«Որտեղ էլ , որ բեմ ելնեմ, շուրթերիս հա՛յ երգն է, հոգումս՝ Հայաստանը». Արսեն Գրիգորյան-Մրո

77

 ՀՀ սփյուռքի նախարարության կազմակերպած «Մեր օրերի հայրենադարձածները՝ տուն դարձածները» հավաք- միջոցառման շրջանակներում  հրավիրվածների շարքում էր նաև հայտնի ու սիրված երգիչ Արսենը Գրիգորյանը, ում հետ «Հայերն այսօր»-ի համար ունեցած հարցազրույցի ընթացքում անկեղծորեն հիացա Արսենի պատասխաններով, նրա հոգում այրվող հայրենասիրական  անեղծ, հայաշունչ զգացումների  տարափով, որոնք Արսեն Գրիգորյանը  կարողանում է լավագույնս արտահայտել իր  չափազանց  տպավորիչ կատարումներով: Հայրենասիրական  բնույթի  ցանկացած միջոցառման, զանազան  հանդիսությունների ժամանակ Արսենի տարերքը ազգային-ազգագրական, ժողովրդական երգերի փունջն է, որի բույրը երգչի հոգու, ներաշխարհի անդրադարձն է:

 -Արսե՛ն,  չնայած  դու հայրենադարձ ես, սակայն այնքա՜ն վաղուց և այնպես միանգամից դարձար հայաստանցի, որ երբեմն մոռանում ենք այդ մասին: Այնուամենայնիվ, պետք է հարցս տամ հայրենադարձվելու վերաբերյալ. ե՞րբ  եք հայրենադարձվել, ի՞նչ տվեց հայրենադարձությունը:

-Կարծում եմ, որ  Հայրենիքից դուրս ոչ իր կամքով  ծնված յուրաքանչյուր հայի համար կարևորր վերադարձն է: Այն գիտակցումը, որ ինքը հայի դաժան ճակատագրի բերումով ծնվել է այս կամ այն երկրում, դեռևս ավարտ չէ, հակառակը ՝դա մի նոր կյանքի սկիզբ է Հայրենիքում: Ճիշտը վերադարձի ճանապարհն է, որը ես ընտրեցի 1987 թվականին: Ընտանիք եմ կազմել Հայաստանում, կինս Երևանի ծնունդ է, երեխաներս այստեղ են ծնվել, ես այստեղ եմ կայացել. 30 տարի է, ինչ ապրում ու աշխատում  եմ Հայաստանում, երգում եմ Հայաստանում, Հայաստանի մասին, Հայաստանի՛ համար: Որտեղ էլ, որ բեմ ելնեմ, հաջողություններ ունենամ, իմ շուրթերին հայ երգն է, հոգումս՝ Հայաստանը: Ամենամեծ պարգևն ինձ համար այն է, որ ես  ապրում եմ Հայաստանում, արարում  հե՛նց հայի համար:

-Ծնվել ես Սիրիայում՝ Կամըշլիում. կարոտու՞մ ես քո ծննդավայրը. այդ կարոտի թևերով երբեմն լինու՞մ  ես այնտեղ, փորձե՞լ ես  գնալ քո մանկության հետքերով:

-Այո՛, կարոտում եմ իմ դպրոցը, իմ ընկերներին, մեր թաղամասը,  մեր եկեղեցին, մեր ավանդապաշտ, հայկական զորեղ միջավայրը որտեղ ստացել եմ հայեցի դաստիարակություն: Շատ զորեղ միջավայր էր նաև Հասակեում, մենք այնտեղ ապրել ենք: Ընդամենը 60 ընտանիք կար այնտեղ, սակայն շատ զորեղ էին այդ ընտանիքները: Բնական է, որ կարոտի զգացում ունենամ: Երկու-երեք տարին մեկ գնացել եմ ծննդավայր, որին շնորհակալ եմ իմ ստացած դաստիարակությամբ, շնորհակալ եմ այնտեղի հայկական փոքրաթիվ  համայնքին, որովհետև այնքա՜ն  զորեղ էին հայկական արմատները, այնքա՜ն  ազգային  ու հայեցի էր մեր ապրելակերպը, որի դալար շիվերն այսօր իմ ստեղծած ընտանիքում են սաղարթ դառնում. ոչինչ հենց այնպես չի անցնում:

-Արսե՛ն, ընդունու՞մ  ես, որ Սփյուռքի նախարարությունը տուն է՝ Տան՝ Հայրենիքի մեջ:

-Ես շատ բարձր եմ գնահատում Սփյուռքի նախարարության ծավալած գործունեությունը: Շնորհավորում եմ նախարարին՝վերընտրվելու առիթով. նա՛ դրեց առաջին հիմնաքարը,  Հրանուշ Հակոբյա՛նը  կյանքի կոչեց այդ նորաստեղծ նախարարությունը: Ես նախարարին էլ եմ ասել այդ մասին, հիմա էլ եմ առաջարկում, որպեսզի վերանվանեք Հայրենադարձության նախարարություն. միայն հայրենադարձությունն է, որ կարող է մեզ ոտքի կանգնեցնել: Նախարարությունը մեր Հայրենիքում՝ մեր տան մեջ, մի մագնիս է, ձգողական ուժ. պետք է այնպես անենք, որ դրսում ապրող  հայերը գա՛ն, ապրեն այստե՛ղ և ներդրումներ կատարեն Հայրենիքում՝ ի նպաստ Հայաստանի, ոչ թե սպասեն, որ  իրենց ոտքին մի քար դիպչի, նոր գան: Միասի՛ն պետք է աշխատենք  հզորացնել մեր Հայրենիքը: Ես  առիթների դեպքում ասել եմ, որ արտագաղթը կարելի է լուծել  նաև հայրենադարձությամբ:

-Ի՞նչ է Հայրենիքը Արսեն Գրիգորյանի համար:

-Հայրենիքը և՛ բարոյական, և՛ ֆիզիկական երևույթ է, ես փորձում եմ , որ իմ երեխաներն այդ պարգևից օգտվեն, զուրկ չմնան, որ ամեն առավոտ արթնանան Հայաստանո՛վ, Հայաստանի՛ համար: Ես բնիկ սասունցի եմ. եթե այսօր իմ տանը թուրքը կամ քուրդն է ապրում, դա դեռ նրա տունը չէ, դա  դեռևս նրանց Հայրենիքը չէ: Ես ցանկանում եմ ապրել ոչ թե միայն ինձ համար, այլ՝ Հայրենիքիս: Հայրենիքն ինձ համար ամբողջական, միացյալ Հայաստանն է:

-Հավատու՞մ եք Հայաստանի ՝  բանաստեղծի բառերով ասած՝ «վարդահեղեղ ապագային»:

-Այո՛, հավատու՛մ եմ: Մենք հրաշալի երիտասարդություն ունենք, ապագան նրանց ձեռքերում է, իսկ ես հավատում եմ նրանց. դրանք ապրիլյան քառօրյայում խիզախած մեր զինվորներն են, ովքեր, անգամ առանց  զենքերի, ոգո՛վ կարողացան հաղթելԱյսպիսի երիտասարդներ ունեցող  երկրի, ժողովրդի  վարդահեղեղ ապագային անպայմա՛ն հավատում եմ:

Հարցազրույցը՝ Կարինե Ավագյանի

 

75 76