« Դու մեր մեծ երթի գավազանակիր…». գրում են Դիժոն քաղաքի հայ աշակերտները

capture

Ավարտին է մոտենում ՀՀ սփյուռքի նախարարության կազմակերպած «Մայրենիի շաբաթ»-ը՝ հագեցած զանազան միջոցառումներով, սակայն աշխարհի տարբեր երկրներում բնակվող հայ աշակերտները դեռևս շարունակում են մեզ ուղարկել սրտի թրթիռով, սիրով ու մայրենիի հանդեպ ունեցած ջերմ զգացումներով հագեցած իրենց շարադրությունները, որոնք պարբերաբար տեղ են գտնում «Հայերն այսօր»-ում: Մեր ընթերցողների ուշադրությանն ենք ներկայացնում ֆրանսիայի Դիժոն քաղաքից մեզ ուղարկած շարադրություններից:

Իմ քաղցր լեզու
1. Լեզուն ազգի հոգին է, կենդանի է այդ հոգին, կենդանի է ազգը, կենսունակ է առաջինը, ուրեմ կենսունակ է և երկրորդը: Վ. Տերյան
Հայոց լեզու… Աշխարհի հնագույն լեզուներից մեկը: Այն ոչ միայն հաղորդակցման միջոց է, այլ մի ողջ ազգի ինքնուրույնությունն ու գոյատևման գործոն: Յուրաքանչյուր հայի համար մոր պես սուրբ ու թանկ է մայրենի լեզուն:
Մեր լեզուն ճկուն է ու բարբարոս,
Առնական է, կոպիտ, բքյց միևնույն պահին
Պայծառ է նա, որպես մշտաբորբոք փարոս՝
Վառված հրով անշեջ դարերում հին…
Մեր լեզուն նուրբ է ու քնքուշ, փխրուն է ինչպես ճենապակին, կարծր է ու բարձր հայոց լեռների պես, անառիկ է ինչպես հայոց ամրոցները, քաղցրաբառ է, քաղցրահնչյուն նման երկնային երաժշտության, գեղեցիկ է ու բացառիկ իր ճկունությամբ…
Դեռ որքան կարելի է շարունակել այն ածականների շարքը, որ կբնորոշեն հայոց լեզուն:
Սակայն ավելորդ է գեղեցիկ բառեր փնտրել՝ փառաբանելու այն լեզուն, որով Խորենացին պատմություն է գրել, Նարեկացին՝ ողբ է մրմնջացել, Տերյանը՝ աշուն երգել, Թումանյանը
«Անուշ» գրել, իսկ Սևակը՝ «Անլռելի զանգակատուն»:
Հայոց լեզուն, հայն իր արյան գնով է պահել, իսկ լեզվի շնորհիվ ապրել ու գոյատևել է ազգը:
Ես հպարտ եմ, որ զավակն եմ հայ ազգի ու խոսում եմ իմ մայրենի լեզվով և ինչպես ամեն հայ, իմ պարտքն եմ համարում անաղարտ պահել նախնիներիցս ինձ հասած երկաթյա լեզուն:
«Հայերենը, իբրև Արարատյան լեզու, կոչվում է «Աղոթաքի լեզու», այն աստվածային ճոխ ու աննման լեզու է »:
Մարիամ Մկրտչյան
2. Աշխարհում երեք բան կա հավասարապես թանկ ու սիրելի, սրբազան ու անփոխարինելի, երեքն էլ չեն հանդուրժում դավաճանություն և ուրացում:
Մայր, մայր հայրենիք, մայրենի լեզու:
Մայր, որ քեզ կյանք է տվել, հայրենիք, որտեղ կյանք ես առել, մայրենի լեզու, որով մայրդ օրօր է ասել, որով խոսել են մանկական շուրթերդ: ՈՒ եթե ուրանաս մորդ, հայրենիքդ, կամ լեզուդ, ապա կուրանաս ինքդ քեզ, կկորցնես դեմքդ ու նկարագիրդ:
Ես հայ եմ ու իմ կյանքի առաջին օրերից ինձ սովորեցրել են սիրել եւ պահպանել իմ լեզուն՝ հայերենը: Բազում փորձությունների միջով անցած, հայ ազգի պես հալածված ու հին, բայց միշտ գեղեցիկ ու թանկ իմ լեզուն:
Յուրաքանչյուր հայ մարդ, երբ սկսում է խոսել հայերեն, պադգամ է ստանում աչքի լույսի պես պահել հայոց լեզուն: Չէ որ հայոց լեզուն ու հայ գիրն էր, որ պահեցին մի ողջ ազգ, որ փակեցին ոսոխի ճամբան ու դարերի խորքից եկան ու հասան մեր սերնդին: Եվ մեր պարտքն է նույն մաքրությամբ ու անաղարտությամբ այն փոխանցել հաջորդ սերունդներին:
Եկեք խոսենք մաքուր հայերենով, չէ որ այն այնքան գեղեցիկ ու պարզ է, հնչեղ ու քաղցր է, չէ որ այն մերն է :
Դու մեր հավատի, սիրո վիմաքար,
Մշտնձենահոս իմաստուն նվագ,
Քո վերընձյուղված քնքուշ թևերով
Դու երջանկության դուռը բացող զանգ…
Սյուզաննա Աղասյան
3. ՈՒ տես որդիս, ուր էլ լինես,
Այս լուսնի տակ ուր էլ գնաս,
Թե մորդ անգամ սրտիցտ հանես
Քո մայր լեզուն չմորանաս
Հեռացա երկրիցս… Հեռացա… Հեռացա, բայց չդադարեցի հայերեն խոսել, հայերեն լսել, հայերեն զգալ ու հայերեն կարոտել:
Չդադարեցի, որովհոտև անհնար է կանգնեցնել այն, ինչ ներսումդ կյանք է առել՝ քո կյանք առնելու օրից: Դադարել խոսել հայերեն, նշանակում է ուրանալ, ուրանալ հողդ, հայրենի տունդ, ուրանալ մորդ: Այո մորդ և գիտեք ինչու, որովհետև երբ առաջին քայլերիդ հետ նա քեզ առաջին բառերն է սովորեցրել, նա դա չէր անում, որ դու հասակ առնես ու օտարի գիրը, օտարի լեզուն քոնը դարձնես, նա դա անում էր, որ քո մայրենին անաղարտ պահես, որ քո լեզվով խոսես ու քո լեզվով հպարտանաս:
Եվ ում է պետք քո մայրենին ավելի շատ, եթե ոչ քեզ: Դեռ դու պիտի այն տարածես, այն բարձրացնես ու սրբացնես:
Քո լեզուն հասարակ չէ, քո լեզուն հերթական չէ, այն անցյալ ունի ամեն մարդու պես:
Երբ ես ծառայում էի հայրենիքիս, դա չէի անում ժամանակս վատնելու համար, ես ծառայում էի ինձ համար, իմ ընտանիքի ու հայրենիքի համար: Ես ու իմ նման հազարները ծառայում էին բոլոր հայերի համար, նրանցմ՝ ովքեր երկրում էին և նրանց՝ ովքեր երկրիցս հեռու էին: Ես ու իմ նմանները ծառայեցինք, որ ժողովուրդս այսօր իր երկրում հայերեն խոսի, որ իմ երկրում ծնվող ամեն մանկիկ իր առաջին խոսքը հայերեն ասի:
Արտավազդ Միքաելյան
4. Եթե կարողանայի ներկայացնել, թե ինչ է նշանակում ինձ համար մայրենի լեզուն, գուցե արժանի կդառնայի կոչվելու այդ լեզվի կրողը, արժանի ժառանգն այն փոխանցելու գալիք սերունդներին: Նա միշտ հնարավորություն է տվել արտահայտելու իմ միտքը, ներկայացնելու ինքս ինձ, իսկ այսօր ես ունեմ նրան ներկայացնելու հնարավորություն, ինչպես արժանի աշակերտն՝ իր ուսուցչին:
Իմ մայրենի լեզուն անաղարտ է, հպարտ ու ներդաշնակ, նուրբ ու գեղեցիկ, քաղցր ու անուշ, փայլում է իր շքեղությամբ:
Նա նման չէ այն լեզուներին, որոնք առաջին տողերից գրավում են, նա խորհրդավոր է և միշտ օժտված զարմացնելու կարողությամբ: Մեր լեզուն չի հանդուրժում միօրինակությունը, սիրում է խաղալ բառերի հետ: Նա աղոթքի լեզու է: Նա նման է այն ժողովրդին, ով կրում է այդ լեզուն՝ պարզ, մաքուր ու հաճելի: Նա ասես պատմում է մեր ժողովրդի մասին, փառաբանում նրա ուժը: Մեր լեզուն համառ է, գոյատևելու, ապրելու ու զարգանալու զարմանալի կամք ունի: Տխրության մեջ այն տխուր է, ուրախության մեջ՝ ուրախ: Հայոց լեզուն մեր սրտի կանչն է, որ ուր էլ լինենք, ուր էլ գնանք, այն մեզ հետ կլինի: Ինչպես որ հացն է սուրբ մարդու համար՝այդպես էլ լեզուն է: Մեր լեզուն հոգուց է բխում և հացին հավասար համ է տալիս մեր բերանին: Լեզուն մեր գոյության հիմքն է, նա մեզ ներկայացնում է աշխարհին:
Նա իմ լեզուն է:
Տաթևիկ Զաքարյան
5. Արարիչը տիեզերքն արարելիս ամեն բանում առաքելությունների շղթա է գրել վերից վեր: Ամեն ազգի էլ մի առավելություն է տվել: Խոսքը բնական ազգերի մասին է, որոնց թվարկելու համար ձեռքի երկու մատներն էլ շատ են: Հայերիս էլ մեր առաքելությունն է տվել, մի անկրկնելի և անփոխարինելի առաքելություն, ինչն էլ ամփոփված է մեր լեզվում : Հայ լեզուն պարունակում է Աստծո խոսքը, միտքը, մտածողությունը : Աստված մի տեղ պետք է իր խոսքը պահպաներ, որպեսզի միշտ հաստատի իր ներկաությունը մարդու կյանքում: Եվ տիեզերքի բարձրագույն շնորհքը՝ Աստծո խոսքը վստահվել է մեզ՝ հայերիս:
Հայերենը ոչ միայն աստվածային լեզու է՝ տրված մարդկանց, այլև աստվածների լեզու է՝ տրված աստվածներին ու տիեզերքին : Հայոց լեզվով կարելի է Աստվածային մտածողությունն ըմբռնել, հասկանալ ու վերծանել, կարելի է աստվածների հետ երկխոսել պարզապես, ինչպես հոգով, այնպես էլ անմիջական խոսքով, որն, իհարկե, բոլորին չէ, որ հասու է բոլորին չէ, որտրվում է… կարելի է նաև արարչի ու արարչական ամեն գոյի հետ շփվել :
Հայոց այբուբենի կերտման ստեղծման համար պարտական ենք երախտապարտ մեծ ուսուցչին՝ Մեսրոպ Մաշտոցին: Նրա շնորհիվ 405 թ ստեղծվեց ադամանդակուռ այբուբենը. այդ օրվանից ծաղկում ապրեց հայ մշակույթը, թևակոխեց մի նոր շրջան՝ Ոսկեդարյան ժամանակաշրջան : Դարեր շարունակ մեր լեզուն ու նրանով ստեղծված մշակույթը եղել են համաշխարհային քաղաքակրթության մեջ: Մեր լեզուն եղել է ինքնատիպության, ազգապահպանության հոգևոր անվտանգության ամենազորեղ կռվարաններից մեկը:
