«Միայն սեփական հողի վրա ենք մեզ լիարժեք հայ զգում».Սալբի Բոշկեզենյան

%d5%bd%d5%a1%d5%ac%d5%a2%d5%ab

Սալբի Բոշկեզենյանը Հալեպից առաջին անգամ Հայաստան է եկել բարձրագույն կրթություն ստանալու նպատակով: 1984-1989թթ. սովորել է ԵՊՀ  «Պատմություն» ֆակուլտետում, ապա ամուսնացել է և տեղափոխվել  Հոլանդիա:

«Երեք երեխա ունեմ: Երբ առաջնեկս չորս տարեկանում դպրոց գնաց, մեկ օր նեղսրտված տուն եկավ և բողոքեց, թե ինչու է բոլորի մազերը դեղին, իսկ իր մազերը՝ սև: Այդ ժամանակ հասկացա, որ երեխան ինքնության փնտրտուքի մեջ էր, որն ամբողջ կյանքի ընթացքում ուղեկցելու էր նրան. ինքնության տագնապը օտար հողի վրա միշտ զգում ենք»,-«Հայերն այսօրի» հետ զրույցում ասաց հայրենադարձ Սալբի Բոշկեզենյանը, ով մասնակցում էր ՀՀ սփյուռքի նախարարության «Մեր օրերի հայրենադարձները՝ տուն դարձածները» հավաք-հանդիպմանը:

Սալբի Բոշկեզենյանը նշում է, որ Սփյուռքում ապրող մարդը երեք ճանապարհ ունի: Առաջին՝ օտար միջավայրում այլընտրանք չունենալով՝ ընտելանում է այնտեղի կյանքին և խառնամուսնության գնում, երկրորդ՝ ապրելով օտարության մեջ՝ հոգեբանական տագնապի է ենթարկվում և առողջական խնդիրներ ունենում, իսկ երրորդ ճանապարհը՝ հայրենադարձությունն է:

«Եթե ուզում ես զավակդ այդ տագնապը չունենա, պետք է նրա հետ Հայրենիք վերադառնաս. միայն մեր երկրում, սեփական հողի վրա ենք մեզ լիարժեք հայ զգում: Հայաստան եկա, որովհետև Սփյուռքը ժամանակավոր երևույթ է, իսկ ես ուզում եմ՝ թոռներս հայ ծնվեն և մեծանան: Այդ պատճառով էլ 2014 թվականին հայրենադարձվեցինք: Բնավ չէի մտածում, որ դրախտային մի երկիր էի գալիս. Հայաստանն ընդունում եմ իր դրական և բացասական կողմերով հանդերձ:

Քանի որ փոքր աղջիկս տեղափոխվելուց հետո մի փոքր դժվարություններ ունեցավ, հիմա զբաղված եմ նրան ուծացման վտանգից կանխելու և հայաստանյան կյանքին ինտեգրելու խնդրով»,-նշեց Սալբի Բոշկեզենյանը՝ հավելելով, որ շատ է ցանկանում Հոլանդիայում ձեռք բերած մանկավարժական փորձն ու գիտելիքները Հայաստանի  կրթական ոլորտում ներդնել:

Գևորգ Չիչյան