ՀԲԸՄ-ի Արգենտինայի մասնաճյուղը՝ «Դու ինչ ես անում Ղարաբաղի համար» համահայկական շարժման մասնակից

Արգենտինաբնակ երաժիշտ Գագիկ Գասպարյանը և ՀԲԸՄ-ի Արգենտինայի մասնաճյուղը միացել են ՀՀ սփյուռքի նախարարության կողմից իրականացվող «Դու ինչ ես անում Ղարաբաղի համար» համահայկական շարժմանը:

Երաժշտի և միության աշխատակազմի համատեղ ջանքերը 2017 թվականի ընթացքում կենտրոնանալու են մեկ գաղափարի շուրջ՝ զորավիգ լինել Արցախին, որի մանրամասները Գագիկ Գասպարյանը ներկայացրեց «Հայերն այսօրի» հետ զրույցում:

Ինչպես պարզ դարձավ, ՀԲԸՄ-ի Արգենտինայի մասնաճյուղի պատվավոր անդամ Գագիկ Գասպարյանն ու ՀԲԸՄ կենտրոնական վարչության պատվավոր անդամ Անտոնիո Սարաֆյանն արդեն որոշել էին Արցախին աջակցելու նպատակով մշակութային, քաղաքական բնույթի միջոցառումներ կազմակերպել: Երբ իմացել են, որ իրենց գաղափարները համընկնում են ՀՀ սփյուռքի նախարարության կողմից իրականացվող շարժմանը, ոգևորությունն ու ուրախությունը կրկնապատկվել է և առանց տատանվելու` որոշել են միանալ համահայկական նախաձեռնությանը:

 Կազմակերպչական աշխատանքներն իրականացնելու է Անտոնիո Սարաֆյանը:

«Միջոցառումների մեկնարկը տրվելու է մայիս ամսին, որոնք տեղի են ունենալու Բուենոս Այրեսում, Կորդոբայում և Արգենտինայի այլ քաղաքներում, հնարավոր է նաև Բրազիլիայում: Նախատեսում ենք նաև Արգենտինայում ապրող օտարազգի լրագրողների հետ հանդիպում կազմակերպել՝ ակնկալելով, որ նրանց լուսաբանումների միջոցով կկարողանանք Արցախի հիմնախնդիրներին օժանդակելու հարցն ի լուր աշխարհի հանրահռչակել»,-ասաց Գագիկ Գասպարյանը՝ հավելելով, որ միջոցառումներից գոյացած հասույթն օգտագործելու են Արցախին տարբեր ուղղություններով օգնելուն:

Երաժշտի վստահեցմամբ՝ բոլոր նախաձեռնություներն անցկացվելու են «Դու ինչ ես անում Ղարաբաղի համար» խորագրի ներքո, իսկ դահլիճում տեղադրվելու է շարժման ցուցապաստառը:

Որոշել են նաև ամռանը Հարավային Ամերիկայում կազմակերպվող միջոցառումներն ամփոփել Հայաստանում և Արցախում, որի նպատակն է հայ ժողովրդին ասելու՝ դժվարին օրերին նրանց կողքին են: Ի դեպ, Գագիկ Գասպարյանի երազանքն է Արցախյան հերոսամարտում և ապրիլյան քառօրյա պատերազմում զոհված հայորդիների հիշատակին Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցում համերգ ունենալ: ՀԲԸՄ-ի Արգենտինայի մասնաճյուղը ամռանը կայանալիք համերգները ՀՀ սփյուռքի նախարարության հետ համագործակցությամբ իրականացնելը կարևոր հանգամանք է համարում:

«Կարծում եմ՝ ցանկացած հայ, որտեղ էլ ապրելիս լինի, պետք է մտահոգվի իր Հայրենիքին օգտակար լինելու հարցով:Դա խորհրդանշում է մեր հավաքական ուժը, որը պետք է օգտագործենք՝ ի շահ Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության հզորացման:Հայրենիքին օգտակար լինելը վեր է անձնական երջանկությունից, հենց դա է անձնական երջանկությունը»,-զրույցի վերջում ասաց արգենտինաբնակ երաժիշտը:

Գևորգ Չիչյան

Scroll Up