ԵՊՀ ուսանողներն ամանորյա նվերներ կմատուցեն Արցախի ու Տավուշի սահմանամերձ գյուղերի 2000 մանուկների

ԵՊՀ ուսանողական կառույցների բարեգործական հերթական ծրագիրը կիրականացվի Ամանորի շեմին: Սահմանամերձ գյուղերի ավելի քան 2.000 մանուկներ կստանան ամանորյա նվերներ: Այս մասին «Հայերն այսօր»-ը տեղեկանում է ԵՊՀ-ի ֆեյսբուքյան էջից:

Ավանդաբար ԵՊՀ ուսանողական կազմակերպություններն իրենց անդամների և ակտիվ մասնակիցների համար կազմակերպում են ամանորյա տոնական երեկույթներ, սակայն այս տարի ԵՊՀ ուսանողական կառույցների ներկայացուցիչների հետ քննարկման արդյունքում որոշվել է ձեռնպահ մնալ ամանորյա տոնակատարությունների կազմակերպումից և համապատասխան միջոցները հատկացնել Քարվաճառի, Շահումյանի շրջանի գյուղերի, Թալիշի, Մարտակերտի, Մատաղիսի, Տոնաշենի, ինչպես նաև Տավուշի սահմանամերձ մի շարք գյուղերի մանուկներին:


Սահմանամերձ գյուղերի ավելի քան 2.000 մանուկների համար Մայր բուհի ուսանողները պատրաստել են ամանորյա նվեր-պարկեր, ինչպես նաև կազմակերպել մշակութային միջոցառումներ: Բարեգործական եռօրյա ծրագիրը կմեկնարկի դեկտեմբերի 24-ին:


Արցախյան այցի առաջին օրը՝ դեկտեմբերի 24-ին, ուսանողները կհանդիպեն Քարվաճառի և Թալիշի երեխաների հետ, հաջորդ օրը կայցելեն Մարտակերտ և Մատաղիս, իսկ երրորդ օրը՝ դեկտեմբերի 26-ին, Շահումյանի շրջանի մի շարք գյուղեր: Արցախյան այցից հետո համալսարանականները դեկտեմբերի 29-ին նմանօրինակ ծրագրով կայցելեն Տավուշի մարզի մի շարք սահմանամերձ գյուղեր:


Աշխատանքներն արդյունավետ կազմակերպելու նպատակով ձևավորվել է շուրջ 50 հոգանոց ուսանողական հանձնախումբ: Նրանց մի մասը կկազմակերպի և կվարի մշակութային միջոցառումները, իսկ մյուսները՝ ներգրավված կլինեն կազմակերպչական աշխատանքների իրականացման գործընթացում:

12 34 56 7 9

Scroll Up