Հայոց բանակի կազմավորման 25-ամյակին նվիրված միջոցառումներ Վարշավայում

%d5%a2%d5%a1%d5%b6%d5%a1%d5%af

Փետրվարի 2-ին Լեհաստանում ՀՀ դեսպանությունը, Լեհաստանում Հայկական հիմնադրամի հետ համատեղ Վարշավայում կազմակերպեցին միջոցառումներ` նվիրված Հայոց բանակի կազմավորման 25-ամյակին: Այս մասին «Հայերն այսօր»-ին հայտնում են ԱԳՆ մամուլի ծառայությունից:

Միջոցառումների պաշտոնական մեկնարկը տրվեց Վարշավայի կենտրոնում` մարշալ Պիլսուդսկու անվան հրապարակում, որտեղ ԼՀ կառավարության, ԼՀ Ազգային պաշտպանության նախարարության, Լեհաստանում ՀՀ դեսպանության, մի շարք տեղական իշխանությունների և կազմակերպությունների անունից զինվորական կարգով և հանդիսավորությամբ ծաղկեպսակներ դրվեցին Անհայտ զինվորի հուշարձանին: Արարողությանը մասնակցում էին Լեհաստանում ՀՀ դեսպան Էդգար Ղազարյանը, ԼՀ Սենատոր, ԼՀ կառավարության աշխատակազմի պետական քարտուղար Աննա Մարիա Անդերսը, ԼՀ Ազգային պաշտպանության նախարարության և այլ գերատեսչությունների պաշտոնյաներ:

Միջոցառման հանդիսավոր մասը տեղի ունեցավ Վարշավայի կայազորի սպայի տանը, որտեղ կազմակերպվել էր տոնական ընդունելություն` նվիրված Հայոց բանակի կազմավորման 25-ամյակին։

Իր ելույթում դեսպան Ղազարյանը նշեց, որ Լեհաստանում հայկական բանակի 25-ամյա հոբելյանը նշվում է` արժևորելով և գնահատելով նաև այն հայ սպաներին և զինվորականներին, ովքեր յոթ տասնամյակ առաջ բացեցին Աուշվիցի համակենտրոնացման ճամբարի դռները:

Ելույթով հանդես եկավ նաև Լեհաստանում Հայկական հիմնադրամի փոխնախագահ Մաչեյ Բոհոսևիչը, որից հետո ցուցադրվեց հայազգի Յադվիգա Զառուգևիչովայի մասին պատմող փաստավավերագրական ֆիլմ:

Միջոցառմանը զուգահեռ սպայի տան ցուցասրահում կազմակերպվել էր «Հայերի ծառայությունը Լեհաստանին» խորագրով ցուցահանդես, որտեղ ներկայացված են տարբեր ժամանակաշրջաններում Լեհաստանի պաշտպանության կազմակերպման գործին իրենց մասնակցությունը ցուցաբերած հայազգի գործիչների և զինվորականների մասին տեղեկություններ:

Միջոցառմանը մասնակցում էին Լեհաստանի իշխանությունների բազմաթիվ ներկայացուցիչներ, խորհրդարանի պատգամավորներ, Լեհաստանում հավատարմագրված մի շարք երկրների դեսպաններ, դիվանագետներ, ռազմական կցորդներ, Լեհաստանի զինված ուժերի բազմաթիվ զինվորականներ, հոգևորականներ, լրագրողներ, հայ համայնքի ներկայացուցիչներ: