«Բախտավորությո՛ւն  է Հայրենիքում ապրելը». Ջորջ Բարսեղյան

img_5360

ՀՀ սփյուռքի նախարարության կազմակերպած «Հայրենադարձների հավաք» միջոցառմանը մասնակցող մեր հայրենակիցներից շատերը, հաստատվելով Հայրենիքում,  կարողացել են աշխատանք գտնել, հարմարվել նոր միջավայրին, ձեռք բերել նոր ընկերներ, լիարժեքորեն մասնակցել Հայրենիքի տնտեսության ու մշակութային կյանքի զարգացման աշխատանքներին: Նրանցից մեկի՝ սրտաբան Ջորջ Բարսեղյանի հետ,  զրույց  ունեցա «Հայերն այսօր»-ի համար, որի ընթացքում, այս էլ որերոդ անգամ, համոզվեցի, որ աշխարհի տարբեր ծագերում ապրող մեր հայրենակիցներն ապրել ու ապրում են  Հայրենիքով, իսկ Հայրենիքում հաստատվելով՝ դառնում են  նրա սյուներից, կամարներից մեկը:

-Պարո՛ն Բարսեղյան, ե՞րբ եք բռնել տունդարձի ճամփան:

-2012-ին եմ եկել՝ Սիրիայում ծավալված պատերազմական գործողությունների պատճառով: Ընտանիքիս հետ եմ եկել՝ ես, տիկինս, երկու աղջիկներս. մեծ աղջիկս՝  Նարեն, 17 տարեկան է, դեռևս սովորում է դպրոցում, պատրաստվում է ընդունվել Կինոյի և թատրոնի ինստիտուտ, փոքր աղջիկս՝ Մեղրին, 14 տարեկան է: Հայրենիքում ենք, և դա արդեն մեզ համար մեծ ձեռքբերում է: Ես աշխատանք ունեմ. իմ մասնագիտությամբ  աշխատում եմ «Նաիրի» բժշկական կենտրոնում ՝որպես թերապևտ-կարդիոլոգ:

-Հայաստանու՞մ  եք ստացել բժշկական բարձրագույն կրթություն:

-Այո՛: 1984 թվականին ընդունվել եմ Հերացու անվան բժշկական համալսարան, ավարտել եմ 1991-ին, որից հետո, մինչև 1996 թվականը, մասնագիտացել եմ ՝որպես թերապևտ-կարդիոլոգ: Ուսումս ավարտելուց հետո մեկնեցի Սիրիա, հանձնեցի քննությունները, բացեցի սեփական կլինիկա և աշխատանքի անցա իմ մասնագիտությամբ:

-Պարո՛ն Բարսեղյան, եթե չլիներ սիրիական պատերազմը, օրերից մի օր Հայաստանում  կհաստատվեի՞ք:

-Հայաստան գալու ծրագիր կար, անշո՛ւշտ.  նույնիսկ մի տարածք վերցնելու, տուն  կառուցելու, գնելու մտադրություն ունեի, սակայն սիրիական պատերազմն այս որոշումն  արագացրեց: Եթե Սիրիայի խնդիրը չլիներ էլ, միևնույն է, մենք պետք է տեղափոխվեինք Հայաստան, և ես դարձյալ այստեղ կլինեի՝ ավելի լավ պայմաններով: Ես միշտ տրամադրված եմ եղել՝ բռնելու տունդարձի ճամփան: Շատ գոհ եմ, ուրախ՝ մեր կայացրած որոշման համար: Իմ տունը Դամասկոսում է, այն  նորմալ վիճակում է, միշտ էլ կարող եմ գնալ ու գալ:

-Որպես սիրիացի, աշխարհագրական այդ տարածքը տնօրինողներից, բնակիչներից մեկը, որպես կրթված մարդ՝ ի՞նչ եք կարծում, սիրիական պատերազմն արդյոք վերջնականապես ավարտվե՞լ է, թե՞ պարզապես ժամանակավոր, խաբուսիկ խաղաղություն է:

-Սկզբունքորեն, պատերազմը որքան էլ երկար լինի, այնուամենայնիվ, այն ժամանակավոր է: Խաղաղությունն է, որ հիմնականն է, մնացյալը ժամանակավոր է. հետևաբար, փիլիսոփայական այս մտքերց ելնելով, պատերազմն անպայման  վերջ ունի՝ կամ այսօր, կամ էլ ՝վաղը: Ես կարծում եմ, որ խաղաությունն արդեն ընթացքի մեջ է Սիրիայում և, այն ժամանակավոր բնույթչի կրում: Ուրիշ հարց է, որ սկսված  որևէ պատերազմ կարող է  ավարտվել պահի և ժամի ճշգրտությամբ, մի բան, որը Սիրիային չի վերաբերում. Սիրիայի պատերազմի ավարտը պահի և ժամի ճշգրտություն չի կարող ունենալ. այն մարող ալիքների սկզբունքով  կարող է լինել, աստիճանաբար:

– Եվ իմ ավանդական հարցը՝ պարո՛ն  Ջորջ, ի՞նչ է Ձեզ համար Հայրենիքը…

-Հայրենիքն այն է, որտեղ դու քեզ հյուր չես զգում. սփյուռքահայի համար Հայրենիքը միշտ էլ մեծ արժեք է եղել, միշտ՝ եռաձայն, բայց կա երկու տեսակի հայրենասիրություն՝ այն, որ դու ապրում ես Հայրենիքում և այն, որ հեռվից սիրում ես Հայրենիքդ: Իմ տեսակի համար  ապրելու լավագույն վայրն՝ իր լավով ու վատով, իր թերություններով ու արժանիքներով, սա՛ է, Հայաստա՛նն  է: Բախտավորությու՛ն է Հայրենիքում ապրելը:

-Շնորհակալությո՛ւն հարգելի հայրենակից. շնորհակալությո՛ւն  քո նվիրումի, քո ջերմ խոսքերի, քո անկեղծության համար. ծննդավայրը կորցրած,  կամ էլ՝ այն հեռվում թողած  հայ մարդը, նրա սերունդները,  հարյուրավոր տարիներ հոգևոր ու նյութական արժեքներ   ստեղծելով  այլոց  համար, շենացնելով  օտարի հողը,  վերադառնում  ու վերադառնալու են Հայրենիք՝ միացյալ ուժերով հզորացնելու Արարչի նախաստեղծ լեռնաշխարհը:

Կարինե Ավագյան