Մեր լեզուն այնքան հին է, ինչքան մենք ենք, իսկ թե ինչքան հին ենք մենք՝ նույնիսկ ներկայիս գերհզոր ուղեղներն անգամ դեռ չեն կարող պատկերացնել : Ազգի ինքնությունը, լինելիությունը պայմանավորված է լեզվով, հավատով, այսինքն ինչով որ առանձնանում է այլ ազգերից : Մեր արահետը հեշտ չի ընթացել ,մեը ուղին հանգիստ չի անցել : Մեր պատմությունը խոսուն է . այդ մասին վկայում են սեպագրված շատ պատմավեպեր :
Պայքարել ենք բազում թշնամիների դեմ, չնայած փոքրաթիվ զորքի գերակշռությանը՝ ունեցել ենք շատ կորուստներ, զոհեր, արյունառուշտ տեսարաններ, բայց տարել ենք բարոյական հաղթանակ. հավատացե՛ք, դա ամենամեծ հաղթանակն է գոտեպայքարում : Հենց այս գաղափարների գիտակցում է, որ մեր ազգին, ի տարբերություն շատ ազգերի, փրկել է ոչնչացումից : Լեզուն օդ ու ջրի, մոր նման բնազդային պահանջմունքն է, որով ապրում ենք, սակայն չէնք գիտակցում գոյությունը, քանի դեռ այն վտանգված չէ:
ԵՎ միայն այն ժամանակ, երբ հասկանում ենք կորստի սարսափը, սթափվում ենք… Չմոռանանք, որ լեզուն մեր հայրենիքն է. ինչպես հայրենիքը, այնպես էլ լեզուն ևս կարիք ունի ամենօրյա պաշտպանության : ՈՒստի մեզանից միայն մի բան է պահանջվում. ամեն օր, ամեն ժամ պահպանենք մեր լեզուն: Կոչ եմ անում բոլորիս, միահամուռ հավաքական ուժով պահպանենք մեր լեզուն, մեր թանկարժեք կարողությունը : Խոսենք մաքուր անաղարտ հայերենով:
Արման Ռուշանյան
6. Ես ծնվել եմ Ֆրանսիայում, բայց հայ եմ և խոսում եմ հայերեն։ Երբ դարձա 7 տարեկան, մայրս օր ու գիշեր ջանում էր, որ ես հայերեն խոսելուց բացի, նաև գրել և կարդալ սովորեմ։ Առաջին մի տարին մայրիկիս չնեղացնելու համար, չհասկանալով ուղղակի գրում էի տառերը, կարելի է ասել գրքից արտագրում էի, առանց տառի նշանակությունը հասկանալու։ Երբ հասկացա, որ մայրիկս լուրջ է տրամադրված սկսեցի ծուլանալ ու դժգոհել։ Մի օր լացակումաց հարցրեցի, թէ ինչիս է պետք հայերեն սովորելը, եթե ապրում եմ Ֆրանսիայում, խնդրեցի, որ նա գոնէ մեկ պատճառ ասի, որի համար արժեր սովորել։ Չէք հավատա, բայց մայրս այնքան պատճառ բերեց, որ եթե ցանկանամ այդքանը հիշել չէմ կարողանա։ Մայս նեղացած փակեց գիրքը և մի կողմ հրեց։ Այդ դեպքից հետո ինձ, որպես անարժան զավակի արգելեց բացել գիրքը և այլևս չստիպեց սովորել։ Մայրենի լեզուն սովորելու պատճառներից մեկը, որ տպաորվել էր իմ մեջ, ստիպեց ինձ մի օր գաղտնի վերցնել գիրքը և սովորել։ Մայրիկիս պատճառները այնքան իրական էին ու հետաքրքիր, որ 4 ամսում սովորեցի հայերենի բոլոր տառերը գրել ու կարդալ, հետագայում սկսեցի ուսումնասիրել մեր պատմությունը և այնքան բան գիտեմ հայրենիքիս մասին, որքան ծնողներս, կարող եմ հպարտորեն ասել որ ես իմ երկրի արժանի զավակն եմ և կլինեմ նաև արժանի զինվորը։ Հպարտ եմ նաև, որ տիրապետելով մայրենի լեզվիս, ճանաչելով իմ հայրենիքը զգում եմ հոգով հայ լինելս և ինքնուրույն, իմ մայրենի լեզվով, գրում եմ ինձ հանձնարարված շարադրությունս
Արմեն Բաղրամյան

7. Ես հայ եմ, ծնվել եմ Հայաստանում, բայց հանգամանքների բերումով դժբաղտաբար ապրում եմ օտար երկրում: Ես խոսում եմ հայերեն, մայրս հպարտանում է ինձնով, իսկ ես այն սուրբ գրքով, որի շնորհիվ սովորեցի իմ քաղցր լեզուն, իմ անուշ մայրենին : Ես խոսում եմ նաև օտար լեզվով, բայց ես այնքան անզոր եմ ինձ զգում, երբ որևէ մեկը, միտքս չի հասկանում։ Երբեմն արտասվելու աստիճան փորձում եմ ամեն գնով միտքս հասանելի դարձնել, բայց չի ստացվում։ Երբեմն բառերը խեղտում են կոկորդս ուզում եմ արտահայտել միտքս, բայց օտար լեզվով բառը չեմ գտնում և միշտ միտքս կիսատ է մնում : Այնքան անուշ ու քաղցր է իմ մայրենի լեզուն, այնքան հասկանալի ու պարզ, բառապաշարով հարուստ, մի չքնաղ ու անտեսանելի գանձ օտարի աչքում : Երանի աշխարհի բոլոր երկրնեում խոսեյին իմ մայրենի լեզվով, թեպետ իմ մայրենին այնքան գեղեցիկ ու երգեցիկ է, որ եթե օտարը հասկանար նրա տանկարժեքությունը այդ ժամանակ կփորձեր խլել մեզնից :
Ա՜խ, իմ մայր լեզու,
Իմ հայոց լեզու,
Որքան անուշ ես
Որքան քաղցր ես դու։
Լինա Մադովետ 
8. Իմ մայրենի լեզուն սկսվում է իմ անունից, այն քաղցր է ու անուշ ինչպես իմ անունը «Անուշ»։
Մեզ հանձնարարվծ է գրել շարադրություն, բայց ես կցանկանայի գրել մի իրական պատմություն, որը կատարվել է ինձ հետ և իմ ողջ կյանքում հիշողությանս մեջ կմնա, որպես «Իրական» շարադրություն։
Ծնվել մեծացել եմ Հայաստանում, բայց երկար տարիներ է ապրում եմ Ֆրանսիայում։
Առաջին կուրսի ուսանողուհի էի, մի օր ֆրանսերեն դասավանդող դասախոսս, ով էտպես էլ երբեք չկարողացավ անունս ճիշտ արտասանել, հարցրեց անունիս նշանակությունը։ Անկեղծ եմ ասում պապանձվել էի, տիրապետելով փայլուն ֆրանսերենի, չէի կարողանում պատասխանել մի պարզ հարցի, ի՞նչ է նշանակում անուշ։ Եվ իրոք ինչպե՞ս կլինի անուշը ֆրանսերեն։ Փորձում էի բացատրություն գտնել կմկմում էի, հետո ասացի, որ չգիտեմ ու ողջ լսարանը ծիծաղեց, թէ ինչպե՞ս կարելի է մարդ չիմանա անունի նշանակությունը։
Հուզմունքս տեսնելով դասախոսը խնդրեց մի քիչ պատմեմ մեր լեզվի առանձնահատկության մասին, նրան հետաքրքիր էր, թէ ի՞նչ կա մեր լեզվի մեջ, որ նրանց համար այդքան անհասկանալի ու անբացատրելի է։
