«Աշխարհի ամենաթանկ ու հարազատ անկյունն ինձ համար Հայաստանն է՝ այն հողը, որն ինձ կյանք ու ազգային պատկանելություն է տվել». Տաթև Ամիրյան

Աշխարհի տարբեր երկրներում ապրող ու ստեղծագործող մեր հայրենակիցներից շատերը, չկտրվելով իրենց արմատներից, կարողանում են օտար ափերում պահել ու պահպանել մեր արվեստի ու մշակույթի գոհարները, ապրել ու ապրեցնել իրենց

արվեստի երկրպագուներին հոգևոր բարձրագույն արժեքներով, հիացնել ու զարմացնել հայի՝ մշտահոս տաղանդի յուրօրինակ դրսևորումներով: Նրանցից մեկն էլ ամերիկաբնակ, մեր տաղանդավոր հայրենակցուհին է՝ աշխարհահռչակ բեմեր նվաճած կոմպոզիտոր ու դաշնակահար Տաթև Ամիրյանը, ում հետ «Հայերն այսօր»-ի համար ծավալվեց մեր զրույցը:

-Հարգել՛ի հայրենակցուհի, Ձեր արվեստի երկրպագուները շատ են աշխարհի տարբեր ծայրերում և, բնականաբար, մեր Հայրենիքում ևս. ե՞րբ եք պատրաստվում ելույթ ունենալ Հայրենիքում և ի՞նչ ծրագրով:

– Հայրենիքում բազմիցս հանդես եմ եկել համերգային ծրագրերով և այս տարի նույնպես ծրագրում եմ հանդես գալ հեղինակային մենահամերգով: Ինչպես նաև՝ մոտ ապագայում պլանավորում եմ անցկացնել հայ կին կոմպոզիտորների երաժշտության փառատոն, որի շրջանակներում կհնչեն նաև իմ ստեղծագործությունները:

-Ո՞րն է Ձեր երազած գործը, որը դեռևս չեք կատարել:

– Քանի որ ես կոմպոզիտոր-դաշնակահար եմ և կատարում եմ հիմնականում իմ հեղինակային ստեղծագործությունները, և առայսօր հանդես եմ եկել իմ՝ միայն մենանվագ և կամերային ստեղծագործությունների կատարումներով, շատ կուզենայի ապագայում կատարել նաև իմ հեղինակային դաշնամուրային կոնցերտը նվագախմբի ուղեկցությամբ:

-Երաժշտակա՞ն են Ձեր ակունքները, թե՞ ի վերուստ տրված շնորհն է միայն ուղղորդել:

– Իմ գերդաստանում առհասարակ երաժիշտներ չկան, և ես չեմ սերում երաժիշտների ընտանիքից: Ուստի, իմ դեպքում, այո՛, կարելի է ասել, որ այդ շնորհը ինձ տրվել է ի վերուստ:

-Սիրելի՛ Տաթև, կարո՞ղ եք առանձնացնել Ձեր համերգներից ամենահիշարժանը և ինչո՞վ է պայմանավորված այդ երևույթը:

– Իմ համերգներից ամենահիշարժանը թերևս վերջերս կայացած իմ հեղինակային մենահամերգն էր Սան Ֆրանցիսկոյի Սուրբ Հովհաննես հայկական եկեղեցում: Սա ԱՄՆ-ում կայացած իմ առաջին մենահամերգն էր, որի ընթացքում ես օտարերկրյա լսարանին ներկայացա որպես հեղինակ-կատարող: Մինչ այդ ես բազմիցս հանդես էի եկել տարբեր համերգային ծրագրերով՝ կատարելով հայ, դասական և ժամանակակից կոմպոզիտորների գործեր ու դաշնամուրային իմպրովիզացիաներ:

-Դուք կոմպոզիտոր եք և դաշնակահարուհի, ո՞րն է Ձեզանում գերակայում, որտե՞ղ եք Ձեզ ավելի կայացած ու արհեստավարժ զգում:

– Ստեղծագործելն ինձ համար միշտ եղել է առաջնային, քանի որ այն ինձ ինքնաարտահայտվելու ավելի մեծ հնարավորություն է ընձեռում: Կարծում եմ, որ երկու ասպարեզներում էլ կարող եմ ինձ համարել հավասարապես արհեստավարժ, քանի որ երկուսում էլ զուգահեռաբար կատարելագործվել եմ շուրջ երկու տասնամյակ:

-Ձեր գործերը հիմնականում նվագում եք Դուք, ինչպես նաև՝ ուրիշները, ո՞ւմ կատարումը կարող եք առանձնացնել այդ առումով:

– Լինելով դաշնակահար՝ ես շատ բծախնդիր եմ հատկապես իմ դաշնամուրային գործերի կատարման հանդեպ և միշտ չէ, որ այլ կատարողների մեկնաբանությունն ինձ լիովին գոհացնում է: Ես համագործակցել եմ հայ և օտարերկրյա անվանի շատ դաշնակահարների հետ, որոնցից ամենահաջողվածը կարող եմ համարել հայ դաշնակահար, ՀՀ վաստակավոր արտիստ Հայկ Մելիքյանի հետ իմ համագործակցությունը: Որպես հայ դաշնակահար՝ նա, թերևս, ամենաճիշտն է զգում և մատուցում իմ երաժշտությունը և նրանում առկա հայկականը: Կցանկանայի նաև առանձնացնել ամերիկացի դաշնակահար Ջեֆրի Ջակոբի և Ճապոնացի դաշնակահարուհի Յուկո Յոշիոկայի կատարումները:

-Տեղյակ եմ, որ Հայող ցեղասպանության 100-րդ տարելիցի հետ կապված՝ ևս նախաձեռնություն եք ունեցել. կպատմե՞ք այդ մասին:

-Ցեղասպանության 100-րդ տարելիցի շրջանակներում համերգային կատարումներով հանդես եմ եկել Հյուսիսային Քալիֆորնիայի հայկական եկեղեցիներում անցկացված բարեգործական միջոցառումներին, ինչպես նաև՝ դասախոսություններով և համերգային ծրագրերով հանդես եմ եկել ԱՄՆ-ի Ֆլորիդայի և Քաննեքտիկուտի համալսարաններում՝ որպես հրավիրված արտիստ: Ցեղասպանության 100-րդ տարելիցին է նվիրված նաև իմ դոկտորական դիսերտացիան, որը ծավալուն ստեղծագործություն է՝ դաշնամուրի և լարային նվագախմբի համար, և որը պաշտպանել եմ 2016 թ-ին, Միսուրիի համալսարանում՝ ստանալով Երաժշտական արվեստների դոկտորի աստիճան:

Նշեմ նաև, որ իմ «Waiting For the Dawn» ստեղծագործությունն ընդգրկվել է Հայկ Մելիքյանի Հայոց ցեղասպանության հարյուրերորդ տարելիցին նվիրված «Echoes of Altar» ձայնասկավառակում, որը թողարկվել է ՀՀ Սփյուռքի նախարարության հետ համատեղ:

-Համագործակցում եք ՀՀ վաստակավոր արտիստ, հայտնի դաշնակահար Հայկ Մելիքյանի հետ և թողարկել եք «Ortus» ՝«Սկզբնաղբյուր» կոչվող խտասկավառակը. ի՞նչ գործեր են ամփոփված այդ սկավառակում. խնդրում եմ մանրամասնեք դրա նախապատմությունը:

%d5%bf%d5%a1%d5%a9%d6%87-%d5%a1%d5%b4%d5%ab%d6%80%d5%b5%d5%a1%d5%b62%d5%bf%d5%a1%d5%a9%d6%87-%d5%a1%d5%b4%d5%ab%d6%80%d5%b5%d5%a1%d5%b66

– Հայկ Մելիքյանի հետ բախտ եմ ունեցել համագործակցելու դեռ 2012 թվականից, երբ նրանից հատուկ իր համար նոր ստեղծագործություն գրելու առաջարկ ստացա: Դրանից հետո նա բազմիցս կատարել է իմ երաժշտությունը Հայաստանում և եվրոպական տարբեր երկրներում: Քանի որ նա արդեն որոշ չափով ծանոթ էր իմ գործերին և դրանցից որոշներն արդեն հնչել ու ձայնագրվել էին նրա կատարմամբ, ինքնըստինքյան անհրաժեշտություն հասունացավ դրանք համախմբել մեկ ալբոմում: Որոշեցինք այն անվանել «Ortus», քանի որ այն իմ առաջին ձայնասկավառակն է և խորհրդանշում է նորի սկիզբ: Ձայնասկավառակն ընդգրկում է վերջին տարիների իմ դաշնամուրային բոլոր գործերը՝ ժամանակագրական հաջորդականությամբ:

-Համաշխարհային դասական, սիմֆոնիկ և ջազային գործերի հեղինակներից ու՞մ գործերն են Ձեզ առավել հոգեհարազատ:

– Դժվարանում եմ առանձնացնել կոնկրետ հեղինակների, քանի որ նրանք շատ շատ են, բայց որպես հեղինակ-կատարող և կոմպոզիտոր, ում երաժշտությունը բխում է ժողորդական ակունքներից, կցանկանայի առանձնացնել հատկապես 20-րդ դարի հունգարացի կոմպոզիտոր և դաշնակահար Բելա Բարտոկին, ում ես առավելապես մոտ եմ համարում իմ ստեղծագործական պրոֆիլին, և ում երաժշտությունից ես շատ բան եմ սովորել: Ինձ համար մեծ ոգեշնչում է եղել նաև Ամերիկացի կոմպոզիտոր և դաշնակահար Ջորջ Գերշվինը՝ ջազային արվեստի իր յուրովի մատուցմամբ:

-Դուք սովորել եք Ամերիկայում, ապրում և ստեղծագործում եք Ամերիկայում. որտե՞ղ է Ձեր սիրտը….

– Միացյալ Նահանգները համարում եմ իմ երկրորդ հայրենիքը, քանի որ այն ինձ ապրելու և ստեղծագործելու բարենպաստ պայմաններ և կայանալու հնարավորություն է ընձեռել, բայց աշխարհի ամենաթանկ ու հարազատ անկյունն ինձ համար Հայաստանն է՝ այն հողը, որն ինձ կյանք ու ազգային պատկանելություն է տվել: Հայաստանն իմ տունն է, ուր ես միշտ կվերադառնամ:

Զրուցեց Կարինե Ավագյանը

%d5%bf%d5%a1%d5%a9%d6%87-%d5%a1%d5%b4%d5%ab%d6%80%d5%b5%d5%a1%d5%b63%d5%bf%d5%a1%d5%a9%d6%87-%d5%a1%d5%b4%d5%ab%d6%80%d5%b5%d5%a1%d5%b64%d5%bf%d5%a1%d5%a9%d6%87-%d5%a1%d5%b4%d5%ab%d6%80%d5%b5%d5%a1%d5%b61%d5%bf%d5%a1%d5%a9%d6%87-%d5%a1%d5%b4%d5%ab%d6%80%d5%b5%d5%a1%d5%b65

Scroll Up