Ամբողջացավ Ամերիկայի և Կանադայի Թեքեյան մշակութային միության՝ ապրիլյան քառօրյա պատերազմում հերոսաբար զոհված զինվորների ընտանիքներին նյութական օգնության բաժանումը

17

Սյունիքի մարզ այցելությունը դեկտեմբերի 10-ին էր՝ ուղեկցությամբ ՌԱԿ փոխատենապետ Կարեն Կակոյանի եւ «Արևելք» կայքի խմբագիր Սագօ Արյանի: Ցրտաշունչ, ձյունառատ օրը չխանգարեց հասնել տարածաշրջան եւ հանդիպել ապրիլյան քառօրյա պատերազմում հերոսաբար զոհված մեր զինվորների ընտանիքների անդամներին: Քանի որ ընտանիքները ապրում էին Սյունիքի մարզի Գորիս և Սիսիան քաղաքների տարբեր գյուղերում, որոշեցինք հադիպման վայր ընտրել Սիսիան քաղաքի Սիսակյան փողուցում գտնվող ՌԱԿ-ի գրասենյակը:

Հետաքրքիր զուգադիպությամբ այդ օրը Գորիսի Որոտան գյուղում ծնված (10.12.1996թ.) Մկրտչյան Նարեկի ծննդյան 20 ամյակն էր: Հայրը՝ Վարդանը, ներողություն խնդրեց ՝ անձամբ ներկա չլինելու համար և հպարտ տխրությամբ բացատրեց, որ տանը մեծաթիվ հյուրեր կան՝Գորիս քաղաքի զինկոմիսարիատից, ընկերներ, համագյուղացիներ, ովքեր եկել էին՝ հարազատների հետ միասին այցելության գնալու Նարեկի շիրիմին: Նարեկ Մկրտչյանը զոհվել է ապրիլի 4-ին հակառակորդի կողմից գրավված մարտական դիրքը հետ գրավելու մարտական գործողության ընթացքում : Անտեսելով չդադարող հրետակոծությունը՝ Նարեկը նետվել է մարտի,  կրակով խափանել մարտական դիրքում թշնամու ամրացումը՝ ցուցաբերելով անձնվիրություն ու արիություն և հետմահու պարգևատրվել է ԼՂՀ եւ ՀՀ Մարտական խաչ մեդալով:

Այդօրինակ հերոսական մահով զոհվածների շարքում են Դանղյան Սերգեյը՝ ծնված 06.05.1957թ., քաղաք Սիսիան, Բեգլարյան Արմենը՝ ծնված 10.04.1972թ., գյուղ՝ Ախլաթյան, Սարգսյան Դավիթը ՝ ծնված 13.07.1956 թ.գյուղ Շաղատ, Ասրյան Սեդրակը՝ ծնված 28.06.1972թ. գյուղ Դարբաս, Նիկալյան Եղիշեն՝ ծնված 20.09.1961թ. գյուղ Լծեն , Միրզոյան Մայիսը՝ ծնված 01.05.1956 թ.Դարբաս գյուղի համայնքի ղեկավարը, Ալեքսանյան Էդուարդը՝ ծնված 16.04.1955 թ. քաղաք Սիսիան, Հովհաննիսյան Արմենը՝ ծնված 13.05.1978 թ. , Ծղուկ գյուղում, Համբարձումյան Կարոն՝ ծնված 20.04.1960 թ., գյուղ Վաղատնի:

Մեր այցելության օրը գյուղի դպրոցում մեծ արարողություն էր:            Ի նշան դպրոցի հերոս շրջանավարտի՝ դպրոցի ռազմագիտության դասարանը անվանակոչվեց Արմեն Հովհաննիսյանի անունով:

1988 թվականից՝ շարժման օրվանից զոհված հերոսները ստեղծել էին Բեր-Ձորի պաշտպանական ջոկատ՝ հրամանատարությամբ Մայիս Միրզոյանի: Ի դեպ, նա այն քչերից էր , ով շարքային զինվորից բարձրացել, հասել էր փոխգնդապետի զինվորական աստիճանի:

Արցախյան գոյամարտի թեժ տարիներին նրանցից շատերը, ծանր վիրավորվելով, բուժվել, վերադարձել էին շարքեր: Զինակից ընկերներն իրենց խմբով մասնակցել են Արցախի ազատագրման բոլոր մարտերին: Ավելի ուշ ՝1995-96 թթ., ստեղծել են Սիսիանի երկրապահ կամավորական միությունը: Մշտապես մեկ ոտքը տանը, մյուսը՝ Արցախի սահմանի երկայնքով տարբեր դիրքերում: Ունեին ընտանիք, երեխաներ, անգամ թոռներ որոնք մշտապես խնամք էին տանում իրենց ՀԵՐՈՍ ամուսիններին, հայրերին՝ հաղթահարելու պատերազմի հետեւանքները :

Ապրիլյան քառօրյա պատերազմի առաջին իսկ օրվանից նրանք ցանկանում էին մղվել պատերազմական թեժ կետեր՝ որպես վետերաններ, ավագներ նրանք ասելու շատ բան ունեին երիտասարդ 19-20 տարեկան սահման պահող զինվորին: Ապրիլի 3-ի առավոտ կանուխ «Ուրալ» մակնիշի բեռնատար մեքենայով մեկնում են Պաշտանության Նախարարության հրամանատարության կողմից նախանշված դիրքերը: Նրանց մեքենան հասել էր նպատակակետին, տղաները արագ իջնում ու շարժվում են դիրքեր, սակայն թշնամու անօդաչու սարքի կողմից անսպասելիորեն ռմբակոծվում են: Բոլոր տղաների բազմաթիվ այլ պարգեւներին գումարվում է ՀՀ Մարտական խաչ 2-րդ աստիճանի շքանշանը:

Տղաների իրական կամքը դրսևորվեց գիտակցված ցանկությամբ՝ լինել դիրքերում, պայքարել թշնամու դեմ և հաղթել, ինչպես տարիներ առաջ:

Մեր ՀԵՐՈՍՆԵՐՆ այսօր երկնքում են, քանի որ իրենց ապրած կյանքում ձեռք բերեցին անմահություն: Տղաների հարազատներն արդեն հոգեպես խաղաղ են, իրենց վիշտն անթեղված տեսնում են, որ իրենց զավակների կյանքը իմաստավորված է եղել եւ խոնարհումի արժանի , քանի որ ոչ բոլորին է տրվում այդպիսի ճակատագիր՝ բռնել անմահության ու հավերժության ճամփան:

Մեր զորակցությունն ենք հայտնում զինծառայողների ընտանիքների անդամներին, հարազատներին, ծառայակիցներին:

Հետգրություն. Խորին շնորհակալություն Ամերիկայի և Կանադայի Թեքեյան Մշակութային Միության այս նախաձեռնության և հետևողականության համար, 32 ընտանիքներին ցուցաբերած նյութական օգնության և կարեկցության համար: Շնորհակալություն ՀՀ պաշտպանության նախարարության լրատվական կենտրոնին, մասնավորապես՝ Հասմիկ Հարությունյանին՝ անհրաժեշտ տեղեկանքները տրամադրելու համար:

Գայանե Մուրադյան

Ամերիկայի և Կանադայի Թեքեյան մշակութային միության ներկայացուցիչ

Աղբյուրը՝ «Հայերն այսօր»

2016թ. դեկտեմբերի 10, Երեւան- Սյունիքի