Երեկ ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակից, այսօր՝ նորափեսա

%d5%a6%d5%ab%d5%b6%d5%be%d5%b8%d6%80

Նվիրվում է Հայոց բանակի կազմավորման 25-ամյակին

Ապրիլյան քառօրյա պատերազմը եկավ մեկ անգամ ևս ապացուցելու հայ ժողովրդի համախմբված լինելը: Այդ օրերին մարդկային և այլ կորուստներ տեսած Արցախին օգնելու նպատակով Հայաստանում և Սփյուռքում բազմաթիվ նախաձեռնություններ իրականացվեցին, իսկ որոշները հիշարժան ու ապրեցնող պատմություններ  դարձան:

«Հայերն այսօր»-ն այդ օրերին ներկայացրել էր ոչ սովորական մի պատմություն, որի «հերոսը» վրացահայ Նանումյան ընտանիքն էր:

Ապրիլյան քառօրյա պատերազմից հետո Վիրահայոց թեմի «Հայարտուն» կրթամշակութային տանը Արցախին աջակցելու համար վիրահայ նկարիչների աշխատանքների ցուցադրություն-վաճառք էր կազմակերպել: Կարեն Նանումյանը մի քանի նկար գնելուց հետո ելույթ ունենալու համար ձայն է խնդրել և շնորհակալություն հայտնել ադրբեջանական ագրեսիայից տուժած արցախցիներին օգնելու գործում հնարավորություն ընձեռելու համար: Ապա կնոջից ներողություն խնդրելով՝ մատից հանել է ամուսնական ոսկյա մատանին և հայտարարել, որ այն Արցախ է ուղարկում: Ազգությամբ ռուս կինը նույնպես միացել է ամուսնու որոշմանը և առանց մեկ րոպե վարանելու՝ մատնեմատից հանել է իր մատանին՝ հայտարարելով, որ այն ծառայեցնում է նույն նպատակին:

Մատանիները «ուղևորվել» են Ղարաբաղ և հանձնվել Արցախի բանակի հոգևոր սպասավոր Սամվել սարկավագ Մկրտչյանին այն պայմանով, որ դրանք պսակադրության ընթացքում հանձնի դիրքերից վերադարձած առաջինը ամուսնացող զինվորին:

Մատանիները երկար չսպասեցին իրենց «նոր տերերին». խորհրդանշական պատմության հաջորդ հերոսները դարձան Հարութ և Սոնյա Մնացականյանները:

Հարութ Մնացականյանը հասարակական գործունեությամբ է զբաղվում, Արցախի ազատամարտիկների միության երիտասարդական թևի «Հայրենյաց պաշտպան» երիտասարդական հասարակական կազմակերպության նախագահն է, նաև եղել է Արցախի պետական համալսարանի ուսանողական խորհրդի նախագահը:

Իսկ Սոնյան Արցախի պետական համալսարանի «Կենսաբանություն»  ֆակուլտետի մագիստրատուրայում է սովորում, նաև մենեջեր է:

Հարութի և Սոնյայի սիրո պատմությունը համալսարանական տարիներին է սկիզբ առել, երբ Հարութը 2012 թվականին բանակում ծառայությունն ավարտելուց հետո կիսատ թողած ուսումը շարունակել է Արցախի պետական համալսարանում:

Նրանք ուսանողական ակտիվ կյանքով են ապրել, միասին երիտասարդական տարբեր ծրագրեր իրականացրել, որից հետո էլ  Հարութը հասկացել է՝ անտարբեր չէ աղջկա նկատմամբ:

Հարութը ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ ապրիլի 2-ին Արցախի ազատամարտիկների միությանը կից գումարտակի կազմում առաջամարտիկներից մեկն է եղել, ով կամավորության սկզբունքով առաջնագիծ է մեկնել:

Երիտասարդ զույգը որոշել էր 2016 թվականի ապրիլին ամուսնանալ, բայց արդեն հայտնի դեպքերի պատճառով պսակադրության և ամուսնության   արարողությունը կայացել է ամռանը:

Խոստմանը համաձայն՝ Հարութը զինվորական համազգեստով է եկեղեցի գնացել և այդ զգեստով էլ Սուրբ խորանի առջև կնոջը տեր լինելու խոստում տվել:

«Հայերն այսօր»-ի հետ զրույցում Հարութն ասաց, որ մատանիների պատմության մասին իմացել է իր կնքահորից՝ Սամվել սարկավագից: Պատմությունը նրան անչափ հուզել է ու տպավորել: Ուրախությունն ու հպարտությունը կրկնապատվել է, երբ իմացել է, որ այն կրելու իրավունքն իրեն է փոխանցված:

Նվիրատուների հետ ծանոթանալու հետաքրքրությունն այնքան մեծ է եղել, որ որոշել է անպայման գտնել նրանց: Արցախում և Վրաստանում ապրող երկու հայ ընտանիքներին կամրջել է ՀՀ սփյուռքի նախարարության «Հայերն այսօր» պարբերականը: Հարութն ասաց, որ «Հայերն այսօր»-ի անդրադարձն է օգնել իրեն՝ համացանցի միջոցով գտնել Նանումյան ընտանիքին:

Սակայն միայն առցանց շփումով չեն սահմանափակվել և որոշել են իրական կյանքում հանդիպել միմյանց: Կարեն Նանումյանը կնոջ հետ երկու անգամ Արցախ է գնացել, ինչն էլ առիթ է հանդիսացել, որ ավելի ամրապնդվեն նրանց  հարաբերությունները:Միասին լավ ժամանակ են անցկացրել՝ շրջելով Արցախի տեսարժան, պատմամշակութային վայրերով:

Իսկ այս ամռանը նորապսակ զույգն իրենց ամառային հանգիստը պատրաստվում են անցկացնել Վրաստանում, ինչպես Հարութն է նշում՝ արդեն հարազատ դարձած մարդկանց մոտ:

«Արցախցու անկոտրում ոգով շարունակում ենք առաջ ընթանալ և անհրաժեշտության դեպքում՝ արժանի հակահարված տալ թշնամուն: Քառօրյա պատերազմից հետո հետաձգված բոլոր հարսանքիները կայացան, Արցախում դհոլ-զուռնայի շատ ձայներ լսվեցին: Ինչն էլ փաստում է, որ Արցախի երիտասարդները շարունակում են և՛ պատերազմել, և՛ ընտանիքներ կազմել»,-զրույցն ամփոփեց Հարութ Մնացականյանը:

   Գևորգ Չիչյան

 %d5%a1-8%d5%a1-10a-4

a-3a-2

%d5%a1-11 a-5