Հրաշամանուկ Ալեքսանդր Բեյլերյանին

%d5%b0%d5%a1%d5%b5%d5%af

Բա´րև, հրա´շք փոքրիկ,

Սիրով ու ջերմությամբ եմ շնորհավորում քեզ «Բոլորից լավը» հաղորդմանը քո ունեցած փայլուն մասնակցության  և հաղթանակի առիթով:

Լինելով ընդամենը 6 տարեկան՝ դու կարողացար հիացնել, զարմացնել, ցնցել ողջ դահլիճը, ոգևորել հանդիսատեսին ու հեռուստադիտողին՝ հպարտությամբ լցնելով բոլորիս հոգիները: Չէ որ ելույթ ունեցողը մեր հայ մանուկն է, ,, յան,, ազգանունի վերջածանցով: Կեցցե°ս, տղա°ս:

Դու հաղթանակի բերկրանք պարգևեցիր ողջ հայ ժողովրդին: Վստա´հ եղիր, որ չկա գեթ մեկ ընտանիք, որն ուրախություն ապրած չլինի՝ լսելով քեզ ռուսաստանյան ամենահեղինակավոր հեռուստաալիքով: Քո ելույթը ստիպեց ևս մեկ անգամ համոզվել, որ հայ գենը անհաղթ է: Կյանքը սպասում է քեզ և պատրաստ է իր գաղտնի դռները բանալու քո առաջ: Դու տաղանդավոր ես, շատ խելացի, և կասկած չունեմ, որ դառնալու ես արժանավոր հայորդի ու մրցունակ մասնագետ, ինչ մասնագիտություն էլ որ ընտրես: Դու տիրապետում ես խոսքին, լեզուների, զգում յուրաքանչյուր բառի իմաստն ու արտահայտչաձևը, որոնք քո գլխավոր առավելություն են, իսկ հիշողությանդ մասին հնարավոր չէ խոսել, այն ֆենոմենալ է:

Պիտի անկեղծորեն նշեմ, որ հիացմունքս ու համակրանքս քո հանդեպ բազմապատկվեց, երբ լսեցի քո շուրթերից հնչող անուշ հայերենը և դու ապտակեցիր չարախոսներին, ցավոք մեր կյանքը գաղջ դարձնողներին: Ապրե´ս, տղա´ս: Ուզում եմ հավատալ, որ քո ողջ կյանքում, շնորհիվ այն դաստիարակության, որ արդեն իսկ քեզ տվել են քո ծնողները, կպահպանես լեզուդ և հայի տեսակին ու գենին հավատարիմ մարդ կդառնաս: Ուզում եմ առանձնակի շնորհավորել քո ծնողներին ոչ միայն նման զավակ ունենալու, այլ քեզանով զբաղվելու, քո տաղանդը բացելու համար:

Օգտվելով առիթից, որ  առաջիկայում ամանորյա հեքիաթային տոներն են, քեզ ու քո ընտանիքին շնորհավորելով՝ մաղթում եմ, որ 2017 թվականին նոր բարձունքներ հատես, աշխարհը պետք է թնդա քո ոտքերի տակ: Դու ունես բաց հրավեր մեր նախարարություն, երբ որ լինես Երևանում սիրով սպասում ենք քեզ՝ համբուրելու այն պայծառ ու հրաշք ճակատը…

Սիրով՝

Հրանուշ Հակոբյան