Լոս Անջելեսում կկայանա թուրք գրող Քեմալ Յալչընի՝ «Հոգիս ձեզմով կը խայտայ» գրքի բեմականացումը

img_7445-696x961

Մեր զրուցակիցն է «Հոգիս ձեզմով կը խայտայ» ներկայացման ռեժիսոր Կարինե Քոչարյանը:

Կարինե Քոչարյանը 1977թ-1995թ եղել է Երևանի Սունդուկյանի անվ. թատրոնի և հայկական կինոյի առաջատար դերասանուհի: 1990թ-1995 Երևանի թատերական և մանկավարժական ինստիտուտների դերասանական և կինոռեժիսորական ֆակուլտետների դասախոս: 1995 թ-ին տեղափոխվել է ԱՄՆ՝ Նյու Յորք, որտեղ շարունակել է իր դերասանական և ռեժիսորական գործունեությունը:

1996թ-ին հիմնել է Նյու Յորքում առաջին հայկական հեռուստահաղորդումը՝ «Արձագանք», որը 2011 թ-ին փոխարինել է ՄՆ-ի արևելյան շրջանի հայության կյանքը ներկայացնող «Սփյուռքի ձայնը» նոր հեռուստահանդեսով: Միաժամանակ շարունակելով զբաղվել թատերական գործունեությամբ՝ Նյու Յորքում բեմադրել է Շիրվանզադեի, Պերճ Զեյթունցյանի, Չեխովի, Նիլ Սայմընի գործերը: Վերջին բեմադրությունը թուրք գրող Քեմալ Յալչընի «Հոգիս ձեզմով կը խայտայ» փաստագրական գրքի թատերականացումն է: Ներկայացումը առաջին անգամ բեմադրվել է 2015թ. Նյու Յորքում՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:

– Խնդրում ենք համառոտ ներկայացնել ծագիրը:

– Թուրք գրող Քեմալ Յալչընը, ով իր քաղաքական հայացքների համար հետապնդվել է Թուրքիայում և ստիպված փախել է Գերմանիա, 80 -ական թվականների վերջին, իր հայ ուսուցչուհուց ազդված, որոշում է վերադառնալ Թուրքիա և փնտրել գաղտնի ապրած, կրոնափոխ եղած հայերի ու ուսումնասիրել նրանց պատմությունները: Այս որոշումը վեր է ածվում փաստագրական գրքի «Հոգիս ձեզմով կը խայտայ» վերնագրով: Գրքի առաջին տպագրությունը թուրքերեն լեզվով՝ 3 հազար օրինակ, ոչնչացվում է հենց տպարանում՝ վերածվելով մանրացված թերթիկների: Սակայն հեղինակի համառ ժանքերի շնորհիվ և դատական քաշքշուկներից հետո, շուրջ տաս տարի անց հեղինակին հաջողվում է վերատպագրել գիրքը, որը հիմնված է զուտ փաստերի վրա:  Շատ տպավորիչ է և միաժամանակ ցավալիորեն հասկանալի կրոնափոխ եղած և ազգությունը թաքցնելով ապրած հայերի ողբերգությունը: Այս գրքի ազդեցության տակ՝ ծնվեց ներկայացման գաղափարը, որն իր բնույթով նույնպես փաստագրական դրամա է, իրական կերպարներով:

– Ո՞րն է ներկայացման գաղափարական հենքը:

– Ներկայացումը սկսվում է թուրք գրողի ներողությամբ և վերջանում գրողի` Հոնազ գյուղում ապրող մոր թխած ու որպես ողորմություն բաժանած հացով՝ հայ անմեղ նահատակների հոգիների համար (ինչպես որ հայերը մատաղ են բաժանում), որից հետո եզրափակվում է գրողի հետևյալ խոսքերով. «Այդ գիշեր Հոնազ գյուղում ամեն մարդ հանգիստ հոգիով քնացավ»: Ասելիքն այն է, որ եթե թուրքերը ընդունեն և ներողություն խնդրեն, հենց իրենք և իրենց սերունդները հանգիստ հոգով կապրեն. անցյալի մեղքը թոթափելը առաջին հերթին հենց իրենց հոգին կթեթացնի: Այս է հիմնական գաղափարը:

– Արդյոք այն տարբերվո՞ւմ է մնացած նմանատիպ ներկայացումներից: Եթե այո` ընդգծեք տարբերությունները:

– Առաջին տարբերությունը այն է, որ հայկական հարցի մասին խոսում է թուրքը, առանց որևէ բան փոխելու ներկայացնում վկաների սարսափազդու պատմությունները.

Երկրորդ՝ բոլոր կերպարները իրական են: Գլխավոր կերպարը, հենց Քեմալ Յալչընը, որին մարմնավորում է Հայաստանի հայտնի դերասան Արթուր Կարապետյանը, հայ ուսուցչուհին և մնացած կերպարներից ոմանք ապրում են այսօր, ոմանց զավակներն են ողջ: Ի դեպ, մեր նյույորոքյան ներկայացումից հետո, բավականին զանգեր ստացանք իրական կերպարներից: Զանգեր Կանադայից, ՄՆ-ից, Գերմանիայից, Թուրքիայից, բոլորն էլ շատ հուզված և ոգևորված էին, որ իրենց կյանքի պատմությունները բեմ են բարձրացվել:

– Արդյոք այս ներկայացումը համալրելո՞ւ է այն ծրագրերի շարքերը, որոնց նպատակն է վառ պահել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը, թե՞ այն այլ լուծումներ է առաջադրում:

– Միանշանակ համալրում է, և ոչ միայն որպես թատերական արժեք, այլ նաև որպես փաստ Հայոց ցեղասպանության թողած հետևանքների մասին: Այն մասին, որ 1915-ով չսահմանափակվեց թուրքերի կատարած հանցանքը, այն իր խորը արմատները ձգեց սերունդների վրա, նամանավանդ Արևմտյան Հայաստանում մնացած և ողջ կյանքը վախով ապրած հայերի վրա: Իսկ թե ինչ լուծում է առաջարկում. միայն մեկ. «Թուրքե´ր, ընդունեք ձեր կատարած հանցանքը և միայն դրանից հետո հաշտության ձեռք երկարեք հայերին՝ որպես նոր սերունդ, որը երբեք չի կրկնի իր նախորդների գործածը»: Ի դեպ, նույն լուծումն է առաջարկում նաև հեղինակը՝ Քեմալ Յալչընը:

– Գիտենք, որ տվյալ թատերգությունը առաջին անգամ չէ որ ներկայացվում է. պատմեք նախորդ շրջագայությունների մասին:

– Առաջին ներկայացումը խաղացինք 2015 թ-ի հունիսի 12-ին՝ Նյու Յորքում, հետո Նյու Ջերսիում, որից հետո 2015-ի հոկտեմբերին խաղացինք Հայաստանում` Գյումրի, Վանաձոր և Երևան քաղաքներում: Նշեմ, որ բոլոր ներկայացումներին հրավիրված էր նաև հեղինակը՝ Քեմալ Յալչընը, իսկ նյույորքյան ներկայացումներին` նաև հայ ուսուցչուհին` Մելինեն, որի դերը մարմնավորում է Հայաստանից ժամանած դերասանուհի Սաթիկ Հախնազարյանը: Ներկայացումները մեծ հաջողությամբ են ընթացել ամենուր: Հանդիսատեսը չափազանց զգացական է ընկալել, ինչպես իրենք էին վկայում. «Դահլիճում չոր աչքով մարդ չէիր գտնի»: Հետաքրքիրն այն է, որ ներկայացումը առավել մեծ հուզումով է ընդունում երիտասարդությունը, հատկապես՝ Հայաստանում, մինչև հիմա աչքիս առջև է նրանց արտասվախառն դեմքերը:

– Ինչո՞ւ եք կարծում, որ հայ հանդիսատեսը պետք է անպայման դիտի այս ներկայացումը:

– Գիտեք, մեր ժողովուրդը, կարելի է ասել, գրեթե ոչինչ կամ շատ քիչ բան գիտի Հայոց ցեղասպանությունից հետո հրաշքով ողջ մնացած հայերի մասին, որոնք շարունակել են ապրել Արևմտյան Հայաստանում: Մենք երբեմն հանդիպում ենք հայերի, որոնք միայն թուրքերեն են խոսում, հաճախ նեղվում ենք, նույնիսկ երես դարձնում նրանցից: Միշտ չէ, որ խորանում ենք նրանց կյանքի պատմության մեջ, որը կարելի է ասել, ոչ թե որևէ մեկի անձնական, այլ մեր ազգի հավաքական պատմությունն է: Ներկայացման մեջ ամեն մի կերպարի կյանքը կարող է տվյալ ժամանակաշրջանի և տեղանքի իրադարձությունների, գաղտնի, կրոնափոխ ու վախի մեջ ապրած մարդկանց մասին լայնածավալ գիրք դառնալ: Ես կարծում եմ, որ ամեն հայ պետք է ծանոթանա այս կերպարների հետ, հատկապես, նորից եմ կրկնում՝ այս պատմությունները ոչ թե որևէ հայ գրողի գեղարվեստական գրվածք է, այլ թուրք գրողի փաստագրություն: Իրական, արժեքավոր փաստագրություն, որը համալրում է Հայոց ցեղասպանության արխիվը:

Թատերական ներկայացման միջոցով, հատկապես այնպիսի շնորհալի դերասանների, ինչպիսիք են մեր ներկայացման դերակատարները, այս ներկայացումը մեծ գեղագիտական հաճույք կպատճառի հանդիսատեսին, այդ պատճառով ուրախ կլինեմ եթե ամեն մարդ դիտի այն:

LosArmNews.com

img_7440-696x461 img_7444-696x461