«Արցախի հողից անբացատրելի ուժ եմ ստանում». արգենտինահայ հայրենադարձ

%d5%a2%d5%a5%d5%a1%d5%bf%d6%80%d5%ab%d5%bd2

«Հայերն այսօր»-ի զրուցակիցը երիտասարդ լրագրող Բեատրիս Արսլանյանն է՝ Արգենտինայի Կորդոբա քաղաքից: 2010 թվականին, «Դեպի Հայք» հիմնադրամի կամավորական ծրագրին մասնակցելուց հետո, Բեատրիսը հաստատակամորեն որոշել է Հայաստան վերադառնալ, որպեսզի խոր արմատներ գցի Մայր Հայրենիքում և նոր բարձունքներ նվաճի: 

-Բեատրի՛ս, Արգենտինայի հայ համայնքն աչքի է ընկնում կուռ ու համախմբված լինելով, մատաղ սերնդին հայ պահելու առաջնահերթությամբ: Ինչպե՞ս կբնութագրես կորդոբահայ համայնքում անցկացրած տարիներդ:

-Ջերմ ու հիշարժան տարիներ եմ ունեցել, որոնք միշտ ժպիտով եմ հիշում: Փոքր տարիքից ակտիվորեն ներգրավված եմ եղել Կորդոբայի հայկական համայնքի տարբեր նախաձեռնություններում. սկաուտ եմ եղել, Հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցության Երիտասարդական միության աշխատանքներին եմ մասնակցել, իսկ վերջին տարիների ընթացքում համայնքի վարչությունում որպես գործավար եմ աշխատել:

Կյանքս առանց կորդոբահայ համայնքի չեմ պատկերացնում: Ծնողներս են նպաստել, որ Հայաստանը միշտ մեր հոգում ունենանք. այնպիսի ընտանիքում եմ մեծացել, որտեղ հայկական շունչը, ազգային ավանդույթներն ու հայ լինելու զգացումը պահպանվել են:

Մեր ընտանիքում հայերեն խոսելուն մեծ կարևորություն է տրվել, նաև հայկական դպրոց եմ գնացել, որտեղ հիմնովին գրել-կարդալ սովորեցի:

Հայաստանում հայերենի իմացությունը շատ օգնեց: Հիմա անկաշկանդ շփվում եմ մարդկանց հետ, միայն արևմտահայերեն-արևելահայերեն լեզվական պատնեշը մի փոքր դժվարությամբ հաղթահարեցի:

Նշեմ նաև, որ ծնողներս Սիրիայում են ծնվել: Մայրս երեք տարեկանում է ընտանիքի հետ Կորդոբայում հաստատվել, իսկ հայրս քսանհինգ տարեկանում` սիրիական բանակում ծառայությունը վերջացնելուց հետո: Նրանք Կորդոբայում են հանդիպել և ամուսնանալուց հետո երեք երեխա ունեցել:

-Յուրաքանչյուր հայրենադարձ Հայաստան տեղափոխվելու իր ինքնատիպ պատմությունն ունի: Հետաքրիր է իմանալ քո պատմության մանրամասները:

– Ամեն ինչ սկսվեց, երբ վեց տարի առաջ «Դեպի Հայք» հիմնադրամի ծրագրերից մեկի շրջանակում Հայաստան եկա:

Երեք ամիս կամավորական աշխատանք եմ կատարել Երևանի թիվ 76 «Արգենտինյան Հանրապետություն» հիմնական դպրոցում և բնապահպանական կազմակերպությունում:

Հայաստանում ապրելու ամիսներն ինձ համար բախտորոշ դարձան. անբացատրելի սեր արթնացավ Հայաստանի, հայ ժողովրդի հանդեպ, կարծես հայ լինելու իրական արժեքը զգացի:

Սակայն մինչ հայրենադրձվելը, որոշեցի մեկնել Կորդոբա՝ ուսումս ավարտելու համար (ավարտել է Կորդոբայի համալսարանի լրագրության ֆակուլտետը-հեղ.):

Կիսատ թողած գործերս վերջացնելով՝ 2011 թվականին հաջողեցի Հայաստանում հաստատվել:

Հավելեմ նաև, որ առաջին անգամ Հայաստան եմ եկել 2006 թվականին՝ սկաուտական բանակումին էի մասնակցում:

– Որոշման հանդեպ ծնողներդ ինչպիսի՞ դիրքորոշում ցուցաբերեցին:

-Ծնողներիս հոգեբանորեն նախապատրաստում էի՝ ամեն առիթի դեպքում կես կատակ, կես լուրջ՝ ասելով, որ Հայաստան եմ գնալու: Ճիշտ է՝ նրանք արդեն ընտելացել են իմ որոշմանը, սակայն շատ ենք կարոտում միմյանց:

Ամենօրյա կապի մեջ լինելով՝ նրանց պատմում եմ ձեռքբերումներիս մասին, հայաստանյան կյանքի անցուդարձին ծանոթացնում: Կարծում եմ՝ նրանք հոգու խորքում հպարտ են զգում իրենց:

– Երբևէ մտածել ես՝ Հայրենիք վերադառնալու ամենամեծ պարգևը ո՞րն էր քեզ համար:

-Նախ պետք է մտածենք, թե հայրենադարձվելով՝ մենք ինչ օգուտ ենք տալիս Հայաստանին: Հայրենադրձվելուց հետո պետք է տարբեր ծրագրեր մշակենք և նպաստենք մեր երկրի զորեղացմանը: Հայաստան գալով՝ անհրաժեշտ է մեր փորձառությունը, գիտելիքներն ու հմտությունները ներդնել:

Օրինակ՝ ես լրագրող եմ, և այդ ուղղությամբ կարող եմ աշխատանք կատարել: Բուենոս Այրեսում լույս տեսնող «Արմենիա» թերթի համար հոդվածներ եմ գրում, որի միջոցով արգենտինահայերին իրազեկում եմ Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին:

Կարելի է ասել, որ լրագրողական գիտելիքներս ինչ-որ չափով օգտագործում եմ ՀՀ սփյուռքի նախարարության պաշտոնական կայքի լուրերն իսպաներեն թարգմանելով:

ՀՀ սփյուռքի նախարարության հետ կապ եմ հաստատել Սփյուռքի փոխնախարար Վահագն Մելիքյանի՝ Արգենտինայում ՀՀ դեսպան լինելու տարիներին, ով օգնել է ինձ այս հարցում: Շատ էի ուզում ՀՀ սփյուռքի նախարարությունում աշխատել: Ուրախ եմ՝ թեկուզ կամավորության սկզբունքով, սակայն համագործակցությունը ստացվեց:

-Հայաստանը, այնուամենայնիվ, անծանոթ երկիր էր. այլ բան է՝ իբրև զբոսաշրջիկ գալը, մեկ այլ բան՝ մշտական բնակություն հաստատելը: Կյանքիդ նոր շրջափուլը հեշտությա՞մբ հաղթահարեցիր:

 -Հայաստանում երբեք ինձ անծանոթ միջավայրում չեմ զգացել: Ամենուր ջերմ ընդունելության եմ արժանացել: Մարդիկ անկեղծորեն ինձ օգնության ձեռք էին մեկնում, որոնց հետ բարեկամական հարաբերություններ եմ հաստատել: Հիմա արդեն աշխատանք էլ ունեմ. «Կարաս» կոնյակի գործարանի հաղորդակցության և մարքետինգի բաժնի պատասխանատու եմ, որի գրասենյակը «Զվարթնոց» օդնավակայաում է:

Սփյուռքում միշտ խոսում են Հայ դատի ուղղությամբ աշխատանքներ կատարելու մասին, հայրենասիրական կոչեր են անում, սակայն արդեն ժամանակն է խոսքից գործի անցնելուն, պետք գործնական քայլեր կիրառել և մտածել Հայաստանի սոցիալական, քաղաքական, մշակութային կյանքի զարգացմանը նպաստելու համար: Պետք չէ դրսից Հայաստանին իբրև երազ նայել, համախմբվենք Հայաստանի շուրջ և լուծենք բոլոր խնդիրները:

  -Հայաստանում սիրելի վայրեր ունե՞ս:

-Բոլոր վայրերն էլ սիրում եմ, սակայն ինձ համար առանձնահատուկ տեղ ունի Լեռնային Ղարաբաղը: Երբ ազատ ժամանակ եմ ունենում, անպայման Արցախ եմ գնում. Արցախի հողից անբացատրելի ուժ եմ ստանում և ոգեշնչվում:

Իհարկե, տեսադաշտում պետք է միշտ պահենք Արցախի հիմնահարցի խաղաղ ճանապարհով կարգավորման հարցը:

Գիտեմ, որ ՀՀ սփյուռքի նախարարությունը «Դու ինչ ես անում Ղարաբաղի համար»  համահայկական շարժումն է իրականացնում:

Կարծում եմ՝ այս ծրագիրը դռներ կբացի, որ աշխարհը ճշմարտությունն իմանա, թե ինչ է կատարվում Արցախում, ինչու է Ադրբեջանն անընդհատ պատերազմ հրահրում: Այս առումով շատ կարևոր ծրագիր է նախաձեռնել ՀՀ սփյուռքի նախարարությունը:

– Ինչպե՞ս ես տեսնում մեր վաղվա օրը:

Հայաստանը բոլոր հնարավորություններն ու նախադրյալներն ունի, որպեսզի սփյուռքահայերը գան ու հաստատվեն Հայրենիքում:

Խոսքս հատկապես Սփյուռքի երիտասարդներին է վերաբերում, քանի որ նրանք մի փոքր երկմտում են՝ հայրենադարձվել, թե՝ ոչ: Խորհուրդ կտամ, որ համարձակ որոշում կայացնեն, Հայաստան գան այն հույսով, որ ամեն ինչ լավ է լինելու:

Զրուցեց Գևորգ Չիչյանը

11