ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի ցավակցական նամակը Ա. Բոստանջյանի մահվան կապակցությամբ

anahit

Անահիտ Բոստանջյանի ընտանիքին, հարազատներին,

Վրաստանի հայ համայնքի ներկայացուցիչներին

Ստեղծագործական բուռն շրջանում ընդհատվեց վիրահայ բանաստեղծուհի, թարգմանիչ, խմբագիր, հրապարակախոս, հայագետ և հայասեր, իսկական մտավորական Անահիտ Բոստանջյանի կյանքը: Վրաստանի հայ համայնքը կորցրեց իր լավագույն զավակներից մեկին, Հայաստանը` ազգի ու մայրենիի պաշտպանին, սփյուռքը` տաղանդավոր ստեղծագործողին և հայապահպանության նվիրյալին: Անահիտ Բոստանջյանն իր ապրած կյանքով, թողած գրական ժառանգությամբ, բնակության երկրի օրինակելի քաղաքացի լինելու, մարդկանց, անցյալի և ապագայի, հնի ու նորի, հայի և վրացու, Հայաստանի և Վրաստանի միջև դառձավ կենդանի «Կամուրջ»: Հայ և վրաց գրականության ու մշակույթի մեծագույն կրող Անահիտ Բոստանջյանի հեղինակած գողտրիկ բանաստեղծությունները, անզուգական թարգմանությունները, «Կամուրջ» գրական ժողովածուն հայ-վրացական գրական կապերի  և եղբայր ժողովուրդների բարեկամության  մնայուն խորհրդանիշներն են:

Տաղանդաշատ և եռանդուն հայուհին, ՀՀ սփյուռքի նախարարության մշտական գործընկերն ու աջակիցը, կյանքից հեռացավ հանկարծակի` թողնելով գրական հարուստ ժառանգություն, բարի հիշատակ և լուսավոր ժպիտ նրան ճանաչող բոլոր մարդկանց սրտերում:

Մեր անկեղծ ցավակցությունն ենք հայտնում Վրաստանի գրական հասարակությանը, հայ համայնքին, կիսում նրա զավակների, հարազատների անամոք վիշտը, մաղթում ենք համբերություն` այդ մեծ կորստին դիմակայելու համար: 

ՀՀ սփյուռքի նախարար

ՀՐԱՆՈՒՇ ՀԱԿՈԲՅԱՆ