Մխիթարյանը վերսկսել է մարզումները «Մանչեսթեր Յունայթեդի» ընդհանուր խմբում

78

«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, որը չի մասնակցել Եվրոպայի լիգայի եզրափակչի 1/16 խաղին ֆրանսիական «Սենտ Էտյենի» հետ, վերսկսել է մարզումներն ընդհանուր խմբում, հայտնում է manutd.ru-ն:

Ավելի վաղ «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչԺոզե Մոուրինյոն ասել էր, որ Հենրիխ Մխիթարյանը չի մասնակցել «Սենտ Էտյենի» հետ խաղին թեթև մրսածության պատճառով:

«Մենք փոքր խնդիրներ ունեինք Ռունիի, Կարրիկի և Մխիթարյանի հետ: Առավոտյան Միկին բազա եկավ մրսած: Բացի այդ, բոլոր խաղացողներն առողջ են ու լավ մարզավիճակում են»,-ասել է մարզիչը:

Նշվել է, որ մարզչական կենտրոնակայանը հուսով է, որ Մխիթարյանը, որը 2016-ի նոյեմբերից 5 գնդակ է խփել, 4 գոլային փոխանցում է կատարել և 5 անգամ ճանաչվել է հանդիպման լավագույն ֆուտբոլիստ, կկարողանա մասնակցել «Բլեքբերնի» հետ գավաթի համար պայքարում:

Եվրոպայի լիգայի խաղարկության 1/16 եզրափակչում «Մանչեսթեր Յունայթեդը» սեփական հարկի տակ ընդունել է ֆրանսիական «Սենտ Էտյենին»: Խաղն ավարտվել է 3:0 հաշվով. Զլատան Իբրահիմովիչըհեթ-տրիկ է ձևակերպել:Պատասխան խաղը տեղի կունենա փետրվարի 22-ին: