Սփյուռքահայ երիտասարդն Արցախում գտավ իր սերը

%d5%af%d5%a1%d6%80%d5%b8

Հայաստան տեղափոխված յուրաքանչյուր հայրենադարձ իր պատմությունն ունի: Դրանք տարբեր են ու ինքնատիպ, ինչպես աշխարհի տարբեր երկրներում ծնված ու մեծացած հայերը, որոնց Հայաստան է բերել նման, միևնույն ժամանակ այնքան տարբեր ճանապարհները:

«Հայերն այսօր»-ի ստորև ներկայացված պատմության հերոսը հորդանանահայ Կարո Սերպեկյանն է:

Հայաստան վերադառնալը միշտ մտքումս է եղել…

Կարո Սերպեկյանը Հորդանանում տաս տարի հաշվապահ է աշխատել, նաև՝ երաժշտությամբ զբաղվել (ջազ խմբում  է նվագել), ձայնագրության ստուդիայում տարբեր աշխատանքներ կատարել:

Ծնվել ու ապրել է հայրենիքից հեռու, սակայն Հայաստան վերադառնալը միշտը Կարոյի մտքում է եղել՝ դառնալով երազանք, որն ամեն կերպ ձգտել է իրականություն դարձնել:

Որպես զբոսաշրջիկ՝ Հայաստան առաջին անգամ երկու շաբաթով եկել է 2007 թվականին: 2014 թվականին բախտ է վիճակվել այս անգամ բարեկամի հարսանիքին ներկա գտնվել:

Մինչ հայրենադարձվելը՝ համացանցի միջոցով աշխատանքային փնտրտուքների մեջ է եղել, քանի որ որոշել էր անձնական բիզնես դնել և ներդրումներ կատարել Հայաստանում:

Իհարկե, նրա ճանապարհին դժվարություններ հայտնվել են. չէ՞ որ իր համար Հայաստանը, այնուամենայնիվ, անծանոթ երկիր էր: Նա ծանոթ չէր մարդկանց մտածելակերպին, գործող օրենքներն ու բիզնես դաշտը չգիտեր, բայց , այդուհանդերձ, չի ընկրկել…

«Դեպի Հայք» հիմնադրամի ծրագիրն է եղել վառվող այն ջահը, որի հետքերով Հայաստան է եկել:

«Դեպի Հայք» ծրագրին մասնակցել է այն հույսով, որ կկարողանա կապվել Հայաստանին, աշխատանքային, մասնագիտական փորձ կունենա, նոր ընկերական շրջապատ ձևավորի՝ ոտքի վրա ամուր կանգնելով Մայր հողին: «Դեպի Հայք»-ի կամավորական ծրագիրը վեց ամիս է տևել, որի ընթացքում աշխատել է Երևանում և Արցախում:

Զգում էի, որ ամեն ինչ լավ է լինելու…

Հայրենադարձվելու միտքը Կարոյի հարազատներն ու ընկերները «խենթ» ու համարձակ քայլ են համարել: Հիմնականում երկու քույրերն են քաջալերել: Մայրն Աստծո կամքին է թողել որդու որոշումը, իսկ հայրն ասել է, որ չնայած համաձայն չէ, բայց միշտ պատրաստ է աջակցել նրան:

«Ծնողներիս անհանգստությունն ինչ-որ տեղ հասկանալի էր ինձ համար. Հորդանանում կայացել էի, աշխատանք ունեի և հանկարծ այդ ամենը թողնելով՝ անհայտության ուղիով որոշում եմ Հայաստան գալ՝ նոր էջից կյանքս սկսելու»,-անկեղծանում է Կարոն՝ հավելելով, որ հոգու ձայնին է հետևել և Աստված է Հայաստան գալու ճանապահը բացել իր առջև. զգում էր, որ ամեն ինչ լավ է լինելու:

6

Միանգամից սիրահարվեցի Արցախին…

Կարոն նպատակ ուներ ապրել Երևանում կամ Դիլիջանում: Սակայն մտադրությունը հիմնովին փոխվել է, երբ «Դեպի Հայք» հիմնադրամի 4 շաբաթվա կամավորական ծրագրով Արցախ է գնացել:

Սփյուռքահայ  երիտասարդը  երբեք չէր եղել         Արցախում, ուստի միանգամից համաձայնել է գնալ, սակայն մտքով չէր էլ անցնում, որ Արցախում երբևէ խոր արմատներ կգցեր:

Կարոն շատ է հավանել Ղարաբաղը. յուրատեսակ հարազատ և հոգևոր միջավայր է ստեղծվել շուրջն այն աստիճանի, որ մտածել է Արցախում որևէ գործ նախաձեռնել:

Երևան գալով՝ գինետներից մեկում հանդիպել է իր ընկերներից մեկին՝ գիտ-էքսկուրսավար Նաիրա Իսրայելյանին, և երկուստեք քննարկման արդյունքում՝ որոշել են Արցախում սրճարան  բացել:

«Մուկլիմանդիլ» սրճարանի բացումը շառաչուն ապտակ էր ազերիներին…

«Մուկլիմանդիլ» ղարաբաղյան բարբառով սարդոստայն է նշանակում: Այսինքն՝ ցանկանում ենք յուրատեսակ ցանց ստեղծել Հայաստանի, Արցախի և Սփյուռքի հայերի միջև, որպեսզի մարդիկ գան և իրենց հանգիստն անցկացնեն գեղատեսիլ Ստեփանակերտի մի գողտրիկ անկյունում: Սրճարանը նաև իր դռներն է բացում օտարերկրացիների առջև, որի միջոցով հնարավորություն է ստեղծվում աշխարհի մակարդակով Արցախն ավելի ճանաչելի դարձնել:

Սրճարանում մտերմիկ մթնոլորտում տեղի են ունենում բազմապիսի միջոցառումներ՝ գրքերի շնորհանդեսներ, պարի դասընթացներ, քննարկումներ, դասախոսություններ, կինոդիտումներ և այլն:

Սրճարանի բացումը նախատեսված էր 2016 թվականի ապրիլին, սակայն հայտնի դեպքերից հետո այն բացվեց մայիսի 16-ին: Ինչպես վստահեցնում է Կարոն, ապրիլյան քառօրյա պատերազմից հետո հակառակ Արցախում տիրող ճնշող իրավիճակին՝ ժողովրդի կողմից զարմանալիորեն ջերմ ընդունելության են արժանացել, որից շատ են հուզվել:

«Սրճարանի բացումը նաև շառաչուն ապտակ էր՝ ուղղված ազերիներին: Ուզում էինք ցույց տալ, որ թշնամին մեզ ծնկի չի կարող բերել. որքան էլ փորձի սահմանին սադրիչ գործողություններ իրականացնել, մենք ավելի կհամախմբենք՝ հզորացնելու Հայաստանն ու Արցախը»,-նշեց Կարոն:

52

Հայրենադարձությունն ամենամեծ պարգևը տվեց՝ իմ բախտը գտա Մայր հայրենիքում…

Կարոն անհուն ուրախությամբ է խոսում այն մասին, որ հայրենադարձությունն իրեն ամենամեծ պարգևն է տվել, իր բախտն է գտել Մայր հայրենիքում:

Սովորական մի օր էր, նույնիսկ հստակ հիշում է՝ չորեքշաբթի, երբ գիտ-էքսկուրսավար Սյուզաննա Շահնազարյանը Երևանից զբոսաշրջիկների խումբ էր բերել սրճարան:

Միմյանց հետ ծանոթանալուց հետո, կողքի սեղանների մոտ նստած երիտասարդների հետ ուրախ ընկերախումբ կազմելով՝սկսել են զրուցել, նվագել և ուրախ ժամանակ անցկացնել: Այդ հանդիպումն էլ պատճառ է դարձել, որը նրանց միջև զգացմունք ծնվի:

«Սյուզաննան մասնագիտությամբ սրտաբան է, և նրան հաջողվեց «սիրտս գողանալ»,-ժպիտով պատմեց  Կարոն:

Կարոն ու Սյուզաննան արմատներով Ղարաբաղից են, և գուցե հենց արյան կանչն է նրանց, նախախնամության շնորհիվ, Ղարաբաղ հասցրել, որպեսզի այնտեղ նրանք սիրահարվեն միմյանց, ամուսնան ու հայկական գեղեցիկ ընտանիք կազմեն:

 Նշենք, որ երիտասարդ զույգը վերջերս նշանվել է և ամռանը պատրաստվում է ամուսնանալ:

1

Կարոյին հանդիպելով՝ հրաժարվեցի լքել Հայաստանը…

«Կարոն պարզապես երկրորդ ընտրության հնարավորություն չտվեց, նա սեր խոստովանեց ինձ և ասաց՝ որքան անհրաժեշտ է, կսպասի պատասխանիս: Իհարկե, մարդկային այլ հատկանիշներով և քայլերով էլ գրավեց ուշադրությունս. շատ գեղեցիկ ռոմանտիկ առաջարկություն է արել (միմյանց նայելով՝ ծիծաղում են-հեղ):

Աշխատանքի բերումով պարբերաբար շփվելով սփյուռքահայերի հետ՝ առանձնահատուկ վերաբերմունք եմ ունեցել նրանց նկատմամբ: Միշտ հիացել եմ սփյուռքահայերի հայրենասիրությամբ ու ազգային պատկանելիության վառ դրսևորումից:

Ի վերջո, Կարոյին հանդիպելով՝ հրաժարվեցի լքել Հայաստանը. արտերկրից աշխատանքային տարբեր առաջարկներ ունեի, բայց Կարոն աչքերս բացեց՝ ասելով.«Մի գնա՛, մնա՛ Հայաստանում և գնահատի՛ր ունեցածդ»,-ասաց Սյուզաննան:

7

Հայաստանն ինձ համար միլիոն Ամերիկա արժի…

Կարոն Հայաստանը լքող մարդկանց խորհուրդ է տալիս սթափ ուղեղով մտածել՝ արդյո՞ք ճիշտ են վարվում, թե՞ ոչ, նոր միայն այդ քայլին գնան:

Հայաստանում, իհարկե, դժվարություններ կան, բայց, ինչպես Կարոն է խորհուրդ տալիս, պետք է հասկանալ, որտեղ էլ գնան՝ այդ դժվարություններին բախվելու են:

Նա «Green card» ունի շահած, մի քանի անգամ եղել է Ամերիկայում, տեսել է ամերիկյան շքեղ կյանքն ու հիմա առանց մեկ րոպե տատանվելու՝ ասում է, որ Հայաստանն իր համար միլիոն Ամերիկա արժի՝ իր առավելություններով ու թերություններով: Մաքուր օդը, համեղ ուտելիքներն ու քաղցրահամ մրգերը երբեք չես գտնի Ամերիկայում:

 «Հայ նոր սերունդը շատ խելացի ու կազմակերպված է: Միանշանակ կարող ենք հույսը նրանց վրա դնել. մեր երիտասարդների շնորհիվ՝ Հայաստանի ապագան լուսավոր է լինելու: Մնանք ու շենացնենք Հայաստան աշխարհը»,-լավատեսական տրամադրությամբ զրույցն ամփոփեց Կարո Սերպեկյանը:

Գևորգ Չիչյան