«Հայաստանում գաստրոտուրիզմը զարգացնելու բոլոր պայմաններն առկա են». Աննա Մազմանյան

%d5%a1%d5%b6%d5%b6%d5%a1

Միջազգային տնտեսագիտության և կորպորատիվ կառավարման մասնագետ, ռեստորանային, հյուրանոցային բիզնեսի խորհրդատու, բլոգեր և «Hartak Food» փորձի փոխանակման փառատոնի ղեկավար Աննա Մազմանյանն աշխատանքային տարիների ընթացքում ունեցած բոլոր հաջողությունները միշտ ծառայեցնում է Հայաստանի տարբեր ոլորտների զարգացմանը: Ապրելով Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում՝ տարին մի քանի անգամ Հայրենիք է գալիս՝ հանդես գալով տարաբնույթ նախաձեռնություններով:

«Հայերն այսօր»-ը գործարար կնոջ հետ զրուցել է նրա ծավալած գործունեության և իրականացրած նախագծերի շուրջ:

-Աննա՛, Ձեր ուժերը տարբեր ոլորտներում եք փորձում. զբոսաշրջություն, հյուրանոցային բիզնես, խոհարարական արվեստի ուսումնասիրություն և այլն: Այս ամենին հասնելու համար` ի՞նչ ճանապարհ եք անցել:

 – Ավարտել եմ Մոսկվայի պետական համալսարանը, սովորել եմ նաև Հարվարդի համալսարանում: Երկար տարիներ աշխատել եմ բանկում, այլ կազմակերպություններում, ինչպես նաև Անկախ տնօրենների ասոցիացիայում` որպես նախագծերի ղեկավար: Խորհրդատվական և նախագծերի իրականացման ոլորտներում մեծ փորձ ունեմ: Աշխատել և փորձառություն եմ ձեռք բերել աշխարհի լավագույն ռեստորաններում:

Ինձ միշտ գրավել է ճամփորդելու և ուտեստեների ուսումնասիրության միտքը: Ժամանակի ընթացքում հասկացա, որ ցանկացած մարդ հեշտությամբ կարող է որևէ երկրի պատմության, մշակույթի և ժողովրդի մասին պատկերացում կազմել՝ համտեսելով այդ երկրի ավանդական ուտեստները: Այս գաղափարի «հետքերով» գնալով՝ 2012 թվականին հիմնեցի «Food Adventures» (Ուտելու արկածներ) բլոգը, որտեղ ընթերցողներին ռուսերեն և անգլերեն լեզուներով ներկայացնում եմ հիմնականում հայկական ավանդական ուտեստների բաղադրատոմսերը և լուսանկարները, նաև Հայաստանում գտնվող հյուրանոցների, ռեստորանների և խոհարարների մասին եմ տեղեկություններ տեղադրում: Ներկայացնում եմ նաև Հայաստանի մարզերին հատուկ ճաշատեսակներ:

Շատ էի ցանկանում Հայաստանի հետ կապված որևէ ծրագիր իրականացնել, ազգային ուտեստների միջոցով մեր երկիրը ճանաչելի դարձնել. մենք ունենք մարդկային հզոր ներուժ, որը պետք է ըստ արժանվույն օգտագործել:

-Ուտեստների բաղադրատոմսերը որտեղի՞ց եք գտնում, ուսումնասիրության աղբյուրը ո՞րն է:

 –Տարբեր ձևերով: Գտնում եմ խոհարարների, գյուղի բնակիչների կամ համացանցի միջոցով: Նույնիկս Մոսկվայից եմ կապ հատատում նրանց հետ և խնդրում, որ բաղադրատոմսեր ուղարկեն, որոնք զետեղում եմ կայքում:

-Բլոգը մշտադիտարկու՞մ եք, հայկական խոհանոցի համբավը մինչև աշխարհի ո՞ր երկրներ են հասնում:

 -Հաճախակի հետևելով բլոգի մշտադիտարկմանը՝ նկատել եմ, որ հիմնականում Եվրոպայից են այցելուները, մեծ հոսք կա Ավստրալիայից, Հնդկաստանից, Ռուսաստանից և այլ երկրներից: Ի դեպ, նրանք հայեր չեն, այլև՝ օտարերկրացիներ, որոնց հետաքրքրել է՝ աշխարհի մի անկյունում գտնվող Հայաստանն ինչպիսի երկիր է և ինչպիսի խոհանոց ունի: Այս հանգամանքն է շահագրգռում է նրանց, որ Հայաստան այցելեն:

-Կարող ենք ասել, որ Ձեր գործունեությամբ խթանում եք Հայաստանում զբոսաշրջության զարգացմանը:

-Ճիշտ եք, 2012 թվականից եմ գաստրոտուրիզմով զբաղվում: Այժմ փորձում ենք զբոսաշրջության այս ճյուղը զարգացնել Հայաստանում: Կարծում եմ՝ հայկական բնաշխարհը, էկո սնունդը, հայկական հյուրասիրությունը և մեր ավանդական հարուստ խոհանոցը մեզ թույլ են տալիս զարգացնել տուրիզմի այս ճյուղը:

Սկսելու ենք գաստրոտուրեր կազմակերպել այն մարդկանց համար, ովքեր հատուկ հետաքրքրվածություն ունեն խոհանոցային մշակույթի հանդեպ կամ սիրում են «համեղ» ապրել: Այս տեսակի էքսկուրսիաները կարող են առաջին հայացքից մի փոքր տարբերվել դասական էքսկուրսիաներից, բայց նաև ունեն լրացուցիչ, անչափ համեղ ու հետաքրքիր կանգառներ և այցելություններ: Հայաստանյան խոհանոցը բազմազան է, իսկ գաստրոտուրիզմը տարածված լինելով ամբողջ աշխարհում՝  զբոսաշրջիկների շրջանում մեծ պահանջարկ ունի:

 -Հայկական խոհանոցից այլազգի զբոսաշրջիկների նախընտրելի ուտեստները որո՞նք են:

-Առհասարակ, ես զբոսաշրջիկներին ուղեկցում եմ ճաշելու այնպիսի վայրեր, որտեղ նախապես եղել եմ և համոզված եմ, որ դժգոհելու առիթ չեն ունենա: Առաջին անգամ Հայաստանում գտնվող զբոսաշրջիկին գոհացնելու  համար դա շատ կարևոր նախապայման է:

Զբոսաշրջիկները հատկապես տպավորված են հայկական թարմ ու համեղ բանջարեղենի առատ տեսականուց: Նրանք միշտ հիացական խոսքերով ասում են, որ ուրիշ ոչ մի ազգի խոհանոցում բանջարեղեններից պատրաստված աղցանների ու այլ ուտեստների նման բազմազանություն չեն տեսել:

Շատ կարևոր է զբոսաշրջիկների շփումը տվյալ երկրի մարդկանց հետ: Եթե ուզում ես քո երկիրը դրական տպավորություն թողնի նրանց վրա, ապա պետք է հենց դրական մարդկանց հետ ծանոթացնես: Այդ նկատառումը հաշվի առնելով՝ էքսկուրսիաներին մեզ ուղեկցում են ճարտարապետներ, դիզայներներ կամ նկարիչներ, որոնք զբոսաշրջիկներին տվյալ վայրի մասին հավելյալ տեղեկություն են տալիս:

Մեկ անգամ էլ զբոսաշրջիկների խմբին Ամանորին հայկական ընտանիք էինք տարել, որպեսզի տեսնեին, թե հայերն ինչպես են նշում այդ տոնը և ավանդական ինչ ճաշատեսակներ են պատրաստում: Նրանք տան անդամների հետ միասին պատրաստեցին ուտեստները և սեղան նստեցին՝ իբրև հարազատներ:

