ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ Սերժ Սրապիոնյանի և նախարարության աշխատակիցների այցը Երևանի Հայ կաթողիկե եկեղեցի

ՀՀ սփյուռքի նախարարության` հայրենադարձներին նվիրված շաբաթվա միջոցառումների շրջանակներում, փետրվարի 1-ին ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ Սերժ Սրապիոնյանը, Մերձավոր և Միջին արևելքի հայ համայնքների վարչության պետ Լևոն Անտոնյանը և նախարարության մի քանի աշխատակիցներ այցելեցին Երևանի Հայ կաթողիկե եկեղեցի, որտեղ Սիրիայի ճգնաժամից մինչ օրս ապաստան է գտել շուրջ 600 սիրիահայ: Այս պահին եկեղեցու հյուրատանը ապրում է 47 սիրիահայ:

Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի և Արևելյան Եվրոպայի Հայ կաթողիկե եկեղեցու թեմի առաջնորդ, բարձրաշնորհ Հայր Ռաֆայել արքեպիսկոպոս Մինասյանի օրհնությամբ և նախաձեռնությամբ Եկեղեցին համագործակցությամբ «Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպության հետ՝ հոգում է սիրիահայ մեր հայրենակիցների ոչ միայն ժամանակավոր կացության հարցը, այլև լուծում է նրանց սոցիալական բազմաթիվ խնդիրները:

Այցի ընթացքում պարոն Սերժ Սրապիոնյանը, փոխանցելով ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի ողջույնի խոսքերը, կարևորեց Հայ կաթողիկե եկեղեցու դերակատարությունը հայկական մշակույթի պահպանման և տարածման գործում, ինչպես նաև՝ սիրիահայության խնդիրների լուծմանն ուղղված և դրանով հայրենի պետությանը սատար կանգնելու ջանքերը:

Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի և Արևելյան Եվրոպայի Հայ կաթողիկե եկեղեցու թեմի ընդհանուր տեղապահ Հայր Մեսրոպ վարդապետ Սուլահյանը գոհունակություն հայտնեց անձամբ տիկին Հրանուշ Հակոբյանին` ամենօրյա հոգատարության և ուշադրության, ինչպես նաև՝ սիրիահայության խնդիրների լուծմանն ուղղված գործընթացներին հետևելու համար:

Նա ընդգծեց, որ ՀՀ սփյուռքի նախարարության գործունեության մեջ առանձնակի սեր և հոգի կա այն բեկորների հանդեպ, որոնք սփռված են աշխարհով մեկ: Կաթողիկե եկեղեցու սերը մեր հայրենակիցների հանդեպ առավել մեծանում է Սփյուռքի նախարարության աջակցությամբ:

Հայր Սուրբը մասնավորապես ընդգծեց, որ եղել է աշխարհի տարբեր մայրցամաքներում և գրեթե բոլոր համայնքներում մեծագույն սիրով և հավատով են խոսում Սփյուռքի նախարարության և անձամբ նախարար Հրանուշ Հակոբյանի մասին՝ հավելելով, որ իրենք հավատում են, թե ապագայում առավել կսերտանա և կընդլայնվի ՀՀ սփյուռքի նախարարության և Հայ կաթողիկե եկեղեցու համագործակցությունը:

Պարոն Սերժ Սրապիոնյանը Եկեղեցու նորաստեղծ գրադարանին նվիրեց ՀՀ սփյուռքի նախաձեռնության նախաձեռնությամբ և աջակցությամբ հրատարակված գրքեր:

Այնուհետև Սփյուռքի նախարարության աշխատակիցները լսեցին Եկեղեցու հյուրատանը ապաստանած սիրիահայերին և խոստացան նրանց խնդիրներին ու առաջարկություններին անդրադառնալ սիրիահայերին ուղղված նախարարության հետագա աշխատանքներում:

2

Scroll Up