Արգենտինահայ ճանաչված լրագրողը միացել է «Դու ի՞նչ ես անում Ղարաբաղի համար» շարժմանը

Արգենտինահայ ճանաչված լրագրող Կլաուս Լանխե Հազարյանը միացել է ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնած «Դու ինչ ես անում Ղարաբաղի» համար համահայկական շարժմանը:

Լրագրողը «Հայերն այսօր»-ին տեղեկացրել է Արցախի հիմնախնդրի լուծման ուղղությամբ իր կատարած աշխատանքները, ինչպես նաև խոսել է համահայկական շարժման մասին.

«Շուրջ քսանհինգ տարվա լրագրող եմ: Որպես մասնագետ, ինչպես նաև մայրական կողմից հայկական արյուն ունենալով` Արցախի հարցին անդրադառնալն ինձ համար շատ կարևոր և օրակարգային է: Աշխարհը պետք է ճանաչի, հարգի Արցախի ժողովրդի անկախությունն ու ազատությունը:

Այդ նպատակով սկսեցի Արգենտինայում Արցախի մասին իսպաներեն լեզվով տարաբնույթ տեղեկատվություն տարածել, որպեսզի Արցախն ամբողջապես ճանաչվի: Իմ ստեղծած www.soyarmenio.com.ar («Ես հայ եմ») կայքում առանձին «Լեռնային Ղարաբաղ» բաժինն եմ բացել, որտեղ հոդվածներ, լուրեր և այլ նյութեր եմ տեղադրում:

Իբրև հայ՝ ցանկությունս է լրագրողական աշխատանքով օգտակար լինել Արցախին, նպաստել, որ Արցախն աշխարհի կողմից ճանաչվի և արցախցին խաղաղ պայմաններում՝ առանց պատերազմի ապրի:

Կարծում եմ՝ ՀՀ սփյուռքի նախարարությունը հիանալի նախաձեռնություն է սկսել՝ իրականացնելով «Դու ինչ ես անում Ղարաբաղի համար» համահայկական շարժումը և 2017 թվականը Արցախի տարի հռչակելով:

Սա հիանալի առիթ է աշխարհասփյուռ հայերին միախմբելու Արցախին սատարելու խնդրի շուրջ: Ես նույնպես միանում են համահայկական շարժմանը, միաժամանակ ուղիներ որոնելով՝ իմ շրջապատում հնարավորինս տարածել այս ծրագիրը»:

 

 

 

 

Scroll Up