«Հայ կինը մեր լինելության գրավականն է». Հրանուշ Հակոբյան

%d5%b0%d6%80%d5%a1%d5%b6%d5%b8%d6%82%d5%b7-%d5%b0%d5%a1%d5%af%d5%b8%d5%a2%d5%b5%d5%a1%d5%b6

Մարտի 6ին  ՀՀ սփյուռքի նախարարության և «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» ՀԿի նախաձեռնությամբ Երևանի պետական համալսարանի Հայ բանասիրության ֆակուլտետի  նախասրահում կայացավ Կանանց միջազգային օրվան նվիրված «Սիրիահայ մշակույթի շունչը Երևանում» բարեգործական ցուցահանդեստոնավաճառի բացումը:

Արդեն ավանդույթ է դարձել, որ ցուցահանդես-տոնավաճառների բացումը կատարում է ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, ում հետ և զրուցել է «Հայերն այսօր»-ի թղթակիցը:

-Տիկի´ն Հակոբյան, ինչպե՞ս կբնութագրեք այս ցուցահանդես-տոնավաճառները:

-ՀՀ սփյուռքի նախարարությունը հինգ տարի շարունակ ազգային, եկեղեցական, պետական տոներին նվիրված և այլ առիթներով տարվա ընթացքում մի քանի անգամ կազմակերպում է Հայաստանում հաստատված սիրիահայերի ձեռագործ աշխատանքների, ոսկերչական իրերի, քաղցրավենիքի և այլ ուտեստների ցուցահանդես-տոնավաճառ :

Այս միջոցով առաջին հերթին ցանկանում ենք, որ Հայաստանում հաստատված սիրիահայերը ճանաչելի դառնան, ինտեգրվեն հասարակությանը, իսկ իրենց ձեռքով պատրաստած աշխատանքը ներկայացնեն մարդկանց լայն զանգվածներին, միաժամանակ կարողանան ապրելու հետ կապված հոգսն ինչ-որ կերպ թեթևացնել:

Մեծ սիրով ենք կազմակերպում տաղանդավոր, տարբեր հմտություններով օժտված, ստեղծագործ ու կազմակերպված սիրիահայերի աշխատանքներին նվիրված միջոցառումները:

– Տարեցտարի մասնակիցների թվի աճ նկատվու՞մ է:

-Ո´չ միայն մասնակիցների թիվն է գնալով աճում, այլև՝ ակներև է սիրիահայերի ցուցահանդես-վաճառին մասնակցելու աշխուժությունը: Տաղավարներով շրջելով՝ նկատելի է դա: Այսօր արդեն 60-ից ավելի մարդ է մասնակցում ցուցահանդեսին:

Սա նշանակում է, որ նմանօրինակ նախաձեռնություններում ներգրավված լինելը սիրիահայերի համար շահավետ է: Նրանցից շատերն արդեն զբաղվածության խնդիրը լուծել են, որևէ գործ են հիմնել Հայաստանում՝ թե՛ տան պայմաններում, թե՛ փոքր բիզնեսի բնագավառում: Սա շատ էական և ոգևորիչ հանգամանք է:

Ցանկանում եմ, որ աշխատանքի նկատմամբ սիրիահայերի նվիրվածությունն ու հոգատարությունը միշտ պահպանվի: Նրանց աշխատանքներում սեր ու ջերմություն է զգացվում:

-Նկատեցի, որ տաղավարներով շրջելով՝ որոշ ուտեստներ գնեցիք: Չէի՞ք ասի՝ սիրիահայերի  խոհանոցից ո՞ր ուտեստներն եք նախընտրում:

– Խմորեղենները, մսի տարբեր տեսականուց, հատկապես՝ հավի մսից  պատրաստված խորտիկները շատ համեղ են: Նախընտրելի են նաև յուրահատուկ համեմունքներով սիրիահայերի պատրաստած պիցցաները:

– Տիկի´ն Հակոբյան, Կանանց միջազգային տոնի նախաշեմին ո՞րն է Ձեր շնորհավորական խոսքը Հայաստանի և Սփյուռքի մեր սիրասուն կանանց:

– Սիրով ու ջերմությամբ շնորհավորում եմ հայ կանանց, մայրերին ու քույրերին: Հայ կինն է օջախի պահապանն ու հենասյունը, մեր լինելության գրավականը: Հայ կինն է, որ կարողանում է ընտանիքն ավելի ջերմ ու անխախտ պահել, իր երեխաներին իբրև արժանապատիվ հայ մեծացնել, կրթել ու դաստիարակել:

Սփյուռքի հայ կանայք կրկնակի խոնարհման են արժանի, նրանց հատուկ ջերմությամբ եմ շնորհավորում. չէ՞ որ նրանք են օտար ափերում «այբ», «բեն», «գիմ»-ը՝ մեր Մայրենին, իրենց երեխաներին սովորեցնում:

Նրանք հայապահպանության գործում անհնարինը հնարավոր են դարձնում: Իհարկե, Հայ Առաքելական եկեղեցին, ազգային, մշակութային և մյուս կառույցները հսկայածավալ աշխատանքներ են կատարում այս ուղղությամբ, բայց եթե սփյուռքահայ կինը երեխայի ձեռքից բռնած՝ հայկական դպրոց չտանի, ապա այդ երեխաների հայապահպանության խնդիրը հետագայում հարցականի տակ կդրվի:

Հայ մայրերին ու քույրերին ամենակարևորը խաղաղ երկինք ու համբերություն եմ ցանկանում, իսկ Հայոց բանակում ծառայող որդիներ ունեցող մայրերին՝ հոգու տոկունություն և կամք: Թո՛ղ նրանք համոզված լինեն, որ իրենց արծիվներին անպայման տուն վերադարձած են տեսնելու՝ առավել ուժեղացած, հասունացած ու կամային հատկանիշներով օժտված, ինչպես որ այս պահին նույն խիզախությամբ մեր երկրի սահմաններն են պաշտպանում:

Գևորգ Չիչյան