Աչքերս իսկույն փայլեցին, միայն տեսնեյիք իմ փքված տեսքը, ինքս ինձ հերթ չտալով շնչակտուր պատմում ու ներկայացնում էի հային, հայերենը ու Հայաստանը։ Մենք հայերս՝ Հայկի ժառանգները աշխարհում առաջին ազգն ենք, որ 301 թվականին քրիստոնեությունը ընդունեցինք, որպես պետական կրոն։ Քրիստոնեություն ընդունելուց մեկ դար հետո, ստեղծվեց հայոց այբուբենը, որն աստվածային ուղղերձ էր համայն մարդկության։
Հայերենի տառերը ստեղծել է մեր առաջին ուսուցիչ Մեսրոպ Մաշտոցը 405 թվականին։ Հայերենով գրված առաջին նախադասությունը թարգմանված էր աստվածաշնչից Սողոմոնի առակներից, «Ճանաչել իմաստություն և խրատ, իմանալ գործը հանճարի»։ Մեր ճոխ ու հարուստ հայերենը համարվում է՝ աստվածաշնչի թարգմանությունների թագուհի։ Հայերեն ունի 39 տառ, ամեն տառն իր մեջ ունի խորհուրդ, տառերից շատերը ունեն լրիվ կամ կիսատ խաչի տեսք, ինչպես օրինակ գ, ե, է, ժ, ի,վ,փ, ք և այլն։ Նույնիսկ հայոց այբուբենի դասավորվածությունն իր մեջ խորհուրդ ունի։ Եթե այբուբենը դասավորենք չորս շարքով, ապա այն կխորհրդանշի բնության չորս տարերքները՝ օդ, ջուր, կրակ, հող, եթե դասավորենք եռանկյան տեսքով, ապա ամեն անկյունում կստացվի Ա,Ս,Ք, տառերը, այսինքն՝ Արարիչ, Սուրբ հոգի, Քրիստոս։ Ինչպես ասում են առեղծվածային ու աստվածային է հայոց այբուբենը։
Եթե խոսեմ իմ մայրենի լեզվից, միտքս երբեք չի ավարտվի, քանի որ Մաշտոցյան մարգարտյա հարուստ ժառանգություն մեզ թույլ է տալիս անվերջ խոսել ու գովաբանել մեր լեզուն այնպիսի բառերով, որոնք աշխարհի ոչմի լեզվով չի թարգմանվի և բացատրություննել հասկանալի չի լինի ինչպես իմ անունը ՝ Անուշ։
Հայերենի ամեն տառի ու բառի նշանակություն ու բացատրությունը հասկանալու համար պետք է լինել հայ, տեսնել Արարատն ու Արագածը, մայր տաճարում հայերենով լսել հայր մերը, փշաքաղվել դուդուկի հնչյուններից, շոշաբել մեր խաչքարերն ու նրանց մեջ խոսող նաղշերը, համտեսել ծիրանը, խաղողը, նուռը, զգալ հայի աչքերի ցավն ու հոգու մաքրությունը։ Եվ միայն այս ամենը տեսնել, զգալ ու ապրելուց հետո կհասկանաք ինչ է նշանակում անուշ, կզգաք մեր լեզվի համն ու հոտը, քնքշանքն ու մաքրությունը, բարդություն ու առանձնահատկությունը։
Խոսքս ավարտելուց հետո, Ինքս ինձնից գոհ արտասանեցի նրանց համար անհասկանալի տողեր՝
Իմ մայրենի ու մայրերի լեզու
Ձեր համ ու հոտին մեռնեմ։
Դասախոսն ապշած էր, լսարանում քար լռություն, իսկ իմ աչքերում նախանձելի հպարտություն։
Եվ զանգը հնչեց…
Անուշ Իսպիրյան