Մարդկային այսպիսի շփումները զբոսաշրջիկին կապում է տվյալ երկրի հետ և նա, անկասկած, նորից վերադառնալու ցանկություն է հայտնում:

anna-3

-Հետաքրքիր է իմանալ, թե հայկական ազգային ուտեստներից որո՞նք եք սիրում, Ձեր ընտանիքում այդ ուտեստների պատրաստման մշակույթը պահպանու՞մ եք:

– Շատ եմ սիրում Գյումրիի ավանդական կերակուրները: Հավանում եմ նաև Լոռու մարզի, հատկապես՝ Ալավերդու բազմատեսակ ուտեստներով հարուստ խոհանոցը: Երբեմն ընտանիքիս անդամների համար այդ ուտեստներից պատրաստում եմ:

Իսկ ազգային, եկեղեցական տոներին՝ Սուրբ Զատիկ, Նոր տարի, Բուն Բարեկենդան և այլն, մեր տան սեղանից տոնը խորհրդանշող ճաշատեսակներն անպակաս են:

Հայաաստանից հեռու գտնվելով՝ ինձ համար շատ կարևոր է երեխաներիս համար այդ ճաշատեսակները պատրաստել, քանի որ նրանց այդ միջոցով չեմ թողնում՝ հայկական մշակույթն ու պատմությունը մոռանան:

-Աննա՛, Հայաստան հաճախ գալով՝ ակտիվորեն տարբեր նախագծեր եք իրականացնում, իսկ սահմանամերձ շրջանների բնակչությանն աջակցելուն ուղղված ծրագրեր ունե՞ք մշակած. չէ՞ որ նրանց հիմնախնդիրները ուշադրության կենտրոնում պահելը կարևոր հարց է:

-Սոցիալական տարբեր ծրագրեր կան սահմանամերձ գոտիների բնակիչներին օգնելու համար: Ես փորձում եմ միշտ նրանց կողքին գտնվել, թոթափել նրանց հոգսը: Այնպիսի պայմաններ եմ ստեղծում, որ բիզնես ոլորտը կապեմ գյուղացիների հետ:

Աշխատանքի բերումով հաճախակի լինելով սահմանամերձ համայնքներում՝ նկատել եմ, որ գործունյա մարդիկ կան այնտեղ, ովքեր մեր աջակցության կարիքն ունեն: Հիացած եմ Տավուշի մարզի Բերքաբեր գյուղի մարդկանց աշխատասիրությամբ. չնայած առկա դժվարություններին՝ ոչ ոք չի լքել գյուղը, բոլորը տարբեր աշխատանքներ են կատարում և լուծում հանապազօրյա հաց վաստակելու խնդիրը: Տեղեկանալով, որ «Օքսվամ» և «One Armenia» կազմակերպությունները Տավուշի մարզի կանանց համար արդեն մի քանի տարի սոցիալական կարևոր ծրագիր են իրականացնում՝ որոշեցի միանալ այդ նախաձեռնությանը: Այդ կազմակերպությունները ջերմոցներ են կառուցում և շահագործման հանձնում՝ լուծելով նրանց  աշխատանքային զբաղվածության հարցը:

Իսկ ես օգնում եմ ժրաջան կանանց, որ ջերմոցում աճեցված բանջարեղեններն ու մրգերը կարողանան սպառել ռեստորաններում և համապատասխան այլ վայրերում:

Սահմանամերձ շրջանների տղամարդկանց մեծ մասը գնացել է արտերկրում աշխատելու, իսկ կանայք միայնակ են հոգում կենցաղային հարցերը, ուստի պետք է սատարել նրանց ու հավաստիացնել, որ ամեն ինչ լավ է լինելու: Այդ գյուղերում կրակահերթերի տակ աշխատելը  ամենօրյա հերոսություն է, հատկապես՝ երբ խոսքը կանանց է վերաբերվում: Նրանք հիմա ոգևորված աշխատում են, քննարկումներ են կազմակերպում և աշխատանքային պլան մշակում:

Հարցազրույցը՝ Գևորգ Չիչյանի

%d5%a1%d5%b6%d5%b6%d5%a12