Սփյուռքի նախարարը մասնակցեց Երևանի թիվ 1 պոլիկլինիկայի վերանորոգված շենքի բացման արարողությանը

img_8124

Մարտի 3-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը մասնակցեց Գերմանիայի հայ գործարարների միության և «Արման Տերտերյան» հիմնադրամի հովանավորությամբ Երևանի թիվ 1 պոլիկլինիկայի վերանորոգված շենքի բացման պաշտոնական արարողությանը:

Բացման արարողությանը մասնակցում էին նաև Գերմանիայի հայ գործարարների միության նախագահ Մուրադ Աքյուզը, Գերմանիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Սմբատյանը, Երևանի փոխքաղաքապետ Դավիթ Օհանյանը, ՀՀ առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանը, ԵՊՀ Աստվածաբանության ֆակուլտետի դեկան Տեր Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանը, պոլիկլինիկայի աշխատակիցներ և այլ հյուրեր:

Կարևորելով Հայաստանում սփյուռքահայերի ներդրումային ծրագրեր իրականացելու անհրաժեշտությունը՝ նախարարը բարձր գնահատեց Գերմանիայի հայ գործարարների միության կողմից Հայրենիքի զարգացման ուղղությամբ տարվող աշխատանքները: Նա մասնավորապես ասաց. «Շնորհակալ եմ Սփյուռքի մեր հայրենակիցներին, ովքեր այսօր Հայաստանում ներդրումներ են կատարում, հատկապես՝ Գերմանիայի հայ գործարարների միությանը: Ես շատ ուրախ եմ, որ սփյուռքահայերը Հայաստանում  միշտ այնտեղ են, որտեղ նրանց կարիքը զգացվում է՝ կրթության, առողջապահության, մշակույթի և այլ ոլորտներում: Շնորհավորում եմ վերանորոգված հիանալի բժշկական հաստատության վերաբացման առիթով»:

Գերմանիայի հայ գործարարների միության նախագահ Մուրադ Աքյուզը իր խոսքում ասաց, որ Հայաստանի զարգացման մասին պետք է յուրաքանչյուր հայ մտածի՝ վստահեցնելով, որ նմանօրինակ նախաձեռնությունները շարունակական են լինելու:

Երևանի թիվ 1 պոլիկլինիկայի տնօրեն Ռուզաննա Հայրապետյանը շնորհակալություն հայտնեց գերմանահայ բարերարներին՝ ազգանվեր  գործունեություն ծավալելու համար  և շնորհակալագրեր հանձնեց Գերմանիայի հայ գործարարների միությանը և անձամբ՝ Մուրադ Աքյուզին:

ԵՊՀ Աստվածաբանության ֆակուլտետի դեկան Տեր Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանը նշեց, որ ծանոթ լինելով Գերմանիայի հայ գործարարների միության ծավալած տասնյոթ տարվա գործունեությանը, կարող է փաստել՝ միության աշխատակիցները մշտապես համայնքի կողքին են և Հայրենիքից հեռու հայկական միջավայր են ստեղծում:

Վերջում ՀՀ սփյուռքի նախարարը շրջայց կատարեց պոլիկլինիկայում և ծանոթացավ կատարված աշխատանքներին: