Հայոց բանակի կազմավորման 25-ամյակին նվիրված միջոցառում Բաթումիում

Հունվարի 29-ին Բաթումիում կայացան Հայոց բանակի կազմավորման 25-ամյակին նվիրված միջոցառումներ, որի շրջանակներում Սուրբ Փրկիչ եկեղեցու բակում տեղակայված խաչքարի մոտ, կիրակնօրյա պատարագից հետո, ՀԱԵ Վիրահայոց թեմի Աջարիայի, Գուրիայի և Իմերեթիայի հոգևոր հովիվ Տեր Արարատ քահանա Գումբալյանի մատուցմամբ կատարվեց հոգեհանգստյան կարգ՝ նվիրված Հայոց բանակի կազմավորման, Արցախյան ազատագրական պայքարի տարիներին և հայոց սահմանների պաշտպանության ժամանակ զոհված հայորդիների հիշատակին, որին հաջորդեց ծաղկեդրման արարողություն խաչքարի մոտ՝ ՀՀ գլխավոր հյուպատոսության, հայկական համայնքային կառույցների և անհատների կողմից:

Արարողությանը Հայոց 25-ամյա բանակի սպաների և զինվորների քաջագործությունների մասին ելույթներով հանդես եկան Բաթումիում ՀՀ գլխավոր հյուպատոս Եղիշե Սարգսյանը, Տեր Արարատ քահանա Գումբալյանը և ՀՕՄ Բաթումիի խմբի համակարգող Էթերի Հակոբյանը:

Այնուհետև, Հայ եկեղեցուն առընթեր Ալեքսանդր Մանթաշյանի անվան կրթամշակութային կենտրոնի սրահում կայացավ ընդունելություն, որի ընթացքում տեղի ունեցան Հայոց բանակի մասին պատմող վավերագրական նոր ֆիլմի ցուցադրություն և համերգ, որտեղ հայրենասիրական երգերի կատարմամբ հանդես եկան համայնքային երգչախումբը, կրթամշակութային կենտրոնի նախակրթարանի և կիրակնօրյա դպրոցի սաները:

Scroll Up