«Շատ եմ կարևորում ու արժևորում «Արի տուն» հայրենաճանաչողական ծրագիրը». Սուսաննա Բագրատունյան

%d5%a1%d6%80%d5%ab-%d5%bf%d5%b8%d6%82%d5%b67

ՀՀ սփյուռքի նախարարության «Արի տուն» հայրենաճանաչողական ծրագրի շրջանակներում տարիներ շարունակ սփյուռքահայ բազմաթիվ տղաներ ու աղջիկներ են գալիս Հայաստան, ծանոթանում Հայրենիքի տեսարժան վայրերին, պատմամշակութային կոթողներին, սովորում հայերեն, իսկ նրանք, ովքեր գիտեն մայրենին, հարստացնում են հայոց լեզվից ունեցած իրենց գիտելիքների պաշարը: Նրանք հանգստանում են նաև Հայաստանի գեղատեսիլ բնության գողտրիկ անկյուններից որևէ մեկում, մասնակցում զանազան միջոցառումների, քանդակի, մաքրամեի, հայրենագիտության, երգի, պարի դասերի և նախապատրաստվում հրաժեշտի խարույկի թատերականացված միջոցառմանը: Սփյուռքահայ երեխաների համար հայրենաճանաչողական յուրօրինակ և հրաշալի դասեր են նաև հյուրընկալ ընտանիքներում անցկացրած օրերը. այդ ընտանիքների հյուրընկալ միջավայրում նրանք ծանոթանում են հայաստանյան ընտանիքների նիստուկացին, սովորույթներին, հայկական ավանդական ճաշատեսակներին, շփվում և ընկերանում հյուրընկալ ընտանիքի իրենց հասակակիցների հետ:

Այդ հյուրընկալ ընտանիքներից մեկի ներկայացուցիչ, ընտանիքի մայր Սուսաննա Բագրատունյանի հետ «Հայերն այսօր»-ի համար զրուցեցի նրանց ընտանեկան հարկի ներքո տարբեր տարիների  հյուրընկալված հայորդիների մասին, և տիկին Սուսաննայի պատմածներից հասկացա, որ նրանց ընտանիքում այդ հյուրընկալությունն արտառոց երևույթ չի համարվել, որովհետև հայ մարդն, առհասարակ, բոլոր ժամանակներում աչքի է ընկել իր հյուրընկալ, հյուրամեծար բնավորությամբ:

-Տիկի՛ն Սուսաննա, մեր զրույցն սկսենք հայի հյուընկալ, հյուրամեծար, հյուրասեր էությունից…

-Այո՛, հայերը միշտ եղել են ու մնացել են այդպիսին. այս դեպքում մեր հյուրերը հարազատներ էին, այսինքն՝ աշխարհի տարբեր երկրներից եկած հայորդիներ: Դժվար չէ լինել հյուրընկալ ու հյուրասեր, եթե հոգումդ ու սրտումդ, անկախ ազգային պատկանելությունից, սեր կա՝ Աստծո պարգևներից ու պատվիրաններից ամենակարևորը:

-Քանի՞ երեխաների եք հյուրընկալել Ձեր հարկի ներքո:

-Տարբեր տարիների՝ երեք երեխաների՝ Ամերիկայից, Ֆրանսիայից և Ջավախքից: Բոլորին շատ սիրեցինք. աշխատել ենք, որ նրանք ազատ, հանգիստ զգան մեր տանը, ճաշակեն մեր ավանդական կերակուրները, մասնակցեն զանազան միջոցառումների, խոսեն մայրենի լեզվով: Երբ վերադառնում էին էքսկուրսիաներից, այնքա՜ն ոգևորված էին պատմում այդ ամենի մասին, որ մենք ակամայից ցանկանում էինք կրկին այցելել մեր Հայրենիքի տեսարժան վայրերը:

– Ձեր ընտանիքի բոլոր անդամները համաձա՞յն էին այդ որոշման հետ:

-Անշու՛շտ. մենք՝ ամուսինս, ես, 2 աղջիկներս ու տղաս միակարծիք ենք եղել այդ հարցում: Հիմնականում ամուսինս էր նրանց առավոտյան տանում նշանակված վայր և էքսկուրսիայից հետո դիմավորում ու տուն բերում, սակայն երբեմն՝ նաև տղաս էր մեր հյուրերին ուղեկցում: Ամեն մի հյուր մեր ընտանիքի անդամների կողմից ընդունվել է ջերմությամբ, հարազատի նման:

-Դուք, եթե չեմ սխալվում, աշխատում եք Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի Կրթության, մշակույթի և սպորտի բաժնում և, բնականաբար, շատ ծանրաբեռնված եք լինում. ո՞վ է Ձեր հյուրերի համար կերակուրներ պատրաստել, օգնել Ձեզ:

-Ամուսնուս մայրը՝ սկեսուրս՝ մի ժրաջան, շնորհալի կին, ով շատ սիրով, ջերմությամբ օգնել է ինձ, կերակուրներ պատրաստել, հյուրասիրել. մեր ընտանիքում հյուրերի համար բոլորը պատրաստակամ են եղել:

-Կապ ունե՞ք նրանց հետ:

-Հիմնականում երեխաներս են կապը պահում, սոցիալական ցանցով նամակագրական կապի մեջ են, սակայն ավելի շատ կապված ենք Ջավախքից մեր տանը հյուրընկալված երեխայի հետ:

-Տիկի՛ն Սուսաննա, այս ամռանը հյուընկալելու մտադրություն ունե՞ք:

-Սիրով կյուրընկալեի, սակայն աղջիկս նշանվել է և ամուսնության հարցերով շատ զբաղված կլինենք, սակայն ոչինչ չի բացառվում. դեռ պարզ չէ:

– Նրանց հետ կապված ի՞նչ առանձնահատուկ դեպք կարող եք հիշել:

-Ամերիկայից մեր տանը հյուրընկալված երեխայի մայրն էլ այդ տարի մասնակցում էր «Սփյուռք» ամառային դպրոցի դասընթացներին, անհանգիստ էր, որոշել էր գալ մեր տուն, տեսնել, թե որտեղ, ինչպես է ապրում իր երեխան. իհարկե, շատ լավ տպավորություն ստացավ: Մենք սեփական տուն ունենք, որի պատշգամբից երևում է Մասիսը: Մեր հյուրը, պատշգամբից տեսնելով Մասիսի վեհաշուք տեսարանն, այնքան բարձր բացականչեց՝ եկե՜ք, Մասի՜սը,Մասի՜սը, տիկինն իր հիացմունքն այնքա՜ն արտառոց ձևով արտահայտեց, որ բոլորս վազեցինք պատշգամբ…Նա իր աղջկան անընդհատ ասում էր՝ շու՛տ, շու՛տ, նկարի՛ր այս տեսարանը: Միայն հեռվից Արարատի մասին լսած ու նկարներով այն տեսած մարդու համար, իրո՛ք, դա մի հեքիաթային, աննկարագրելի պահ էր :

-Տիկի՛ն Սուսաննա, ի՞նչ կասեք «Արի տուն» ծրագրի մասին:

-Շատ եմ կարևորում ու արժևորում այդ ծրագիրը՝ հայրենաճանաչողության իմաստով: Շատ հայորդիներ առաջին անգամ են լինում Հայաստանում, ծանոթանում Հայրենիքի պատմամշակութային հուշարձաններին, շփվում Հայաստանում բնակվող և Սփյուռքի տարբեր երկրներից ծրագրին մասնակցող իրենց հասակակիցների հետ: Հիրավի, ողջունելի ծրագիր է:

Զրուցեց Կարինե Ավագյանը