Ամեն հայ պետք է գա Հայաստան. կանադահայ Թանիա Շիշմանյան

shishmanyan

Մեկ-երկու ամսից Հայաստանը կհյուրընկալի մոտ 75 կամավորների՝ աշխարհի տարբեր երկրներից: Նրանց թվում են ոչ միայն սփյուռքահայեր, այլև այլազգիներ, ովքեր հետաքրքրված են Հայաստանով:

Հայ կամավորների միությունը (Armenian Volunteer Corps ( AVC)), որը գործում է 2002 թվականից, մինչ այժմ ավելի քան 650 կամավորների է ընդունել Հայաստանում, իսկ նրանց թիվը տարեցտարի ավելանում է: Օրինակ՝ 2015-ին 35 կամավոր է ժամանել Հայաստան, անցյալ տարի՝ 60-ից ավելի: Հետաքրքրությունը չի պակասում՝ անկախ նրանից, որ Հայաստան այցելության գրեթե բոլոր ծախսերն իրենք են հոգում: Այս մասին Noranor.ca-ին պատմել է AVC ընկերության գործադիր տնօրեն կանադահայ Թանիա Շիշմանյանը:

ՆԱԽԿԻՆ ԿԱՆԱԴԱՀԱՅ

Շիշմանյանը ծնվել է Կանադայի Վանկուվեր քաղաքում, ապա տեղափոխվել ու ապրել Մոնրեալում: Ակտիվորեն ներգրավված է եղել հայկական տարբեր կազմակերպություններում՝ մասնավորապես ՀԲԸՄ-ի և Թեքեյան մշակութային կենտրոնի ծրագրերում: Ամուսինը ՀՀ ժողովրդական արտիստ, հայտնի պարուսույց և նկարիչ Ռուդոլֆ Խառատյանն է: Վերջինիս աշխատանքի բերումով ընտանիքը տեղափոխում է Վաշինգտոն, որտեղ ապրում են մոտ 18 տարի, որից հետո՝ 2009-ին, դարձյալ ամուսնու նոր աշխատանքը Հայաստան տեղափոխվելու առիթ է հանդիսանում:

«Ուղղակի արագացավ, մի քանի տարի շուտ եկանք, բայց մենք միշտ խոսում էինք ու մտադիր էինք, որ մի օր պիտի գանք Հայաստան՝ ապրելու»,– ասում է Շիշմանյանը, ով 2011 թվականից, որպես ոլորտում կայացած ու փորձառու անձ, ստանձնել է Հայ կամավորների միության գործադիր տնօրենի պաշտոնը: Վաշինգտոնում նա համագործակցել է Հայ կամավորների միության քույր կազմակերպության՝ «Դեպի Հայք»ի հետ:

Մոնրեալի հայկական համայնքում Շիշմանյանն ակտիվ գործունեություն է ծավալել, ինչը չի կարող ասել Վաշինգտոնի մասին, որտեղ, ըստ նրա, համայնքը լավ կազմակերպված չէր: Բայց Հայաստանի հետ կապը միշտ է եղել: Առաջին անգամ եղել է հայրենիքում 90-ականների սկզբին՝ դժվարին ժամանակաշրջանում, իսկ ԱՄՆ-ում հայկական համագումարում ղեկավարել է հայկական մեծ ծրագիր, որի շնորհիվ ամեն տարի առիթ է ունեցել այցելել Հայաստան: Այսպիսով, նա տարիների ընթացքում տեսել, ճանաչել է Հայաստանը, հետևել է զարգացումներին:

Հայաստանում հաստատվելը դժվար չէր ամուսինների համար, ովքեր տեղափոխվեցին՝ զավակներին թողնելով Վաշինգտոնում: Դուստրը, ով «Վաշինգտոն բալետ» խմբի գլխավոր պարուհին է, այցելում է Հայաստան, պար դասավանդում, բայց նրա կարիերան առայժմ ԱՄՆ-ում է:

ԵՐԿԻՐԸ ՃԱՆԱՉԵԼԻ ԴԱՐՁՆԵԼ

Թանիա Շիշմանյանը Հայաստանում էլ զարգացման հեռանկար է տեսնում երիտասարդության համար՝ շեշտելով. «Հատկապես ընտանիքների համար շատ լավ տեղ է երեխաներ մեծացնելու համար, որովհետև մարդկային շփում, վստահություն, ամեն ինչ կա։ Հիմա նաև ապագա կա հաստատ՝ լավ դպրոցներ և համալսարաններ, արագ թափով զարգացող IT ոլորտ։ Բոլոր հայերը պիտի գան Հայաստան»:

Հայաստանը հիմա անցումային փուլում է գտնվում, հետևաբար նա խնդիրները բնական է համարում՝ վստահություն հայտնելով, որ դրանց լուծման համար յուրաքանչյուր հայ իր ջանքերը պետք է ներդնի։ Իսկ որ զարգացում կա, դրանում համոզված է:

«Պետք է ճանաչելի դարձնել Հայաստանը: Մեզ թվում է, թե ամբողջ աշխարհը գիտի Հայաստանի մասին, ու բոլորը սպասում են, որ պետք է գան, օգնեն, բայց դրսում թերի գիտեն Հայաստանը: Հայերի սովորության համաձայն՝ վատ բաներն են տարածվում ու դրանք են տպավորվում մարդկանց մոտ։Սակայն հիմա այնքան լավ բաներ են կատարվում ամեն օր, որոնց մարդիկ տեղյակ չեն։ Հենց դա է պետք քարոզել»,-նշում է Հայ կամավորների միության տնօրենը:

Ճանաչելի դարձնելու դեպքում ոչ միայն մարդկային, նաև ներդրումների հոսք կլինի դեպի Հայաստան, ինչին նա միմիայն կողմ է, ավելին՝ Թանիա Շիշմանյանը կողմ է նաև Հայաստանից այն մարդկանց արտագաղթին, ովքեր հնարավորություն չեն տեսնում։ Իր մոտեցումը բացատրում է հետևյալ կերպ.

