Պատգամավոր Նորա Արիսյանը ողջունում է Սիրիայի խորհրդարանի «Ղաումի սուրի» կուսակցության Հայոց ցեղասպանությունը դատապարտող պահանջը

%d5%bd%d5%ab%d6%80%d5%ab%d5%a1

Փետրվարի 23-ին Սիրիայի խորհրդարանի «Ղաումի սուրի» կուսակցության խմբակցության նախագահ Սամիր Հաժժարին խորհրդարանում հանդես է եկել Հայոց ցեղասպանությունը դատապարտող պահանջով:

Այս առիթով ներկայացնում ենք «Հայերն այսօր»-ի հարցազրույցը Սիրիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Նորա Արիսյանի հետ:

-Տիկի´ն Արիսյան, ինչպիսի՞ն են եղել Սիրիայի խորհրդարանի քայլերը Հայոց ցեղասպանության ճանաչման ուղղությամբ:

– 2015 թվականին Սիրիայի խորհրդարանի նախագահ Մուհամմադ Ջիհադ ալ-Լահամիի գլխավորած պատվիրակությունը մասնակցեց Երևանում կայացած Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին և ելույթ ունեցավ: Միաժամանակ խորհրդարանը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը հիշատակելու համար հատուկ նիստ գումարեց, որի ընթացքում պատգամավորները մեկ րոպե լռությամբ հոտնկայս հարգեցին նահատակների հիշատակը: Նիստi ընթացքում ելույթներով հանդես եկան մի շարք պատգամավորներ:

– 2016 թվականի նստաշրջանին,  երբ դուք արդեն խորհրդարանի պատգամավոր էիք, ի՞նչ նախաձեռնություններ եղան Հայոց ցեղասպանության ճանաչման հարցով:

– 2016 թվականի հունիսին պատգամավոր Նիդալ Հմեդին պահանջեց, որ Սիրիայի խորհրդարանը ճանաչի Հայոց ցեղասպանությունը: Իսկ արդեն դեկտեմբերին ես Սիրայի արտաքին գործերի նախարարի ներկայությամբ ելույթ ունեցա և ներկայացրի ՄԱԿ-ի կողմից դեկտեմբերի 9-ին «Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի և արժանապատվության, այդ հանցագործության կանխարգելման միջազգային օրվա» մասին հրապարակված փաստաթուղթը, ինչպես նաև 1948 թվականին ՄԱԿ-ի կողմից ընդունված Ցեղասպանության հանցագործության կանխարգելման և պատժի շուրջ համաձայնագիրը՝ Արտաքին գործերի նախարարից պահանջելով Հայոց ցեղասպանության դատապարտումը:

Հավելեմ, որ նույն նիստին Սիրիայի խորհրդարանի պատգամավոր Ալան Պաքըրը, միանալով իմ դիմումին, նոյնպես պահանջեց Հայոց ցեղասպանության ճանաչումը:

Նշեմ նաև, որ 2016 թվականի հոկտեմբերին դիմում եմ ներկայացրել Խորհրդարան՝ Հայոց ցեղասպանությանը նվիրված դրոշմաթուղթ թողարկելու մասին:

– Տիկի´ն Արիսյան, անդրադառնանք Սիրիայի խորհրդարանի 2017 թվականի փետրվարի 23-ի նիստին:

–  Այդ օրը Սիրիայի խորհրդարանի անդամ, «Ղաումի սուրի» կուսակցության խմբակցության նախագահ Սամիր Հաժժարը ելույթ ունեցավ և պահանջեց դատապարտել Սիրիայի հողերի վրա Օսմանյան թուրանականության կողմից իրականցված կոտորածները: Հաժժարը անդրադարձավ մարդկության դեմ  կատարված ոճիրներին, շեշտելով նման ոճիրները դատապարտելու միջազգային թուլությունը: Միաժամանակ ընդգծեց, որ հանցագործների անպատիժ մնալը պատճառ դարձավ, որ այդ ոճիրները նույն իրականացնողի կողմից կրկնվեն արդեն սիրիացի քաղաքացիներին դեմ: Անպատիժ մնացած հանցագործներն այսօր ֆինանսավորվում են Թուրքիայի ներկա կառավարության կողմից՝ նյութական միջոցներով և զենքով:

Հաժժարը հաստատեց, որ Թուրքիան շարունակում է մնալ բոլոր ժողովուրդներին դեմ ծայրահեղական մտքի և ագրեսիվ միտումների քարոզիչը: «Սիրիական հողերի վրա 1894 թվականից ի վեր 1,5 միլիոն և ավելի հայերի դեմ իրականացված է ցեղասպանություն: 1914-18 թվականներին 750 հազար ասորիներ կոտորվեցին, 1916 թվականին Հալեպում 200 հազար սիրիացիներ սպանվեցին: 2011 թվականին հազարավոր սիրիացիների դեմ կատարվեցին նույն ոճիրները, որոնք վաղեմություն չեն ճանաչում: Մարդկային դիտանկյունից և միջազգային օրենքի տեսանկյունից դիմում ենք և հաստատում, որ պատմականորեն օսմանցիների կողմից իրականացված Ցեղասպանության ծրագիրը շարունակվում է նորօսմանական կառավարության ձեռքով, և առ այսօր ունի թուրանական միտք: Հայ ժողովրդի դեմ իրականացված հանցագործությունը ճանաչվել է ավելի քան 24 պետության կողմից և որակվել որպես Ցեղասպանություն: Այս ամենը հաշվի առնելով՝ նպատակահարմար ենք գտնում, որ Սիրիայի խորհրդարանը ևս դատապարտի այդ ջարդերն ու ցեղասպանությունը, որոնք կատարվել են իր հողերի վրայ»,- իր ելույթի ընթացքում ասել է Հաժժարը:

– Տիկի´ն Արիսյան, այս բոլոր քայլերից հետո, որոնք տեղի են ունենում 2015 թվականից առ այսօր, ի՞նչ կարելի է սպասել:

– Հայոց ցեղասպանության հարցը մշտապես շրջանառության մեջ դնելը և պետական բարձր մակարդակի վրա հնչեցնելը շատ կարևոր հանագամանք է Սիրիայում և Արաբական աշխարհում: Այդ պատճառով հարկավոր է աշխատանք տանել և´ ճանաչման, և´ դատապարտման, և´ հատուցման ուղղություններով:

Լուսինե Աբրահամյան

%d5%bd%d5%ab%d6%80%d5%ab%d5%a11 %d5%bd%d5%ab%d6%80%d5%ab%d5%a12