ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի շնորհավորական ուղերձը Մայրենիի տոնի առթիվ

Նախարար1

Աշխարհասփյուռ իմ սիրելի՛ հայրենակիցներ,

Այսօր աշխարհի շատ ժողովուրդներ տոնում են «ՅՈՒՆԵՍԿՕ»-ի կողմից հաստատված Մայրենիի օրը: Հայաստանում այն պետական տոն է, տոն, որն ամփոփում է մեր ինքնության ու լինելիության մեծագույն խորհուրդը, և ես սիրով և հպարտությամբ եմ շնորհավորում բոլորիս այս սրբազնագույն տոնի առթիվ:

Մայրենին հայ ժողովրդի հավերժության խոսուն վկան է, նրա առջև ծագած բոլոր մարտահրավերների անպարտելի հաղթաթուղթը, քանզի լեզուն զենքի ուժ ու զորություն ունի: Լեզուն այն երջանկության բանալիներից մեկն է, որով շատ դռներ ենք բացում, ինչպես Պարույր Սևակն է ասել. «…Երջանիկ է նա, ով քեզ կարող է կոչել Մայրենի, երանելի է, ով քեզանով է խոսում ու դատում»:

Հիրավի, մեր Մայրենին բանալի է դեպի դարերի խորքը, դեպի հայ գրչության ու դպրության մատյաններն ու հազարամյակներից եկող տաճարների առեղծվածն ու պատմության քառուղիները: Մենք այդ հարստության տերն ենք, Արարչագործի մեծ պարգևին արժանացած հնամենի ժողովուրդ, ով բյուր թշնամյաց դեմ կռիվներ է տվել՝ հանուն հավատի, հանուն Մայրենիի և մատյաններ է փրկել ավերածություններից ու հրո ճարակից:

Սիրելի՛ հայրենակիցներ,

Դարերի խորքից է գալիս և գնում է դեպ դարերը մեր լեզուն: Եվ՛ բանավոր, և՛ գրավոր մշակույթի բոլոր կոթողներում հայերենը կատարյալ է: Մեր Մայրենին պարզ ու անմիջական է Գողթան երգերում ու էպոսում, շքեղ ու կանոնավոր՝ Խորենացու ու Նարեկացու ձեռագիր մատյաններում, ճկուն ու բազմաշերտ՝ Շիրակացու ու Հերացու գործերում, հուզական ու սիրառատ՝ Քուչակի ու Սայաթ-Նովայի քերթվածքներում,  հզոր ու առնական՝ Վարուժանի ու Չարենցի երկերում… Եվ օտարն է Աստծո հետ խոսելու միակ լեզուն համարել հայերենը… Իր բոլոր դրսևորումներով հայոց լեզուն մշակութային մեծագույն արժեք է, հազարամյակների ընթացքում սերունդների լեզվական արարումի արդյունք ու գանձարան:

Այսօր, առավել քան երբևէ, անհրաժեշտ է համայն հայության ողջ ներուժն ուղղորդել Մայրենիի պահպանմանն ու տարածմանը, քանի որ համաշխարհայնացվող աշխարհում լեզուն է ազգային ինքնության պահպանման գրավականն ու աշխարհով մեկ սփռված հայության ազգային պատկանելիության վկայությունը, մեր միասնականության գլխավոր կռվանը:

Դիմելով Ձեզ՝ աշխարհասփյուռ իմ հայ երիտասարդներ, հարազատորեն կոչ եմ անում.

թանկագիններս, սովորե՛ք մեր ոսկեղենիկ լեզուն, խոսե՛ք հայերեն, սիրե՛ք ու պաշտե՛ք Մայրենին՝ իբրև սրբություն սրբոց, իբրև մեր ազգային ինքնության և լինելիության վկայական: Եկե՛ք ազգովի պահենք ու պահպանենք մեր լեզուն՝ մեր Հայրենիքը:

Կրկին շնորհավորում եմ բոլորիս այս ոգեղեն տոնի առթիվ: Փառաբանենք ու պահպանենք մեր Մայրենին՝ մեր ինքնության վահանը, մեր գոյության առհավատչյան:

Մենք կանք, քանի դեռ խոսում ենք հայերեն…

Հարգանքով՝

ՀՀ սփյուռքի նախարար

Հրանուշ Հակոբյան