«Ես կողմ եմ, որ բաց լինի, մարդիկ գնան-գան, նոր մտքերի, նոր գաղափարների հոսք լինի: Եթե լճացած մարդիկ՝ «քառակուսի մտածողները» պիտի մնան, լավ չէ, ավելի լավ է՝ գնան, ու թարմ, աշխատասեր, ազատ մտածող մարդիկ գան»:

Նա վստահ է, որ Հայաստանում, անկախ փոքր երկիր լինելու հանգամանքից, զարգացման մեծ հնարավորություններ կան, և եթե մարդիկ գնում են, մեղավորը երկիրը չէ: «Դա իրենցից է, Հայաստանից չէ, որոշում են գնալ, որովհետև նոր բան են փնտրում կամ երբեք բավարարված չեն լինում»,– շեշտում է նա:

Իսկ որպեսզի երկիրը զարգանա, աշխարհում ապրող 7 մլն հայերից յուրաքանչյուրը գոնե մեկ անգամ պետք է լինի Հայաստանում, այնինչ, նրանցից շատ քչերն են եղել հայրենիքում: «7 մլն-ից ո՞ր %-ն է եղել Հայաստանում։ Շատ փոքրը: Ամեն հայ պետք է գա Հայաստան, եթե հնարավոր է՝ երկար, եթե երկար չի մնում, գոնե այնպիսի կապեր հաստատի, որ վերադառնալիս, արդեն այդ կապերի միջոցով Հայաստանի հետ լինի մտավոր ու հոգեկան շփման մեջ, որ ամեն հայ իրեն իր հայրենիքի մասնիկը զգա»,– ասում է AVC ընկերության տնօրենը, ով վերջին 6 տարիներին անմիջական կերպով ներգրավված է այդ աշխատանքներում:

 ՀԱՅ ԿԱՄԱՎՈՐՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆԸ

Ամերիկահայ մի քանի երիտասարդներ, ովքեր ծառայել են Հայաստանում՝ որպես ԱՄՆ խաղաղության կորպուսի կամավորներ, որոշեցին, որ Սփյուռքին ևս նման մի ծրագիր է հարկավոր, որպեսզի աշխարհի տարբեր երկրներից մարդիկ երկարաժամկետ այցելեն Հայաստան ու ծանոթանան երկրին: Սկզբում քչերն էին գալիս Հայաստան, սակայն ժամանակի ընթացքում ոչ միայն ավելացան այցելուների թիվն ու այցելության ժամկետները, այլև ծնվեց նաև քույր՝ «Դեպի Հայք» կազմակերպությունը, որի թիրախ են հանդիսանում սփյուռքահայ 20-32 տարեկան երիտասարդները, մինչդեռ AVC-ն նույն տարիքի այլազգի և 21-ից բարձր տարիքի հայ ու օտարազգի քաղաքացիների այցն է ապահովում:

«Մեծամասնությունը սփյուռքահայ պրոֆեսիոնալներ են, որ գալիս են Հայաստանը խորացված ձևով ճանաչելու: Շաբաթական 20-30 ժամ աշխատում են կամավոր, շփվում են այլ աշխատակիցների հետ։ Շատերն ապրում են հյուրընկալ ընտանիքներում և մտնում են առօրյա հայկական իրականության մեջ ու ավելի լավ են ծանոթանում Հայաստանին, քան նրանք, ովքեր գալիս են որպես զբոսաշրջիկ և մակերեսորեն են տեսնում Հայաստանը»,– ներկայացնում է գործադիր տնօրենը:

Մարդկանց Հայաստան են բերում ամենատարբեր հետաքրքրությունները՝ մի դեպքում՝ միջազգային հարաբերությունների, բնապահպանության, մարդու իրավունքների խնդիրները, մյուս դեպքում՝ հետաքրքրությունը Կովկասի և նախկին ԽՍՀՄ երկրների հանդեպ, մեկ այլ պարագայում էլ՝ պարզապես հայրենիքին օգտակար լինելու ցանկությունը:

Կամավորների ընտրությունը կատարելիս հաշվի են առնվում նրանց մասնագիտական ունակությունները, լեզուների իմացությունը կամ շփվելու ցանկությունը: Նրանք կարող են Հայաստանում մնալ 2 շաբաթից մինչև մեկ տարի: Կարճաժամկետ ժամանում են հիմնականում պրոֆեսիոնալ մասնագետները, ովքեր իրենց փորձի փոխանակմամբ կարճ ժամանակում կարող են մեծ օգնություն ցուցաբերել, իսկ նրանք, ովքեր հավանում են Հայաստանը, կարող են երկարացնել ժամկետը: Նման անձինք ևս քիչ չեն, թեև ֆինանսական ծախսերի բեռը մեծ մասամբ հենց իրենց ուսերին է ընկած:

«Մենք իրենց ոչ մի բանով չենք օժանդակում, բացի դիմավորելուց, հյուրընկալ ընտանիք տանելուց։ Առաջին օրը թրեյնինգ ենք անցկացնում, շաբաթը երկու անգամ հայերենի դասընթացներ և այլ ծառայություններ ենք մատուցում՝ ֆորումներ, մատչելի գներով արշավներ և այլն»,– եզրափակում է կառույցի ղեկավարը:

Անցյալ տարի Հայաստան ժամանել են կամավորներ 17 երկրներից, նրանց թվում 3-ն են եղել Կանադայից, այս տարի կլինի միայն մեկը՝ ոչ թե կանադահայ, այլ կանադացի: