սիրիահայ մշակույթի շունչը, որը սիրով կիսում եմ «Հայերն այսօր»-ի ընթերցողների հետ:

Նազարեթ Արոյան- Գոհ ենք, փա՛ռք Աստծո. առաջին օրն ավելի շատ գնորդներ ունեինք: Այստեղ հիմնականում ուսանողներն են առևտուր անում, ավելի շատ՝ աղջիկները: Մատանիներին են ավելի շատ ուշադրություն դարձնում, ապարանջաններին: Քանի որ Երևանի պետական համալսարանի ներսում է կազմակերպված, շատ մարդիկ չգիտեն, լավ կլիներ, որ զանգվածային լրատվամիջոցները շատ տարածեին այս ցուցահանդեսի լուրը:

Զոհրաբ Տերտերյան- Ես Հալեպում զբոսաշրջային գործով էի զբաղված, իսկ Հայաստանում գործս սա՛ է. իմ սեղանից ավելի շատ տերողորմյաներ են գնում, բնականաբար, տղաներն են ավելի շատ մոտենում: Մենք էլ՝ մեկս մյուսից ապրանք ենք գնում, հիմնականում՝ ուտելիք: Փառք տանք Աստծուն: Բաներ կան, որ ես իմ ձեռքով եմ պատրաստել, որոշ բաներ էլ Հալեպից եմ բերել:

Ռաֆֆի և Իոլանդ Ռշտունիներ-Ավելի շատ առևտուր են անում աղջիկները. տղաների համար լավ նվերներ են գնում: Երևում է, որ տղաներին շատ են սիրում և սրտանց են նվիրում: Մենք 30 ցուցահանդեսի ենք մասնակցել, իսկ այստեղ՝ համալսարանում, թվով 3-րդ ցուցահանդեսին ենք մասնակցում:

Վանի Արաբյան– Այս սեղանի վրա ցուցադրված բոլոր ուտեստները՝ աղի, քաղցր, ես իմ ձեռքով եմ պատրաստել: Գաղտնիք չէ, որ բոլոր սիրիահայերը ձեռքի շնորհք ունեն. դա գալիս է Արևմտյան Հայաստանից, մեր արմատներից: Ուսանողներն ամենից շատ հավանում են աղի, սիրիական համեմունքներով պատրաստած կարկանդակները, քադաեֆ են շատ գնում: Ցուցահանդեսին մասնակցող սիրիահայերը ևս գնումներ են անում, երբ քաղցած են լինում: Մերոնց քիմքին այս ամենը հաճելի ու ծանոթ է, ուստի սիրով են օգտվում: Այսօր ավելի լավ է ընթանում առևտուրս, փա՛ռք Աստծո:

Նուբար և Էմանուել Դոլմաջյաններ– Մեր սեղանից ավելի շատ սպառվում են աղի կարկանդակները. ուսանողների մեծ մասը դրանցից է գնում: Այսօր սա՛ է մեր ունեցած աշխատանքը: Ես Հալեպում դպրոցի տնօրեն էի, անգլերենի մասնագետ, նախակրթարանում է դասավանդում, կինս՝ Նուբարը, տան գործերով էր զբաղված: Մեկուկես տարի է, ինչ Հայաստանում ենք: Երկու տղա ունենք, երկուսն էլ համակարգչային գրաֆիկայի դիզայներներ են: Փոքր տղաս 6 տարի է, ինչ Հայաստանում է, եկել էր ձայնը մշակելու, «Ժողովրդկան երգիչ» ծրագրին մասնակցեց: Մեծ տղաս ամուսնացած է, թոռնիկ ունենք, անունը Բալիկ ենք դրել և մեր արտադրանքը նրա անունով ենք կոչել:

Վանյա Քադեհչյան- Իմ սեղանին դրված արտադրանքն իմ ձեռքով եմ պատրաստել: Ձեռքի շնորհքը միշտ էլ հարկավոր է. եթե մարդը, ինչ-ինչ հանգամանքների պատճառով իր մասնագիտությամբ չկարողանա աշխատել, ապա ձեռքի շնորհքով կարող է ապրել:

Զարմինե Թոքաթլյան-Մինասյան- Դուք արդեն մի անգամ մեզ հետ զրուցել եք. ասեմ, որ մեր գործը Աստծով առաջ է գնում: Այս ուտեստները մենք ամուսնուս հետ ենք պատրաստում: Գիտեք, որ Հալեպի հավի ճաշատեսակների խանութ ունենք, այսինքն՝ տարածք ենք վերցրել և առևտուր ենք անում, մեզ արդեն ճանաչում են: Մասնակցում ենք նաև ցուցահանդեսների: Փա՛ռք Աստծո:

Անի Շամլյան– Իմ և քրոջս՝ Լենայի հետ, Դուք վաղուց հարցազրույց եք ունեցել, տեսել եք մեր ձեռքի աշխատանքները. այսօր ես քաղցր ուտեստներ եմ ներկայացնում, որոնք ինքս եմ պատրաստել, շատ մատչելի են գները: Ուսանողները սիրով են օգտվում:

Աիդա Սանթուրյան-Այս ձեռքի աշխատանքներն ամիսներ շարունակ պատրաստել եմ, շատ ժամանակ է խլում: Ավելի շատ վաճառվում են պստիկ պայուսակները: Ես երեք տարի է, ինչ Հայաստանում եմ, երեք տարի շարունակ բազմաթիվ ցուցահանդեսների եմ մասնակցել: Ցուցահանդեսների ընթացքում շատ մարդկանց հետ եմ ծանոթացել, ովքեր դարձել են իմ մշտական հաճախորդները և պատվերներ են տալիս:

Լենա Ջենանյան– Այս ասեղնագործ աշխատանքները շատ ջանք ու եռանդ են պահանջում, որովհետև դրանք ասես մանրանկարներ լինեն, աչքի լույս են տանում, ուստի դրանց գներն էլ թանկ են: Ես ինձ շատ լավ եմ զգում Հայաստանում, եթե անգամ 100 տոկոսանոց հարատև խաղաղություն էլ լինի Սիրիայում, մենք ետ չենք գնա: Ամուսինս էլ է աշխատում, նա լազերային աշխատանքով է զբաղվում: Երկու երեխաներս հաճախում են թիվ 71 դպրոց, մեկն էլ մեկուկես տարեկան է:

Նազան Մանուկյան-Երկու տարի է, ինչ տեղափոխվել եմ Սիրիայից: Երրորդ ցուցահանդեսին եմ մասնակցում: Այնքան էլ ակտիվ չէ իմ առևտուրը: Ավելի շատ համուս, հալվա և համեմունքներ են գնում: Հույս ունենք, որ օրվա երկրորդ հատվածում առևտուրը կաշխուժանա:

Հուրի Իջյան- Առաջին անգամ եմ մասնակցում Սփյուռքի նախարարության կազմակերպած ցուցահանդեսին: Սրանք իմ ձեռքի աշխատանքներն են: Իմ տատիկները, ծնողս նույնպես զբաղվել են ասեղնագործությամբ: Մերոնք Այնթապից են. ես սովորել եմ Այնթապի, Ուրֆայի, Վանի, Սվազի ասեղնագործություն և այդ աշխատանքներս եմ բերել ցուցահանդեսի:

Իմ հարցազրույցների վերջին հերոսուհին Նաիրի Մկրտիչյանն է, ով շատ տարիներ առաջ՝ մինչև սիրիական պատերազմի սկսվելն է Կամըշլիից տեղափոխվել Հայրենիք և այսօր աշխատում է ՀՀ Սփյուռքի նախարարությունում: Նա ցուցահանդես էր եկել՝ գնումներ կատարելու: Այդ առիթով էլ զրուցեցի Նաիրիի հետ:

-Նաիրի՛, այս բոլոր աշխատանքներն, անշուշտ, հոգեհարազատ են քեզ: Ծանոթ ուտեստներից ո՞րն ես գերադասում ամենից շատ և ի՞նչ ես պատրաստվում գնել:

-Մանթի եմ ուզում գնել, աղջիկս շատ է սիրում այդ ուտեստը: Այնքա՜ն համեղ է, որ ամբողջը սպառվել է, ու ես սպասում եմ ՝մինչև տիկին Զարմինեի ամուսինն ինձ հանար էլ բերի:

-Դու կարողանու՞մ ես մանթի պատրաստել :

-Ո՜չ, դա ուլունքի սարքելու պես մի բան է, որը հալեպցիներն են պատրաստում:

-Իսկ Կամըշլիում հայտնի ի՞նչ ուտեստ կհիշես, որը նաև կարող ես ինքդ պատրաստել:

-Սմբուկով քեբաբը, որը պատրաստելը տանջանք է. Կամըշլիի սմբուկն ուրիշ է, այն կորիզներ, սերմնահատիկներ չունի, շատ համեղ է: Առհասարակ, սիրիահայերի բոլոր ուտեստներն ու քաղցրավենիքը, թխվածքները յուրօրինակ համուհոտ ունեն. դա Արևմտյան Հայաստանի հայուհիներից ժառանգած ամենամեծ հարստությունն է:

 Ցուցահանդես-վաճառքի բոլոր մասնակիցներին հրաժեշտ եմ տալիս՝ բարի օր ու ճոխ առևտուր մաղթելով, ցանկանալով, որ մեր սիրիահայ մշակույթը, սիրիահայերի՝ ասես անձեռակերտ աշխատանքները տեղ գտնեն նաև միջազգային ցուցահանդեսներում:

Կարինե Ավագյան

%d6%81%d5%b8%d6%82%d6%81%d5%a1%d5%b0%d5%a1%d5%b6%d5%a4%d5%a5%d5%bd1%d6%81%d5%b8%d6%82%d6%81%d5%a1%d5%b0%d5%a1%d5%b6%d5%a4%d5%a5%d5%bd2 %d6%81%d5%b8%d6%82%d6%81%d5%a1%d5%b0%d5%a1%d5%b6%d5%a4%d5%a5%d5%bd3%d6%81%d5%b8%d6%82%d6%81%d5%a1%d5%b0%d5%a1%d5%b6%d5%a4%d5%a5%d5%bd4 %d6%81%d5%b8%d6%82%d6%81%d5%a1%d5%b0%d5%a1%d5%b6%d5%a4%d5%a5%d5%bd5 %d6%81%d5%b8%d6%82%d6%81%d5%a1%d5%b0%d5%a1%d5%b6%d5%a4%d5%a5%d5%bd6