Գիրքը նպաստում է ճիշտ կերպարաընկալում ունենալուն. Հրանուշ Հակոբյան

img_2902

Հասարակության, մասնավորապես, երիտասարդության շրջանում գիրք կարդալու ցանկությունը խթանելու նպատակով Aysor.am-ը շարունակում է ընթերցանությանը նվիրված շարքը: Ճանաչված քաղաքական գործիչները պատմում են սիրված գրքերի, գրական հերոսների մասին:

Aysor.am-ի հարցերին պատասխանել է ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:

– Ո՞րն է Ձեր ամենասիրած գիրքը:

– Պարույր Սևակի «Անլռելի զանգակատուն» պոեմը և «Մարդը ափի մեջ» ժողովածուն:

– Կա՞ այդպիսի գիրք կամ հերոս, որ կարողացել է փոխել Ձեր ներաշխարհը:

– Դեյլ Քարնեգիի «Ինչպես ձեռք բերել բարեկամներ և ազդել մարդկանց վրա»: Գիրքը մարդկանց հետ հարաբերվելու կանոնների մասին է:

– Դրակա՞ն, թե՞ բացասական հերոսներն են, ըստ Ձեզ, հետաքրքիր:

– Առավելապես դրական, բայց բացասական հերոսներն էլ ունեն ճանաչողական նշանակություն:

– Ո՞րն է Ձեր կարդացած վերջին գիրքը:

– Հայ գրող Մարկ Մուստյանի «Ժանդարմը» վեպը, որ լույս է տեսել ԱՄՆ-ում:

– Ձեր գրապահարանում ո՞ր ժանրի գրքերն են գերակշռում:

– Հայ գրականության դասականների ժողովածուները, իրավագիտությանը վերաբերող գրքերը և պատկերագրքերը:

– Տպագի՞ր, թե՞ էլեկտրոնային գրքեր եք նախընտրում:

– Տպագիր:

Ըստ Ձեզ՝ ինչու՞ են հիմա քիչ կարդում: Արդյոք գիրքը կորցնում է իր արժեք:

-Կարծում եմ՝ պատճառը տեղեկատվական տարափը և էլեկտրոնային միջոցների առատությունն ու մատչելիությունն է, ժամանակ քիչ է մնում գիրք կարդալու համար: Բայց գիրքը չի կորցնում իր կարևորությունը և արժեքը, քանի որ գիտելիքների փոխանցման, ճանաչողության ընդլայնման լավագույն և միակ միջոցն է:

– Ի՞նչ մեջբերում կհիշեք, որ առավել տպավորվել է:

– «Ժպիտը դժվար չէ, բայց շատ թանկ է»:

– Ի՞նչ գիրք խորհուրդ կտայիք հայ երիտասարդությանը:

– Գաբրիել Գարսիա Մարկեսի «Հարյուր տարվա մենություն» և սփյուռքահայ գրող, հրապարակախոս Հակոբ Պալյանի «Ամերիկա, Ամերիկա, երազ և խորտակման ուղիներ» գրքերը:

-Կնշեք այն առաջնային պատճառները, որոնց համաձայն՝ քաղաքական գործիչը պետք է կարդացած լինի:

– Լայն մտահորիզոն, գիտելիքի պաշար, վերլուծական կարողություններ ունենալու, կյանքում ժամանակային կապը՝ անցյալի, ներկայի և ապագայի միջև զգալու, ճիշտ կերպարաընկալում ունենալու համար: