Աշտարակում հաստատվել է սիրիահայ գործարարի` 50 000 դոլարի չափով ներդումային ծրագիրը

277267_464796283606242_395522417_o_1-thumb

Արագածոտնի մարզում հաստատված ներդրումային ծրագրերից մեկը սիրիահայ գործարար Կարո Կարապետյանինն է: Երիտասարդ գործարարը նախաձեռնում է Աշտարակ քաղաքում մետաղի հղկումից և մշակումից պատրաստվող իրերի արտադրություն հիմնել, որի նախապատրաստական աշխատանքներն արդեն սկսվել են:

Tert.am-ի հետ զրույցում Կարո Կարապետյանը նշեց, որ Սիրիայից Հայաստան տեղափոխվելուց հետո Աշտարակում են հաստատվել և այստեղ էլ որոշել են գործ դնել:

Հիշեցնենք, որ 6 մարզերից՝ Լոռու, Տավուշի, Գեղարքունիքի, Շիրակի, Արարատի և Արագածոտնի, հավանության են արժանացել 11 ներդրումային ծրագրեր:
«Հիվանդանոցի մահճակալներ, երկաթյա կահույք, հետազոտման սարքավորումներ, ատամնաբուժարանի սեղաններ և մետաղի հետ կապված նմանատիպ իրար կպատրաստենք: Պահանջը, կարծում ենք, կա, հաստոցներն ու անհրաժեշտ սարքավորումները պատվիրել ենք, արդեն ճանապարհին է»,-ասաց նա:

Կարեն Կարապետյանը նշեց, որ գործարանը Աշտարակում կլինի: «Աշտարակը նախընտրեցինք,  քանի որ փոքր քաղաք է, մենք էլ նոր ենք այս երկրում, կսկսենք այստեղից»,-ասաց նա:

Ներդրումների չափը կլինի 50 000 դոլարի չափով, որի մի մասը կստանան Կառավարության աջակցությամբ տրվող ցածր տոկոսադրույքով վարկերի միջոցով:

«Ինչ-որ կակնկալեինք կառավարությունից, վարչապետից, ամեն ինչն էլ հեշտությամբ ստացել ենք, ամեն բան էլ լավ է, հեչ պրոբլեմ չունինք»,-ասաց նա: Իսկ ակնկալիքը եղել է ցածր տոկոսադրույքով վարկերը: «Մենք խնդրել ենք, որ Կառավարության միջնորդությամբ ստանանք վարկ՝ ցածր տոկոսադրույքով: Արդեն գործնական փուլում ենք, հաստատվել է և 10- 15 օրվա մեջ արդեն կփոխանցեն»,-ասաց նա:

Կարո Կարապետյանը նշեց, որ պատվերներ արդեն ունեն. «Հիվանդանոցների հետ խոսել ենք, ապագայում կուզենք Ռուսաստան, Ասիա և այդ կողմերը տարածենք, իհարկե,  Ղարաբաղում նույնպես կփորձենք իրացնել»,-ասաց նա: