Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն այցելեց Համազգայինի «Լևոն Շանթ» մշակութային կենտրոն

Աշխատանքային այցով Լիբանանում գտնվող Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը դեկտեմբերի 13-ին այցելեց Համազգայինի «Լևոն Շանթ» կենտրոն և ներկա գտնվեց ի պատիվ իրեն կազմակերպված ձեռնարկին: Միջոցառմանը ներկա էին նաև Լիբանանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սամվել Մկրտչյանը, Համազգայինի շրջանային վարչության անդամներ, Համազգայինի գեղարվեստի դպրոցների տնօրեններ և հյուրեր:

Ողջույնի խոսքով հանդես եկավ Հակոբ Հանտյանը՝ նշելով. «Հայրենիքից հեռու հայ ժողովրդի զավակներն իրենց հոգիներում ստեղծել են ոգեղեն Հայրենիքը, որը ոչ մի ուժ չի կարող քանդել: Այդ հայրենիքը ամրացված է յուրաքանչյուր հայի մեջ՝ եկեղեցով, դպրոցներով, միություններով, կուսակցություններով, մայրենիով և մշակույթով»:

Խոսելով Համազգայինի «Լևոն Շանթ» կենտրոնի մասին՝ Հակոբ Հանտյանն ասաց, որ այն արդյունքն է հայկական «խենթության», որ կամքով և հարատևությամբ շաղախված կառուցված է Լիբանանի քաղաքացիական պատերազմի օրերին և 30 տարիների ընթացքում տվել է հայ մշակույթի իսկական ներկայացուցիչներ: Նա հաստատեց, որ Համազգային հայ կրթական և մշակութային միությունը դարձել է կրթության և մշակույթի սփյուռքյան նախարարության համազոր կազմակերպություն, որ տեր է կանգնել բոլոր սերունդներին` դաստիարակելով նրանց հայկական շնչով և զինելով հայ մշակույթի տարբեր ոլորտների արվեստով:

«Այսօր ուրախությունն ու պատիվը ունենք հյուրընկալելու Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանին: Սփյուռքը կարիք ունի զորավոր Հայաստանի, և Հայաստանը կարիք ունի զորավոր սփյուռքի, և որպեսզի այս երկուսն արդյունավետ ճամփա ունենան, անհրաժեշտ են կամուրջներ: Մենք հայրենիքն ու սփյուռքը կամրջող առաջիններից ենք վաղուց: Մենք միասին զորավոր ենք: Գործակցելով առավել ևս կզորանանք և աշխարհով մեկ կպարզենք զորավոր հայի պատկերը»,-այսպես  եզրափակեց իր խոսքը Հակոբ Հանտյանը:

Գեղարվեստական հայտագրով հանդես եկան Համազգայինի գեղարվեստի դպրոցների աշակերտները: Ելույթ ունեցավ Կարո Գրիգորյանը, ով դաշնամուրի վրա մեկնաբանեց Բեթհովենի Լուսնի սոնատից մի հատված: Հանդես եկավ կիթառահարների «Տավիղ» խումբը` ղեկավարությամբ Մկո Միքայելյանի: Ելույթ ունեցավ նաև դհոլահարների խումբը` ղեկավարությամբ Գևորգ Քեոշկերյանի: Ապա «Արեգ» թատերախումբը ներկայացրեց «Կիկոսի մահը»: «Գայանե» պարախմբի մի խումբ աղջիկներ ներկայացրին «Վարդագույն աղջիկների պարը»: Գեղարվեստական հայտագրի վերջին բաժնում հանդես եկավ Շողիկ Թորոսյանը` մեկնաբանելով «Հայաստան» երգը, դաշնամուրի ընկերակցությամբ` Հասմիկ Գասպարյանի:

Համազգայինի Լիբանանի շրջանային վարչության ատենապետ Պետիկ Ծառուկյանը հուշանվերով պատվեց Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանին, որից հետո ելույթ ունեցավ նախարարը: Իր խոսքի սկզբում Հրանուշ Հակոբյանը նշեց այն չորս գլխավոր սյուները, որոնց վրա Սփյուռքում հայ ժողովուրդը կառուցել է  հայապահպանությունը` հայ լեզվի և հայ կրթության, հայ ընտանիքի, հայ մշակույթի և հայ գաղութի, որոնք դարձել են տարբեր երկրներում ինքնության և գոյության կռվան: Իսկ ինքնության պահպանման գլխավոր կենտրոնը հայ դպրոցն է, որն իր շուրջ է համախմբում համայնքն ու պայքարում լեզուն պահելու համար:

Սփյուռքի նախարարը շնորհակալություն հայտնեց Հայ հեղափոխական դաշնակցությանը, որ դարձել է ազգային արժեք և իր ուղեկից ու քույր կառույցների միջոցով հաջողել է ցանցային լուրջ աշխատանք տանել  ու նպաստել, որ հայկական գաղութները հայ մնան, հայ ապրեն, շնչեն և կապվեն Հայրենիքի հետ:

Նախարար Հրանուշ Հակոբյանը կարևորեց նաև լեզվի պահպանման խնդիրը՝ ասելով. «Մեր լեզուն ազգային արժեք է, որին պետք է տեր կանգնենք: Հայոց լեզվի անաղարտությունը, մաքրությունը, զարգացումը և սերունդներին փոխանցումը մեզնից է կախված: Փառք ու պատիվ Համազգայինին, բոլոր ուսուցիչներին, տնօրեններին, որոնք ամեն ճիգ գործադրում են, որ անհայրենիք հայի հայրենիքը համարվող հայոց լեզուն պահպանվի Միջին Արևելքում: Համազգայինը հայ մշակույթով փորձում է սերունդներին հայ պահել, որովհետև հայ մշակույթը ազգի անձնագիրն է»:

Եզրափակելով իր խոսքը՝ Սփյուռքի նախարարը մաղթեց. «Հայաստան, Արցախ և Սփյուռք միացյալ ուժերով, միասնաբար հզորացնենք Հայաստանի տնտեսությունը, ապահովենք Արցախի անվտանգությունը, միասին պայքարենք Հայոց ցեղասպանության ճանաչման, դատապարտպան և հետևանքների վերացման համար: Միասին համախմբվենք հայ եկեղեցու շուրջ, որ հավատքով պահենք և պահպանենք հայությունը: Հավատանք, որ ու՛ր էլ ապրենք, պետք է հպարտ լինենք Հայաստանով և հայությամբ»:

1 2 3 4

Scroll Up