«Այժմ Սուրբ հողի վրա կանգնելու երջանկությունն ենք վայելում».Քրիստիան Գելիջի

g-58

«Շնորհակալ եմ, որ այսօր այստեղ եք. մենք բոլորս նույն ճակատագիրն ունենք, երկրի կարոտն է մեր հոգում, քանի որ մեր հողի վրա չենք գտնվել, իսկ այժմ Սուրբ հողի վրա կանգնելու երջանկությունն ենք վայելում: Սա մի անպիսի զգացողություն է, որը չենք ունեցել մանկության տարիներին, փոխարենը Հայաստանի կարոտն ենք միշտ զգացել»,-«Հայերն այսօրի» փոխանցմամբ՝ իր ելույթում ասել է հայրենադարձված գործարար Քրիստիան Գելիջին՝ փետրվարի 2-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում տեղի ունեցած «Մեր օրերի հայրենադարձները՝ տուն դարձածները» միջոցառման ընթացքում:

Քրիստիան Գելիջին, մտովի տեղափոխվելով մանկության տարիներ,  հիշեց, որ Հոլանդիայում հեռու էր հայ իրականությունից, հոլանդական  դպրոց էր հաճախում և նրա կյանքը սահմանափակվում էր միայն այդքանով:Արևմտյան Հայաստանից գաղթած և  Հոլանդիայում հաստաված բարեկամներն են իրեն հայրենասիրություն սովորեցրել՝ միշտ պատմելով Հայաստանի մասին և իր հոգում արթուն պահելով հայ լինելու միտքը:

Գործարարը կես կատակ, կես լուրջ՝ ասում է, որ հայրիկից մեկ երեխայով առաջ է ընկել՝ ինը երեխա ունենալով՝ ընդգծելով այն փաստը, որ Հայաստանը կարելի է շենացնել նաև շատ երեխաներ ունենալով:

«Ես սիրում եմ իմ երկիրը, աշխատանքում ձեռք բերած հաջողություններս վերագրում եմ այն բանին, որ երբեք չեմ կենտրոնացել, թե Հայաստանում ինչ խնդիրներ կան, քանի որ դա բնական եմ համարում ցանկացած երկրի համար: Մեզանից յուրաքանչյուրը պետք է նպաստի Հայաստանի զարգացմանը:Խոսքս հատկապես հայրենադարձվածներին է վերաբերում:

Մենք Աստծուց տրված մեծ շնորհ ունենք, այդ շնորհը պետք է լավագույնս ազգային շահերի, Հայաստանի համար օգտագործենք, այն ծառայեցնենք մեր երկրի բարգավաճմանը:

1992 թվականը՝ իմ հայրենադարձության տարեթիվը հոգուս մեջ ունենալով,  շարունակում եմ  իմ «պայքարը» Հայաստանում»,-իր խոսքն ամփոփեց Քրիստիան Գելիջին:

Գևորգ Չիչյան